Հասարակություն Բարի օր 

Պոչամբարն անգամ եկեղեցուն է խանգարում

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վանահայր Տեր Հեթում քահանա Թարվերդյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ մտադրություն կա դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-յին, որպեսզի Ախթալայի Սուրբ Աստվածածնի վանքը ներառվի կազմակերպության համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, համապատասխան փաստաթղթերը պատրաստվում են արդեն երկու տարի է, իսկ ՅՈՒՆԵՍՕ-յի պահանջների մեջ կան կետեր, որոնք պետք է պահպանել:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարցեր է դնում`առաջինը բնապահպանական, իսկ այստեղ պոչամբար է եղել և ամբողջովին չի մաքրվել, խնդիրներ կան, դա հարցերից մեկն է: Մեր մտահգությունը պոչամբարն է»,-ասաց նա:

Նշենք, որ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց Ախթալայի բազմամետաղային հանքավայրն է, որը, ըստ Տեր Հեթումի, խնդիր չի առաջացնի, իսկ ահա ձորակում գտնվող հանքավայրի նախկին պոչամբարը, որը ռեկուլտիվացիայի է ենթարկվել՝ այլ հարց է:

«ՅՈՒՆԵՍԿՕ-ն պահանջում է, որ մաքուր լինի տարածքը թունավոր նյութերից, հույս կա՝ եթե մաքրվի պոչամբարը: Ռեկուլտիվացիան արվել է ժամանակին, արդյոք այդ ռեկուլտիավցիան արդյունավետ է արվել, թե ոչ:

Մենք տեսնում ենք, որ հողի վերին շերտը շատ լավ լցված չէ և երևում են նախորդ թափոնների մնացորդները, դա պարզ երևում է, որևէ զրպարտություն այստեղ չկա, դուք կարող եք ինքներդ տեսնել»,-ասաց Տեր Հեթումը:

Ըստ նրա, Ախթալայի օդի մաքրությունը կախված է հենց պոչամբարից, իսկ օդի մաքրությունը ՅՈՒՆԵՍԿՕ-յի պահանջներից մեկն է, հաջորդ հարցը ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակն է.քննարկում են՝ ինչպես են ապրում մարդիկ, եթե վատ են ապրում՝ ինչո՞ւ, ի՞նչ խնդիրներ կան:

Նա նաև նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-յի պահանջների կետերից է՝ արդյոք Ախթալան գրավիչ է, որպեսզի ներառվի կազմակերպության ժառանգության ցանկում. հարցաշարն այսպիսին է, բոլոր կետերը քննարկում են:

Տեր Հեթումը նաև շեշտեց Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարների հարցը, որոնք բացառիկ են և անհրաժեշտություն կա և վերանորոգելու, և մարդկանց հասցնելու դրանց բացառիկության մասին տեղեկությունը, քանի որ Սանահինի, Հաղպատի, Օձունի մասին տեղյակ են, իսկ Ախթալան սկսում են ճանաչել նաև որմնանկարների միջոցով:

Նշենք, որ միջնադարում Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։

Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական կամ ուղղափառ եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա։

Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։ Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։

Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21։ Եկեղեցու որմնանկարների ստորին շերտը վերաբերում է XI դարին։ Գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչությանը։

Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները։ Ողջ հասակով պատկերված են սրբեր. Հռոմի Սեղբեստրոս պապի, Հակոբ Տյառնեղբոր, Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Մեծի, Գրիգոր Ա Լուսավորչի, Աթանաս Ալեքսանդրացու, Հռոմի Կլեմենտ (Կղեմես) պապի, Գրիգոր Սքանչելագործի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Աստվածաբանի, Կիպրիանոս Կարթագենացու պատկերները։ Արևմտյան պատի որմնանկարներում պատկերված է երկնային արքայությունը, իսկ հյուսիսային պատին՝ Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանայապետը ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին։ Կամարները, միջնապատերն ու սյուները նույնպես պատկերազարդված են սրբագրային թեմաներով և սրբերի դիմապատկերներով։ Որմնանկարների մի մասը վերականգնվել է։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից