Հասարակություն Տնտեսություն 

Փաշինյանն ասաց, որ զավոդներից հույսներս կտրենք․ 20 փոքր ՀԷԿ ծածկել է ողջ գետը

analitik.am

Եղեգիսը գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Արփայի աջ վտակն է: Սկիզբ է առնում Վարդենիս լեռան հարավային լանջերից։ Երկարությունը 47 կմ է: Գետահովիտը հիմնականում կիրճանման է։ Արագահոս է՝ բազմաթիվ սահանքներով և ջրվեժներով, սրընթաց հոսում է կիրճի միջով`ոռոգելով և զովացնելով տարածքը:

Եղեգիս գետի շրջակայքը թավիշ բնություն էր ու մեղմ կլիմա, սակայն, ինչպես այս աշխարհում ամեն բան գտնվում է և վաճառվում, այսպես վաճառեցին Եղեգիսի գեղեցկությունը: 47 կմ-ից 16 կմ-ն այժմ խողովակներով է անցնում, գրեթե 20 փոքր ՀԷԿ ծածկել է ողջ գետը. փոխվել է  կլիման, նաև կենսաբազմազանությունն է տուժել, իսկ կիրճի երբեմնի գեղեցկությունն այլևս նախկինը չէ:

Գլաձոր համայնքի բնակիչներից Վահանը, ով Եղեգիս գետի հարևանությամբ հողակտոր ունի Analitik.am-ի հետ զրույցում ասաց, որ այ հատվածում 130 ծիրանի ծառ է ունեցել, սակայն դրանք չորացել են․ «Մնաց 16 ծառ, էն էլ լավ բերք չի տալիս, գետի վրա ՀԷԿ-եր կան, դրանք չեն խանգարում ոռոգելուն, բայց ջուրը փոխված է»:

Վահանի խոսքերով ինչ-որ բան է կատարվում, մի ՀԷԿ-ից ջուրը դուրս է գալիս, մտնում է մեկ ուրիշ ՀԷԿ, «Մասնագետները հիմա ասում են, որ յուղոտվում է ջուրը, սալյարկա է քսվում, քսանյութեր են, դրա համար բույսերը բերք չեն տալիս, չգիտեմ»,- ասաց նա՝ հավելելով, որ ՀԷԿ կա, որ գետի առաջը կտրել են ու կառուցել, թե գետից վերև, թե ներքև ՀԷԿ-եր են:

«Էդ գյուղերի ժողովուրդն էլ է բողոքում բերքից, բույսերի աճից, չորանալուց: Մարդկանց էդ ձև ա թվում, բա խի առաջ չկար տենց բան՝ նույն բնությունն ա, ԳԷՍ-երի մեջ գեներատորները ֆռռում են, քսանյութերը լցվում են գետը: Հետո գետը, որ իր հունով էր գնում գետից նյութեր էր վերցնում, բայց որ տրուբեքի միջով է գետը գալիս էդ օգտակար նյութերն արդեն չի վերցնում. գյուղմասնագետները կջոկեն ինչ եմ ասում. քսանյութերը խառնվում են ջրին»,- ասաց Վահանը:

Նա դժգոհ է, որ չեն կարողանում բերք հավաքել, որևէ պտուղ վաճառել, ստիպված մեկնում են արտագնա աշխատանքի, նախկինում մինչև 16-17 տոննա ծիրան էր ունենում, այժմ գրեթե ոչինչ, անգամ ընկուզենիները, որոնք հայտնի են որպես «Եղեգնաձորի պոպոք» լավ բերք չեն տալիս, 6 թոռ ունի, 6 էլ Ռուսաստանում են բնակվում:

«Փաշինյանը եկավ ընտրությունների, բոլորով հավաքվանք գնացինք ձայն տվինք, ասեց, որ զավոդներից հույսներդ կտրեք, ժողովրդի մեծ մասը պարապ են, չեն աշխատում, գործ չկա, տնից վաճառելու բան չկա, ծիրանը դարձնում եմ օղի, օղի առնող կա, ծիրան առնող չկա»,- ասաց նա:

Վահանը չի ցանկանում մեկնել Ռուսաստան աշխատելու, այնտեղ հայերին այդքան էլ լավ չեն վերաբերվում, ստիպված ձայն չեն հանում, սուս են մնում, որ կարողանան աշխատել ապրել. «Ով կթողնի իր հայրենիքը կգնա, բայց ստեղ ապրելու տարբերակ չունեմ, բերք չունենք, ծախելու բան չկա: Էնտեղ սուս ենք անում լռում ենք, էստեղ էլ ենք սուս անում`ասենք էլ լսող չկա (ծիծաղում է)»:

«Հայաստանի անտառներ» ՀԿ-ի նախագահ Նազլի Վարդանյանը Analitik.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀԷԿ-երի պարագայում ի սկզբանե էր սխալը. վերակագնվող էներգիա չէ ՀԷԿ-ից ստացված էներգիան. ջրի պաշարների վրա չի կարող վերականգնվող էներգիա լինել:

Ըստ նրա, ժամանակին KFW-ը բանկն արտոնյալ վարկեր էր տալիս, դրա համար ՀԷԿ-երի բումը եղավ, և ոմանք օգտվեցին, սակայն ՀԷԿ-երը կառուցվեցին օրենսդրական խախտումներով, պետք էր բնական ջրթող լինել, որ էկոհամակարգին վնաս չլիներ:

Ըստ նրա, յուրաքանչյուր ՀԷԿ-ի համար պետք էր առանձին ջրթող հաշվարկվեր, սակայն եթե գետի վրա լիներ մեկ ՀԷԿ-ը այդ բանաձևը կգործեր, սակայն ՀԷԿ-ից ՀԷԿ-ը ջրի քանակը նույնը չէր, սակայն ջրթողը հաշվարկվում էր առանց հաշվի առնելու այլ ՀԷԿ-երի օգտագործած ջուրը:

«Եղեգիս գետի վրա 19 ՀԷԿ-ի թույլտվություն են տվել, նայես ՀԷԿ-երի նորմատիվերով, ոչ մի ՀԷԿ ներոմատիվների մեջ չի: Կենսաբազմազանության նորման չեն կարողացել ապահովել. 16 կմ խողովակի մեջ է, շրջակա ամբողջ կենսաբազմազանությունը ցամաքել է»,- ասաց Վարդանյանը:

Նշենք, որ «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին՝ գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրով 2016թ.-ին ուսումնասիրվել է Եղեգիս գետի և նրա վտակների վրա առկա ՓՀԷԿ-երը: Եղեգիս գետի ծանրաբեռնվածությունը ՓՀԷԿ-երով կազմել է 47 կմ/51.46 տոկոս:

Ինչ վերաբերում է  վճարումներին, ապա Հաշվեքննիչ պալատի հաշվետվության մեջ նշված է, որ Հեր Հեր ջրամբարից երկու ՀԷԿ-երի համար բաց է թողնվել 40/5 մլն խմ ջուր, «Ջրառ» ՓԲԸ-ն 93 մլն գումարի փոխարեն ստացել է 3 մլն դրամ:

Եղեգիս գետի և նրա վտակների վրա գտնվող ՀԷԿ-երը ոչ միայն հարված են հասցրել գետին՝ կրճատելով ձկների քանակը, քանի որ ջրթող չլինելու պատճառով ձկների միգրացիան գետով դարձել էր անհնար, այլև գետի ափերի բուսականությունը չորացել է, որը նաև պատճառ է դարձել կենդանիների՝ արջերի դեպի գյուղեր «այցերին», կենդանիները սոված են մնացել, իսկ Եղեգիս գետի երկայնքով հողակտորներ ունեցողները մշակում են՝ դափ-դատարկ նստում, բերք չեն ստանում և բռնում պանդխտության ուղին:

Եղեգիսի կիրճում երբեմնի հարուստ բնաշխարհը դուրս է մղում դարերով այստեղ ապրողներին և այդ ամենն արվում է հանուն և ի սեր փողի և հաստության: Իսկ եթե մի գեղեցիկ օր այս տարածաշրջանը բերք ու բարիք չունենա, փող ունեցողները ստիպված կլինեն արծաթ ուտել, քանի որ գետի և գյուղերի բերք ու բարիքը վաղուց գնել են մի քանի արծաթով:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից