Թուրքիայում գործող մի քանի կազմակերպություններ և անհատներ հայտարարություն են տարածել՝ Թուրքիային կոչ անելով մինչև 2015թ.-ը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Հայտարարությունը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
«Առաջին համաշխարհային պատերազմից անմիջապես առաջ, Հայոց պատրիարքարանի տվյալներով, Օսմանյան կայսրությունում մոտ 2 մլն հայ էր ապրում։ Քաղաք, թաղամաս, գյուղ. արևելքից-արևուտք, հյուսիսից հարավ, Փոքր Ասիայի բոլոր կողմերում 2.925 հայկական բնակավայր կար։
Այստեղ բնակվող հայերը 1.996 դպրոց, 173.000 տղա և աղջիկ աշակերտ, 2.538 եկեղեցի և վանք ունեին։
1915թ.-ին Անկարայի բնակչության 1/3-ը քրիստոնյաներ էին (մեծ մասամբ՝ հայեր) և հրեաներ։
1915թ.-ին սկսված Ցեղասպանությունից հետո, անգամ Հանրապետության տարիների քաղաքականության հետևանքով այդ բնակավայրերից ոչինչ չմնաց։
Մնացածներն արդեն հայկական բնակավայրեր չէին։ Այսօր ենթադրվում է, որ Թուրքիայում 60 հազարանոց հայ համայնք կա, նրանց մի մասը Ստամբուլում և այլ քաղաքներում են ցրված։
Պետությունը հայերին տեղահանելով չբավարարվեց։ Նրանց հետքն անգամ վերացվեց։ Այսօր նախկինում հայաբնակ շրջաններում նրանց հետքն անգամ չեք գտնի։ Եկեղեցիները, բնության քմահաճույքին հանձնվելով, ռմբակոծվելով, դինամիտներով պայթեցվելով, ոչնչացվել են։ Անատոլիայի դպրոցներից ոչ մեկն արդեն չկա։ 1915թ.-ին ինչպես Անատոլիայում և Միջագետքում, այնպես էլ Անկարայում բնակվող հայերն աքսորվեցին, կոտորվեցին։
1915թ.-ին սկսված գործընթացի հետևանքով Անատոլիայի մյուս քրիստոնյա ժողովուրդները, եզդիները, հույները ցեղասպանության ենթարկվեցին։ 20-րդ դարասկզբին Թուրքիայի տարածքում յուրաքանչյուր 5 մարդուց մեկը, այսինքն՝ բնակչության 20%-ը, այլ կրոնի հետևորդ էր։ Այժմ այդ թիվը 1000-ից մեկին է հավասարվել։
Եթե բնական աճ լիներ, քրիստոնյաները չոչնչացվեին, այժմ քրիստոնյա և հրեա համայնքները 17 մլն կլինեին։ Սա պարզ մաթեմատիկական հաշվարկ է՝ աղետի չափերը հասկանալու համար։ Այսօր Անկարայում հայերեն կարդացող մարդ դժվարությամբ կգտնվի։
Ցեղասպանությունը միայն փշաքաղեցնող կոտորածները, դիեր բերող գետերը, մասնատված մարմիններով լի փողոցները չեն։ Ցեղասպանությունը մահը նախընտրողների, մահը փրկություն համարողների, սարսափելի աքսորից փրկվելու, ճանապարհներին հարձակումների ենթարկվածների, սովի, հիվանդությունների, բռնաբարությունների, կանանց մարմիններին տիրանալու, աննկարագրելի, անբուժելի, աններելի ցավը չէ։ Ցեղասպանությունը նաև կողոպուտ, թալան, ավերում է։
Հայոց ցեղասպանությունն արդեն 99 տարի ժխտվում է։ Կառավարության և թուրքական կապիտալի հիմքում Ցեղասպանության ընթացքում տեղի ունեցած թալանն է։
Ժխտելը պարզապես չի նշանակում «ես չեմ արել» ասել, այլ նշանակում է ասել. «արեցինք, քանի որ արժանի էիք»։ Հեռուստատեսությամբ պետական ժխտողականություն քարոզող պատմաբանները, «հարգարժան գրողներն ու մտավորականներն» առանց կարմրելու ցեղասպանությունը փորձում են հիմնավորել, արդարացնել կատարվածը։
Հրանտ Դինքը հայ ժողովրդի հանդեպ կատարված ցեղասպանության հետևանքները որոնեց և գտավ։ Հայ որբերի, հայկական ունեցվածքի ճակատագիրը հետաքննեց, և այդ իրականությունը հասկանալու համար սպանվեց։
Զինվոր Սևակ Շահին Բալըքչըն ապրիլքսանչորսյան մի օր գլխին ուղղված կրակոցից սպանվեց, ինչը «դժբախտ պատահար» որակվեց և անպատիժ մնաց։
Այդ ժխտումից և անպատժելիությունից ստացած ինքնավստահությամբ Թուրքիան «Ալ Կաիդայի» զինյալներին աջակցություն ցույց տալով, սահմանը բացելով, 1915թ.-ին դիմադրություն ցույց տված մուսալեռցիների թոռների բնակավայրն է մտցնում (նկատի ունի Քեսաբը)։
Ցեղասպանությունը շարունակվում է նաև այսօր։
Այդ ժխտումն ու ցեղասպանության շարունակումը, հայերին պատկանած ունեցվածքը դեռևս նրանցը չհամարելը շարունակվում է։ Մտավորական Սևան Նիշանյանն իր սեփական հողատարածքում կառուցած 60 քառակուսի մետրանոց գյուղական «ապօրինի կառույց» համարված տան համար ազատազրկվում է։ Այնինչ Թուրքիայի կեսն «ապօրինի կառույց է»։
Մենք ցանկանում ենք, որ ցեղասպանությունից փրկված և աշխարհի 4 կողմը սփռված, կյանքից կառչած, ամենադժվար գործերն արած ցեղասպանությունը վերապրածները, նրանց երեխաները, թոռներն իրենց մտքում միշտ վառ պահած պատմական հողերը վերադառնալու, Թուրքիայի քաղաքացի դառնալու հնարավորություն ունենան, իսկ Անատոլիայի և Միջագետքի ժողովուրդները հավասար, ազատ, եղբայրական կյանքով ապրեն։
2014թ.-ի ապրիլի 24-ն է։ Հայոց ցեղասպանության 100-ամյակին մեկ տարի է մնացել։ Այսօր Անատոլիայում և Միջագետքում խաղաղ, անշահախնդիր, հավասար և ազատ կյանք ունենալու համար պայքարող ամեն մարդու ուսերին պատմական պատասխանատվություն կա։
Մենք ցանկանում ենք առերեսվել պատմությանը, նախ հայ ժողովրդի և ցեղասպանության զոհերի ցավը կիսել, ազգերի հավասարության ազատությանն ուղղված քայլ կատարել։ Մենք գիտենք, որ առանց առերեսվելու Հայոց ցեղասպանությանը, ասորիների, եզդիների, պոնտոսի հույների, ալևիների դեմ իրականացված ցեղասպանությանը, առանց վերքերն ամոքելու ո՛չ Թուրքիան կկարողանա ավելի ժողովրդավար դառնալ, ո՛չ հանրությունն ավելի ազատ։
Մենք, որպես Թուրքիայում բնակվող մարդիկ, այսօր այստեղից բղավում ենք.
-Վե՛րջ Հայոց ցեղասպանության ժխտմանը։
-Ներողություն խնդրել է պետք։
-Ցեղասպանությունից տուժածներին քաղաքացիություն թող շնորհվի, առգրավված ողջ ունեցվածքն ու հարստությունը թող վերադարձվի։
-Ցեղասպանության հանցանքն իրականացնողների անունները դպրոցների, փողոցների, պողոտաների ու հրապարակների և այլ հանրային շինությունների վրայից մաքրել է պետք։
-Հանրային կառույցները թող կոչվեն Ցեղասպանության զոհերի անուններով։
-Դպրոցների կրթական ծրագրերից ապատեղեկատվությունը թող դուրս բերվի։
-Ցեղասպանությունը պետք է ճանաչվի որպես «ատելության հողի վրա իրականացված հանցագործություն»։
Կոչն ստորագրել են Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը, Անկարայի ազատ մտքի շարժումը, «Խտրականությանն ու ազգայնականությանը դեմ եմ» շարժումը և այլ կառույցներ ու անհատներ։