Իրավական Վերլուծական 

Սահմանադրական դատարանի դատավորի (ՍԴ անդամի) կարգավիճակը և պաշտոնավարման ժամկետները

1.Համաձայն Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության՝ Սահմանադրական դատարանը կազմված է ինը դատավորից…: Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Իսկ ընտրության մանրամասները՝ համաձայն նույն հոդվածի 9-րդ մասի՝ սահմանվում են Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքով:

2.Սահմանադրությամբ սահմանված ընտրության, այսինքն, նաև առաջադրման կարգը սկսել է գործել Հանրապետության ներկայիս նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը, ընդ որում՝ Սահմանադրության անցումային դրույթ հանդիսացած 213-րդ հոդվածի երկրորդ նախաասության համաձայն՝ Հանրապետության ներկայիս նախագահի կողմից պաշտոնն ստանձնելուց հետո սահմանվել է Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրման հատուկ՝ ընդհանուր դրույթներից տարբերվող կարգ, որն էլ կիրառել են դատավորների ընդհանուր ժողովը և Հանրապետության նախագահը՝ առաջադրելով իրենց թեկնածուներին, և որն էլ հիմք է ընդունվել Ազգային ժողովի կողմից, երբ վերջինս ընտրել է այդ թեկնածուներից երկուսին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ այս նախադասությունը, որում օգտագործվում է Դատարանի դատավոր բառը անգամ նոր պարբերություն չէ, այն ուղղակի շարունակություն է: Եթե Սահմանադրական դատարանի անդամները 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո ևս շարունակեին մնալ որպես անդամներ, ապա սահմանադրական դատարանի Դատավորի թափուր հաստիք երբեք չէր առաջանա հետևաբար ՍԴ չէր կարող համալրվել:

3.Սահմանադրության գերակայությունն ապահովելու նպատակով Սահմանադրությունը՝ սկսած 1995 թվականի խմբարգրությամբ Սահմանադրությունից, երաշխավորել է Սահմանադրական դատարանի գործունեության հաջորդայնությունը՝ 2005 և 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունների անցումային դրույթների միջոցով երաշխովորելով սահմանադրական արդարադատություն իրականացնող այս միակ բարձրագույն մարմնի անդամների անփոփոխելիությունը: 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 117-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ Սահմանադրության այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի գործող անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց 70 տարին լրանալը, իսկ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 213-րդ հոդվածի առաջին նախադասության համաձայն՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը, այսինքն՝ Սահմանադրական դատարանի նախագահը, որն այդ կարգավիճակում նշանակվել է նախորդ գումարման Ազգային ժողվի կողմից, որպես Սահմանադրական դատարանի նախագահ պաշտոնավարելու է մինչև իր 65 տարին լրանալը, Սահմանադրական դատարանի այն անդամները, որոնք նշանակված են եղել Ազգային ժողովի կամ Հանրապետության նախագահի կողմից 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության հիման վրա՝ պաշտոնավարելու են մինչև իրենց 65 տարին լրանալը, իսկ 1995 թվականի Սահմանադրության հիման վրա նշանակված անդամները՝մինչև իրենց 70 տարին լրանալը:

4.Սահմանադրության անցումային դրույթները միշտ և անխզելիորեն փոխկապակցված են Սահմանադրության հիմնական տեքստի մյուս վերաբերելի դրույթների հետ, տվյալ դեպքում՝ Սահմանադրական դատարանի դատավորի կարկավիճակի բաղադրիչ հանդիսացող նրա անփոփոխելիության սկզբունքի հետ, որից էլ հետևում է, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահը և դատավորներն անփոփոխելի են, իսկ նրանց պաշտոնավարման հատուկ՝ նախորդ խմբագրությամբ Սահմանադրություններով սահմանված ժամկետներն ամրագրող անցումային դրույթներն արդեն իսկ կատարմամբ սպառվել են:

5.Սահմանադրության անցումային այլ դրույթներում, ի տարբերություն Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարման անընդհատությունն ամրագրող կանոնի, սահմանվել են մասամբ լիովին այլ կարգավորումներ: Այսպես, այն դեպքում, երբ սահմանադրի կամքը եղել է որևէ գործող պաշտոնատար անձի լիազորության դադարեցումը կամ նրա վերընտրության իրավական նախադրյալ ամրագրելը, նա ուղղակիորեն համապատասխան դրույթներ է նախատեսել Սահմանադրության անցումային դրույթներում:

Օրինակ, համաձայն գործող Սահմանադրության 212-րդ հոդվածի՝ նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու օրը Կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը:

Համաձայն Սահմանադրության 214-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների ստանձնման օրը նրա նախորդի՝ Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են:

Սահմանադրության 219-րդ հոդվածին համապատասխան` նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման պահից Սահմանադրության ուժով դադարել են նաև մինչև Սահմանադրության 11-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների լիազորությունները:

Իսկ Սահմանադրության 215-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանների նախագահները և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահները շարունակում են պաշտոնավարել մինչև փոփոխված Սահմանադրությամբ սահմանված նոր կարգով դատարանների նախագահների նշանակվելը և ընտրվելը, ինչը հիմք դարձավ բոլոր դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների փոփոխության կամ վերանշանակման (վերընտրության) համար:

Ի տարբերություն հիշյալ մարմինների պաշտոնատար անձանց պաշտոնավարման ամբողջական կամ մասնակի ընդհատման կամ նրանց փոփոխության սկզբունքի` բացի Սահմանադրական դատարանի նախագահից և անդամներից, սահմնադիրը հաջորդայնությունն ապահովելու սկզբունքն է ընտրել նաև Մարդու իրավունքների պաշտպանի (Սահմանադրության 218-րդ հոդված), ինչպես նաև Սահմանադրության 12-14-րդ գլուխներով նախատեսված մարմինների (Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, Հաշվեքննիչ պալատ և Կենտրոնական բանկ) անդամների պաշտոնավարման համար`սահմանելով, որ նրանք նույնպես շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների`2005 թվականի Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժամկետի ավարտը, ընդ որում, Վերահսկիչ պալատի անդամների համար` հաշվի առնելով այդ մարմնի լիազորությունների փոփոխությամբ պայմանավորված անվանման փոփոխությունը, հատուկ նշվել է, որ նրանք շարունակում են պաշտոնավարել որպես Հաշվեքննիչ պալատի անդամներ:

Վերոգրյալից ցանկացած ողջամիտ անձի համար ակնհայտ է դառնում, որ սահմանադիրը Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների համար ընտրել է հաջորդայնության (պաշտոնավարման շարունակականության) և անփոփոխելիության ապահովման կանոնը, իսկ այլ դատարանների նախագահների համար՝ նրանց փոփոխման իրավական հնարավորության կանոնը, մինչդեռ Արդարադատության խորհրդի և ԿԸՀ անդամների լիազորությունները դադարել են Սահմանադրության ուժով:

6.Սահմանադրության անցումային, ինչպես նաև եզրափակիչ դրույթներն սպառվում են իրենց կատարման պահին, ընդ որում, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունն ամբողջությամբ մտել է ուժի մեջ 2018 թվականի ապրիլի 9-ից, ուստի իրավական տառաճանաչության տեսանկյունից անհեթեթություն է պնդումը, թե Սահմանադրական դատարանի անդամերի մասով առկա է անցումային իրավիճակ կամ Սահմանադրական դատարանը գտնվում է անցումային իրավիճակում և դեռևս ինչ-ինչ կազմավորման փուլում է:

7.Սահմանադրության հիմնական դրույթում, այն է` 166-րդ հոդվածի 1-ին մասը, Սահմանադրական դատարանի բոլոր անդամները անվանվում են Սահմանադրական դատարանի դատավորներ, այնուհետև նոր ամրագրվում է նրանց առաջադրման՝ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության ուժի մեջ մտնելու հիմնական (ոչ անցումային) կարգը:

Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակը միասնական է, ինչը նշանակում է, ի թիվս այլնի, որ նրանք բոլորը՝ անփոփոխելիության սահմանադրական սկզբունքի հիման վրա իրականացնում են սահմանադրական արդարադատություն՝ ապահովելով Սահմանադրության գերակայությունը, ուստի Սահմանադրական դատարանի մասով սահմանադրական ճգնաժամի մասին խոսակցություններն իրավաբանական կոմպետենտության իսպառ բացակայության կամ էժանագին քաղաքական շահարկումների արդյունք են և հարիր չեն իրավական և ժողովրդավարական պետությանը:

Արսեն Բաբայան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից