Վերլուծական Տնտեսություն 

Բանկային կապիտալը ևս հետ է քաշվել. Սա նորություն էր. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Որ ներդրումային կապիտալը խուսափում է Հայաստանի տնտեսությունից, հայտնի էր վաղուց։ Բայց որ բանկային կապիտալը ևս հետ է քաշվել, նորություն էր։

Մինչ վարչապետի հայտարարած տնտեսական հեղափոխությունը մնացել է բանկերի վարկերի հույսին, պարզվում է՝ բանկերն էլ մոտ չեն գալիս տնտեսությանը։ Այն, որ վարկային գումարներն ավելացել են, դեռ չի նշանակում, թե դրանք ուղղվել են տնտեսություն։ Տնտեսության իրական հատվածում այդ առումով շատ խղճուկ վիճակ է։

Ու շատ զարմանալի է, թե ինչն է այդքան ուրախացնում Նիկոլ Փաշինյանին, որ վարկերն ավելանում են։ Վարկերի ավելացումը գուցե ուրախալի լիներ, եթե այդ գումարները գնային տնտեսություն։ Բայց արի ու տես, որ բոլորովին էլ այդպես չէ։

Վարկերի ավելացումը կրում է հիմնականում սպառողական բնույթ։ Այսինքն` մարդիկ այդ գումարները վերցնում են ոչ թե տնտեսական գործունեություն ծավալելու կամ տնտեսական ծրագրեր իրականացնելու, այլ՝ առօրյա կենցաղային խնդիրներ լուծելու համար։ Իսկ դա ամենևին էլ լավ օրից չի գալիս։

Արդյունաբերության ոլորտում, որը տնտեսության շարժիչ ուժն է, բանկերի վարկային պորտֆելը նույնիսկ նվազել է։ Ու որքան էլ կարող է տարօրինակ լինել, դա տեղի է ունեցել վարկավորման բավական բարձր աճի պայմաններում։

Վարկային շուկայում վերջին մեկ տարում ֆինանսական կազմակերպություններն իսկապես լուրջ ակտիվություն են դրսևորել։ Բանկերի վարկային պորտֆելի աճը հասնում է 15 տոկոսի, ինչը լուրջ ցուցանիշ է։

Կարևորը, սակայն, դա չէ, ինչը շատ հաճախ փորձ է արվում ներկայացնել՝ որպես մեծ ձեռքբերում։ Շատ ավելի կարևոր է, թե ինչի՞ հաշվին է եղել այդ աճը։ Այստեղ է, որ վարկային շուկայի իրական պատկերը դուրս է գալիս ջրի երես։

Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա ապրիլին, երբ Հայաստանում բուռն քաղաքական գործընթացներ էին, և տնտեսական ու ֆինանսական համակարգերը սկսել էին զգուշավորություն ցուցաբերել, արդյունաբերության մեջ բանկերի վարկային պորտֆելը հասնում էր 499 մլրդ դրամի։ Ուղիղ մեկ տարի հետո կամ այս տարվա ապրիլին այն կազմել է 483 մլրդ դրամ։

Այսինքն` արդյունաբերության մեջ բանկերի վարկային ներդրումներն իշխանափոխությունից հետո ոչ միայն չեն ավելացել, այլև նվազել են 16 մլրդ դրամով։

Սա շատ վատ միտում է։ Ինչքան էլ վարկերը թանկ հաճույք են տնտեսության իրական հատվածի համար, այնուհանդերձ ներդրումների բացակայության պայմաններում դրանք միակ փրկությունն են։ Բայց պարզվում է, որ վարկերն էլ են շրջանցում տնտեսությանը, կամ հակառակը` տնտեսությունը պատրաստ չէ վարկեր ներգրավել։ Դրա համար կարող են լինել բազում պատճառներ։ Ամեն դեպքում, առանձնապես տարբերություն չկա, բանկե՞րը չեն վստահում տնտեսությանը, թե՞ տնտեսությունը` վարկերին։ Երկու դեպքում էլ տնտեսությունը տուժում է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից