Հայաստան Քաղաքականություն 

Տղեք, փորձեք գոնե մի փոքր համեստ լինել...

analitik.am

Երիտասարդ պատգամավորներից մեկը Բարձրագույն դատական խորհրդի կազմից մեր հրաժարականը ողջունելով, նկատել է, թե իբր պետական պաշտոնյային հարիր պատշաճ վարքագիծ ենք դրսևորել: Մնում է շնորհակալություն հայտնենք այսպիսի «հոգատարության» ու «համարժեք» վերաբերմունքի համար: Ինչո՞ւ եմ չակերտների մեջ վերցրել վերոհիշյալ բառերը:

Հարգելիներս, երբ, այսպես կոչված, ավազակապետության օրոք շուրջ 8 տարի պաշտոնանկ լինելուց հետո զբաղված էի զուտ գիտադասախոսական աշխատանքով (ինչպես և ներկա պահին), դուք լավ էլ նույն այդ իշխանության աջակցությամբ արդյունավետ կարիերա էիք անում, իսկ արդեն ներկա փուլում անհայտ հանգամանքներում ձեզ ընկալեցին իբրև հանրության կողմից վստահելի անձինք և, ըստ այդմ էլ՝ ընտրվեցիք խորհրդարանում: Ձեր տեսակին պատկանող մյուս ընկերներն այս ընթացքում որևէ նոր նշանակում չեն էլ ստացել, այլ պարզապես ընտրվել են դեռ նախկին իշխանության օրոք և շարունակում են պաշտոնավարել, բայց արդեն իբրև հանրության վստահությունը կախարդական փայտիկով արագ ձեռք բերած անձինք:

Ի դեպ, ես իրենց դեմ խնդիր չունեմ, մանավանդ, որ պետական համակարգի անձնակազմն անխտիր ջարդելը խիստ անընդունելի եմ համարել: Խնդիրն այն է, որ դուք ինքներդ մի վրձնի հարվածով ձեզ մի համարեք գերվստահելի ու այն աստիճանի վաստակաշատ, որ կարող եք ձեզ թույլ տալ սին գովասանքի խոսքեր ուղղել մեր հասցեին. դա ևս վաստակել է պետք: Իսկ թե, ինչու ենք հրաժարական տվել, նույն հանրությունը, ի տարբերություն ձեզ, համարժեք է դա ընկալում:

Հ.Գ. Հասկանում եմ նախկին իշխանության օրոք քաղաքական պայքարի բովով անցած և այսօր պետական գործունեություն իրականացնող մարդկանց (լավ, թե՝ վատ, առանձին հարց է), բայց երբեք չեմ հասկացել ամեն ժամանակներում գերվստահելիներին, որոնք դեռ փորձում են բարձունքներից բարոյախրատական ուղերձներ հղել: Տղեք, փորձեք գոնե մի փոքր համեստ լինել ....

Գևորգ Դանիելյան

Նույն շարքից