Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Լոռու մարզպետի գյուղատնտեսական հրճվանքը՝ Դեբետ գետի աղտոտման ֆոնին

analitik.am

Քիչ առաջ օգտատեր Կամո Ղարագյոզյանն իր ֆեսյբուքյան էջում տեսանյութ է հրապարկել, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես է դարչնագույն հեղուկն Ախթալա վտակով հոսում  դեպի Դեբետ գետ՝ Ախթալայից ոչ հեռու:


Հիշեցնենք, որ Ախթալայի շրջանում գործում է «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն, որը շահագործում է Շամլուղի պղնձի հանքավայրը: Հանքաքարի վերամշակման արդյունքում առաջացած արդյունաբերական թափոնները լցվում են Մեծ Այրում և Ճոճկան գյուղերի միջակայքում գտնվող Նահատակի պոչամբարը, որի պատվարն, ի դեպ, վերջերս բարձրացվել է՝ վտանգելով միջհամայնքային ճանապարհը և գտնվում է համայնքների խմելու ջրի աղբյուրից վերև: Ժամանակ առ ժամանակ «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» պոչերի խողովակը վթարվում է՝ պատճառ դառնալով շրջակա միջավայրի աղտոտման. պոչերը կամ լցվում են Ախթալա քաղաքի փողոցները, կամ հոսում դեպի Դեբետ:

Հայկական բնապահպանական ճակատն արձագանքել է. «Ախթալայի հատվածում դեղնադարչնագույն աղտոտված ջրերը լցվում են Դեբեդ գետը, 13․06․2019։ Արդեն որերորդ ահազանգն է այս և մյուս հանքարդյունաբերական տարածքներից, սակայն դեռևս զրո արդյունք։ Հանք շահագործող ընկերությունները, ցավոք, մնում են օրենքից դուրս նաև հետհեղափոխական Հայաստանում։

Նշենք, որ Դեբեդ գետի այս հատվածից ներքև պոմպերով ջուր է մղվում գյուղատնտեսական հողերը ոռոգելու նպատակով, և այդ ջրերով աճեցված մթերքը կարող է հայտնվել ցանկացած մեկի սեղանին»։

Իսկ նախօրեին Լոռու մարզետ Անդրեյ Ղուկասյանն իր ֆեսյբուքյան էջում անդրադարձ էր կատարել Լոռու մշակովի հողատարածքների ընդլայնմանը, մասնավորեպես, գրել է. «Լոռիում մշակվող գյուղատնտեսական հողատարածքների ծավալը գնալով ավելանում է. 2019թ.-ի գարնանացանը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.200 հեկտարով: Այս տարի մշակվել է 11.200 հեկտար հողատարածք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 10.000-ի փոխարեն: Գյուղոլորտի հետ առնչվող հաջորդ նորությունն այն է, որ Լոռի ՋՕԸ-ի և ջրօգտագործողների միջև կնքվող պայմանագրերի թիվն ավելացել է 260-ով: Ուրախալի է, որ ջրօգտագործողների թիվն ավելացել է: Սա նաև ստվերային ջրօգտագործողների թվի նվազման ցուցիչ է»:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, Հայաստանն այն երկրների շարքում է, ուր վերջին տարիներին քաղցկեղից մահացության ցուցանիշը շատ բարձր է: Փաստ է, որ երևույթն ուղղակիորեն կախվածության մեջ է նաև էկոլոգիական իրավիճակից:  Մասնավորապես, անցած տարի  ներկայացվեց Պրահայի քիմիական-տեխնոլոգիական համալսարանի փորձագետների Դեբետ գետից վերցրած ջրի հետազտության արդյունքները, ըստ որի, Դեբեդ գետի նմուշները պարունակում են թունավոր մետաղների ամենաբարձր մակարդակներ, որոնք կարող են ազդել գետի ափին գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող բնակիչների վրա: Նշվում էր, որ պղնձի խտությունները կտրուկ ավելանում են ձեռնարկություններից անիջապես ներքև գտնվող հատվածներում՝ անգամ հարյուրապատիկ գերազանցելով ֆոնային մակարդակները, իսկ Ալավերդիում հայտնաբերված դիօքսինների մակարդակը գերազանցում էր ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական չափանիշները՝ երբեմն 5 անգամ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից