Իրավական 

Ստամբուլյան կոնվենցիայի մասին ես քննարկում չեմ ունեցել նախարարի հետ. Նախկին փոխնախարար

Որպես մասնագետ գտնում եմ, որ կոնվենցիայի առանձին դրույթներ պետք է էականորեն պարզաբանվեն ոլորտը մշակող մարմնի կողմից: Շատ պատասխանատու ձևակերպում է ասել կողմ եմ, կամ՝ դեմ: Բայց, որ այս պահին ես կոնվենցիայում տեսնում եմ չափազանց խնդրահարույց կետեր, որոնք առնվազն մտահոգություն են առաջացնում, ակնհայտ է: Ուզում եմ հստակեցնել, որ իմ դիրքորոշումն ուղղված է հետևյալին. վեր հանել կոնվենցիայում առկա իրական խնդիրները և դրանք ի ցույց դնել հանրությանը: Analitik.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը` պատասխանելով հարցին՝ դե՞մ է ինքը կոնվենցիայի վավերացմանը, թե՝ կողմ:

Նա կարծում է, որ առ այսօր իրավասու մարմնի կողմից պատշաճ չեն ներկայացվում կոնվենցիայում առկա խնդիրները. «Ես կոնվենցիան առանձին կետերի մասով եմ համարում խնդրահարույց և գտնում եմ, որ այդ կետերի մասով պիտի պարզաբանումներ ներկայացվեն: Դրանցից է օրինակ՝ «զուգընկեր» բառ-սահմանումը, ինչ հետագա պարտավորություն է նախատեսում այն մեր երկրի համար»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում որպես խնդրահարույց կետեր առանձնացրել էր «զուգընկերներ», «գենդերային ինքնություն», «սեռական կողմնորոշում» արտահայտությունները:

Խաչիկյանի խոսքով՝ մեր այսօրվա Սահմանադրությունը բացարձակ չի օգտագործում «գենդեր» եզրույթը, և ստացվում է, որ կոնվենցիան ներքին իրավական համակարգ է ներմուծում մի հասկացություն, որ ՀՀ Սահմանադրությամբ որևէ կերպ մեկնաբանված չէ:

«Սա խնդրահարույց եմ համարում: Մեր Սահմանադրության որևէ դրույթում օգտագործված չէ նաև «զուգընկեր» եզրույթը: Սա ևս խնդրահարույց է՝ խնդրի սահմանադրաիրավական կարգավորման արժեբանության համատեքստում»,- պարզաբանեց իրավագետը:

Խաչիկյանն իր համար առաքելություն է ընտրել ժողովրդին իրազեկելը, թե «ինչ մասնագիտական խութեր կան այդ կոնվենցիայում թաքնված և դրանք հնարավորինս պարզ, մատչելի ներկայացնելը հանրությանը», թեև այս գործառույթը, Խաչիկյանի խոսքով, պիտի հենց Արդարադատության նախարարությունն իրականացնի, ինչը չի արվում:

«Ինձ համար չափազանց կարևոր է, որ կոնվենցիային և՛ կողմ արտահայտվողները գիտակից լինեն, և՛ դեմ արտահայտվողները»,- բացատրեց Խաչիկյանը:

«Ստամբուլյան կոնվենցիան չի եղել և չէր էլ կարող ներառվել իմ համակարգման ոլորտում, քանի որ ես համակարգել եմ Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը և քրեակատարողական ոլորտի ռազմավարության մշակումը»,- ասաց նախկին փոխնախարարը, պատասխանելով մեր այն հարցին՝ արդյո՞ք կապ չունի իր պաշտոնավարման կասեցումը կոնվենցիայի շուրջ ծավալված քննարկումների հետ:

Խաչիկյանը նաև ասաց, որ Ստամբուլյան կոնվենցիայի մասով ինքը քննարկում չի ունեցել Արդարադատության նախարարի հետ և չի կարող ասել,թե դրա համար են իրեն ազատել աշխատանքից:

Խաչիկյանը գոհ է իր և իր թիմի կատարած աշխատանքից. գրեթե ամբողջությամբ մշակել և պատրաստել էին Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը նորանշանակ նախարարի պաշտոնը ստանձնելիս: «Եվ նոր նախարարին այլ բան չէր մնում, քան հրապարակայնացնել այն, ինչ արդեն իսկ պատրաստ էր»,- ասաց Խաչիկյանը:

Նախկին փոխնախարարը ձեռքբերում է համարում նաև քրեակատարողական հիմնարկներում ներդրված չհայտարարված այցերի պրակտիկան՝ ինչի շնորհիվ հնարավորություն է ընձեռվում տեղում իրավիճակին ծանոթանալու, համապատասխան հանձնարարականներ տալու:

«Ավարտել և ամբողջությամբ շրջանառության մեջ եմ դրել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի օրենսդրական ակտի նախագիծը, ինչը ևս շատ կարևորում եմ»,- ասաց նախկին պաշտոնյան՝ թվարկելով իր պաշտոնավարման շրջանում կատարված հսկայական աշխատանքի կարևորագույն դրվագները:

«Կցանկանայի, որ ավարտին հասցվեին հակակոռուպցիոն և քրեակատարողական ոլորտի ռազմավարությունները, և ավարտին հասցվեն այն սկզբունքներով և ելակետերով, որոնք մենք մշակել էինք, քանի որ այդ սկզբունքները քննարկվել և ընդունվել էին քաղհասարակության կազմակերպությունների հետ»,-ամփոփեց Տիգրան Խաչիկյանը:

 

Նույն շարքից