Իրավական 

Միայն ՄԻԵԴ-ի կողմից կայացրած որոշումը չպետք է հանգեցնի դատավորների նկատմամբ գույքային պատասխանատվության կիրառման. Փաստաբան

Մասնագիտական քննարկման ժամանակ փաստաբան Մուշեղ Շուշանյանը, անդրադառնալով ՄԻԵԴ-ի՝ Հայաստանի դեմ կայացրած վճիռներին և դրանց հետևանքներին, առաջարկել է օրենսդրորեն ամրագրել դատավորներին որոշ դեպքերում գույքային պատասխանատվության պահանջ ներկայացնելը: Նպատակը անարդար որոշումներից խուսափելն է:

Analitik.am-ի խնդրանքով փաստաբան Արտաշես Խալաթյանը մեկնաբանեց այս նախաձեռնության դրական և բացասական կողմերը:

Խալաթյանի խոսքով՝ ցանկացած մասնագիտական կարծիք քննարկելի է, սա՝ նույնպես: Պարզապես փաստաբանն այստեղ մի վտանգ է տեսնում. «Ցանկացած օրենսդրական փոփոխություն պետք է հաշվի առնի դատավորների անկախությունը: Այսինքն, դատավորը իր մանդատից բխող որոշումների կայացման ընթացքում պետք է զերծ լինի ամենատարբեր ճնշումներից և ազդեցություններից: Եթե դատավորի գործունեության ընթացքում, վճռարկման ժամանակ նրա գլխին Դամոկլյան սրի նման կարող է կախված լինել գույքային պատասխանատվության ենթարկվելու վտանգը, այս հանգամանքը, իհարկե, որոշակիորեն կկաշկանդի դատավորին, հատկապես՝ քաղաքական կամ այլ նման բնույթի ենթատեքստ ունեցող գործերի դեպքում»,- մեկնաբանեց Խալաթյանը:

«Մյուս կողմից պետք է հաշվի առնել հետևյալը. եթե դատավորի գործողություններում կան ակնհայտ հանցակազմ պարունակող միտումներ կամ ակնհայտ կոպիտ խախտումներ, դա լուրջ խնդիր է մեզ համար: Հատկապես, որ Հայաստանը սոցիալ-տնտեսական առումով ոչ բարվոք վիճակում է գտնվում: Օրինակ ՄԻԵԴ-ի վճիռը՝ դիմումատուին 1,6 միլիոն դոլարի փոխհատուցում վճարելու մասին, լուրջ խնդիր է մեր երկրի համար: Կան դատավորներ, որոնք մասնագիտական տեսանկյունից խիստ մտահոգիչ վարքագիծ են դրսևորում՝ թե՛ կոռուպցիոն բնույթի, թե՛ մասնագիտական ցածր մակարդակի տեսանկյունից, այս առումով որոշակի օրենսդրական միջամտության կարիք կա»,-ասաց մեր զրուցակիցը:

Խալաթյանը, սակայն, շատ զգույշ գործելու կոչ է անում: Նրա կարծիքով, գույքային պատասխանատվության պետք է ենթարկել այն դատավորներին, ում մեղքը դատարանի վճռով հաստատվել է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու, լիազորությունների չարաշահում թույլ տալու մասով:

«Իսկ եթե նրանց մեղքը դատարանով հաստատվում է, ապա նրանց նկատմամբ հավելյալ գույքային պատասխանատվության ինստիտուցիայի կիրառումը՝ տվյալ պարագայում ՄԻԵԴ-ի որոշմամբ պետության վրա դրված գույքային պարտականության փոխադրումը դատավորների վրա՝ որոշակի մեխանիզմներով, կարող է լինել արդարացված»,- մանրամասնեց փաստաբանը:

Սակայն, փաստաբանի խոսքով, հակառակ վտանգն էլ կա. «եթե իրենց գործունեության ընթացքում դատավորները թույլ չեն տվել որևէ իրավախախտում, պարզապես կատարել են օրենքի այս կամ այն տիպի մեկնաբանություն՝գործը լուծելով իրենց պատկերացումների, խղճի և մասնագիտական բարեխղճության սահմաններում, ապա նույնիսկ եթե ՄԻԵԴ-ը նրանց որոշումը համարի կոնվենցիային հակասող, ապա միայն այդ փաստով, իհարկե, նրանց գույքային պատասխանատվության ենթարկելը կկաշկանդի այդ դատավորների անկախությունը»,- նշեց փաստաբանը:

Խալաթյանը գտնում է, որ ճշմարտությունն ինչ-որ տեղ մեջտեղում է: Նա չի ժխտում, որ կա խնդիր, սակայն «պետք չէ այնպիսի մեխանիզմներ կիրառել, որոնք ունքը շինելու տեղ աչքն էլ կհանեն»:

Ըստ նրա, լինում են ակնհայտ սուբյեկտիվ, ակնհայտ աչառու, ակնհայտ կասկածելի գործողություններ դատավորների կողմից, բայց միաժամանակ էլ Խալաթյանը պնդում է, որ պետք է տարվի անաչառ քննություն, հարուցվի քրեական գործ, քրեաիրավական գնահատական տրվի այդ դատավորների գործողություններին կամ առնվազն կարգապահական վարույթ հարուցվի, հետո միայն անդրադարձ կատարվի  գույքային պատասխանատվությանը:

«Ցանկացած օրենսդրական փոփոխություն պետք է հաշվի առնի այն, որ միայն ՄԻԵԴ-ի կողմից կայացրած որոշումը չպետք է հանգեցնի դատավորների նկատմամբ գույքային պատասխանատվության կիրառման: Դատավորների նկատմամբ գույքային պատասխանատվության նշանակման համար հիմք կարող է հանդիսանալ միայն նրանց մեղքը՝ քրեական կամ կարգապահական վարույթի շրջանականերում»,- եզրափակեց փաստաբան Խալաթյանը:

Ռուզաննա Ղազարյան

Նույն շարքից