Հասարակություն Իրավական 

Հանրային քննարկում Արցախում՝ նվիրված Սահմանադրության փոփոխության հարցով ստորագրահավաքին

ԱՀ-ում գործող մի խումբ հասարակական կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցային համալիրի նիստերի դահլիճում հուլիսի 23-ին կազմակերպվել է հանրային քննարկում՝ նվիրված հունիսի 4-ին քաղաքացիական նախաձեռնությամբ մեկնարկած ստորագրահավաքի՝ ԱՀ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում փոփոխություններ կատարելու նպատակով:

«Արցախպրես»-ի   հաղորդմամբ՝   քննարկմանը   «Հելսինկյան  նախաձեռնություն-92», ««Որոշում»  քաղաքացիական  նախաձեռնություն», «Արցախի  պառլամենտականների  ասոցիացիա»,  «Հանուն  Արցախի», «Ապառաժ   երիտասարդական  միություն»   և   «Հաղթանակած  սերունդ» երիտասարդական   հասարակական  կազմակերպությունների   ներկայացուցիչները  վերոնշյալ     հարցի   շուրջ    հայտնել  են    իրենց  տեսակետներն    ու  մտահոգությունները:

Նրանք   այն    համոզմանն  են, որ    Արցախում  պետք  է  ամեն  ինչ   ընթանա    ժողովրդավարական  սկզբունքներով,  և  որևէ   բռնություն   չպետք   է  կիրառվի     հասարակության  շրջանում:

Այնուհետև   ելույթներով  հանդես  են  եկել   քննարկմանը  մասնակից   փորձագետները:

Երևանի   պետական   համալսարանի  պետության  և  իրավունքի  տեսության  և   պատմության  ամբիոնի  վարիչ, իրավաբանական  գիտությունների   դոկտոր  Արթուր  Վաղարշյանն  իր   խոսքում   ասել է, որ    ստեղծված  իրավիճակում  ճիշտ  կողմնորոշվելու  համար   անհրաժեշտ  է   ստանալ   իրավաբանական     խորհրդատվություն:

Խոսելով  Աահմանադրության  փոփոխության   նախաձեռնության   մասին՝  Ա. Վաղարշյանն  ավելացրել է. «Ցանկացած  օրենսդրական  նախաձեռնություն  պետք  է  քննարկվի    ոչ  միայն  ձևական    և    իրավական  կողմերը,  այլև  դրա  իրականացման   քաղաքական, սոցոլոգիական,  միջազգային    և  իրավական    հետևանքները: Սահմանադրության  48-րդ  հոդվածով    կարգավորված են  տեղական  ինքնակառավարման  մարմինների  ընտրությունների  հարաբերությունները: Մենք    չպետք  է   դժգոհենք, որ  ունենք  երկու  հանրապետոթյուն: Ազգային  քաղաքական   ներկայացուցչական  համակարգի  միասնությունը    մեր    ժողովրդի  պատմության մեջ  միշտ հանգեցրել  է տխուր  հետևանքների. միասնությունը  պետք  է  լինի  ծրագրերի  իրականացման  հարցում: Այս  նախաձեռնությունը ժողովրդավարության  վառ  օրինակ    կարող  ենք    համարել ԱՀ-ում:  Պետք է  բացատրական  աշխատանքներ  իրականացվեն  ժողովրդի  հետ, ԶԼՄ-ներով, որպեսզի    հասարակությունը  գիտակցի, որ  նախաձեռնությունը  չի   ծառայում այն  գաղափարին, որը  գրված է ստորագրահավաքի   բացատրական  թերթիկի  մեջ»:

Սահմանադրական  իրավունքի   մասնագետ, իրավաբանական   գիտությունների  թեկնածու, դոցենտ     Էդգար  Շաթիրյանի  խոսքով՝      հանրային  քննարկմանը  բարձրացված   հարցը  տարողունակ  է  և  բազմասպեկտ:

«Խնդիրն  իր  մեջ  ներառում  է  քաղաքական, իրավական, բարոյական  և   մի  շարք   այլ   հարցեր  և  ենթահարցեր:   Սահմանադրության   48-րդ  հոդվածի   2-րդ և  3-րդ  մասերն   ըստ  իս՝   սահմանադրաիրավական  առումով   բավական  խնդրահարույց  են: Մի  դիտարկում  ևս, որ   սուբյեկտիվ  իմաստով  ընտրական  իրավունքը  ներառում  է  երկու  անխզելի  կոմպոնենտներ՝  ակտիվ  ընտրական  իրավունք, որի    ներքո   հասկանում ենք  ընտրելու    իրավունքը  և  պասիվ՝  ընտրվելու    իրավունքը:

Այստեղ  առաջնային  է    հետևյալ  ասպեկտը՝  անձը  չի  կարող    իրականացնել   պասիվ  ընտրական    իրավունք՝  օժտված   չլինելով  ակտիվ    ընտրական  իրավունքով: Այսինքն  չի  կարող  առաջադրվել, եթե  անգամ   բավարարի  սահմանադրական  մակարդակում    առաջ  քաշված     համապատասխան   ցենզերին  (Նախագահի  կամ   պատգամավորության  թեկնածուության  համար)՝  չունենալով    ընտրական  իրավունք:  Հակառակը    միանգամայն  հնարավոր  է. այսինքն՝  եթե   անձը  չի  բավարարում  պասիվ   ընտրական  իրավունքի իրացման  ցենզին, այդ  պատճառով ընտրություններում հնարավորություն  չի ստանում  առաջադրել  իր  թեկնածուությունը, թեև հնարավորություն ունենում է մասնակցելու ընտրություններին»,-մասնավորապես  ասել  է    Է. Շաթիրյանը:

Ըստ   «Իրավական  ուղի»  ՀԿ  համահիմնադիր, ԱՀ   մարդու   իրավունքների  նախկին   պաշտպան,    իրավաբանական  գիտությունների   թեկնածու  Ռուբեն   Մելիքյանի՝     ստորագրահավաքն  առհասարակ    ժողովրդավարական  գործընթաց  է:

Ռ.  Մելիքյանն  ասել է,  որ   առաջարկվող  փոփոխությունները  լրջագույն  խնդրահարույց     կետեր  ունեն, որը   կարող  է  ազդել  ժողովրդավարության  ինստիտուտին: ԱՀ  Սահմանադրության    ինստիտուտի  ներդրումը  կարևորագույն   առաջընթաց   պետք  է   դիտվի      ժողովրդավարության  առումով:

Միջոցառմանը  նա  առաջ  քաշել    երկու  ասպեկտ.   առաջինը՝  ՀՀ  և  ԱՀ  հարաբերությունների  ասպեկտը  և  երկրորդ՝  այն  շոշափելի  վտանգները, որոնք  առկա  են   միջազգային  հարաբերություններում, մասնավորապես,    մարդու     իրավունքների    եվրոպական  դատարանում  առկա  վարույթները     և    բերել  փաստարկներ:

Քննարկմանը  ներկա  էին     նաև   ԱՀ  Ազգային  ժողովի  նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  ԱԺ  խմբակցությունների  ներկայացուցիչներ, հասարակական  կազմակերպությունների  անդամներ  և  այլք, ովքեր     թեմայի  վերաբերյալ  ներկայացրել  են  իրենց  առաջարկությունները        և  հանդես  եկել   հարցերով:

 

Նույն շարքից