Նախեւառաջ մենք պետք է պատասխանենք մի հարցի. ո՞րն է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքային նպատակը, ինչո՞ւ ենք մենք վարում, եւ ինչի՞ համար է անհրաժեշտ արտաքին քաղաքականությունը մեր երկրին: Այս մասին այսօր Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր արտաքին քաղաքականության նպատակը, ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունն ապահովելն է, ինքնիշխանության ու անվտանգության մակարդակը հետևողականորեն բարձրացնելը, մեր երկրի եւ նրա քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար առավել նպաստավոր արտաքին միջավայր ձեւավորելը:
Իսկ որպեսզի սա տեղի ունենա, անհրաժեշտ է, որ Հայաստանի ձայնը, դիրքորոշումները, մոտեցումներն ու նպատակները աշխարհի համար լինեն ավելի տեսանելի, ավելի լսելի եւ ավելի ընդունելի: Այսպիսով, ձեւակերպվում է Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրը. այն է՝ բարձրացնել Հայաստանի Հանրապետության սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում, բարձրացնել Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային հարաբերություններում:
Արդյոք մենք սրա համար ունե՞նք նախադրյալներ եւ հնարավորություններ: Այո, միանշանակ, եւ թույլ տվեք ասել, որ այս խնդրի լուծման կարեւորագույն փաստերից մեկը 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն է, որը դարձավ բառիս բուն իմաստով համաշխարհային իրադարձություն, եւ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները, դեսպանատները պիտի որ այդ փաստը օգտագործեին աշխարհում Հայաստանի ճանաչելիությունն ու հեղինակությունը բարձրացնելու համար:
2018 թվականի Հայկական հեղափոխությունը անձի մասին չէ, քաղաքական թիմի կամ խմբի մասին չէ, այն երկրի, պետության ու ժողովրդի մասին է, ժողովրդի ու պետության աստիճանի ու պոտենցիալի մասին է, եւ այն պետք է պատշաճ ձեւով ներկայացվի ողջ աշխարհին՝ այս անգամ արդեն ոչ թե որպես լրատվական անցողիկ թողարկման նյութ, այլ որպես երկիրը բնորոշող տեղեկատվություն:
Այս տեղեկատվությունը, իմ խորին համոզմամբ, Հայաստանն աշխարհի համար հետաքրքիր դարձնելու անփոխարինելի միջոց է, մանավանդ ժամանակակից աշխարհում, որտեղ բոլորը եւ ամենուր խոսում են ժողովրդավարության ճգնաժամի մասին:
Ժողովրդավարությունը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության թիվ 1 այցեքարտը, եւ մեր խնդիրն է՝ աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում ժողովրդավարությունն անշրջելի է, որովհետեւ այն հիմնված եւ հենված է ոչ թե անձի, ոչ թե կոնկրետ քաղաքական շրջանակի, այլ ժողովրդի գիտակցության, կամքի եւ ձգտումների վրա:
Հաջորդ սկզբունքը, որը պետք է օգնի բարձրացնել Հայաստանի սուբյեկտությունը, համահայկականությունն է: Ի՞նչ նկատի ունեմ ասելով համահայկականություն արտաքին քաղաքական ասպարեզում: Մեր արտաքին քաղաքական բարդություններից եւ բարդույթներից ամենաառանցքայինը փոքր ազգի, փոքր պետության ընկալումն է: Ընդ որում, այս բարդույթը հաճախ արտահայտություն է գտնում մեր հանրային-պետական կյանքի բոլոր մակարդակներում՝ ամենօրյա կենցաղից մինչեւ արտաքին քաղաքականություն, ինչին, անկեղծ ասած, մի քանի անգամ ականատես եմ եղել վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո՝ պաշտոնական կամ աշխատանքային մի քանի այցերի ընթացքում:
Եվ հետեւաբար՝ փոքրի բարդույթը հաղթահարելը կենսական նշանակություն ունի մեզ համար, եւ սրա գործնական լուծումը, իմ պատկերացմամբ, հետեւյալն է. Հայաստանի դեսպանները իրենց հավատարմագրված երկրներում պետք է ներկայանան ոչ թե որպես փոքր քաղաքական խմբակի, կամ իշխող էլիտայի, կամ նույնիսկ անգամ փոքր պետության, այլ որպես համահայկական ներկայացուցիչ, համայն հայության ներկայացուցիչ:
Սրա համար այսօր կան բոլոր պայմաններն ու նախադրյալները, որովհետեւ Հայաստանի կառավարությունն ունի ժողովրդական աջակցության նույնպիսի մակարդակ Հայաստանում եւ Սփյուռքում, ու քանի որ պայմանավորվեցինք, որ Հայաստանում ժողովրդավարությունը անշրջելի է, ու քանի որ բազմիցս ենք հայտարարել, որ մեր կառավարության նպատակը Սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի միջեւ սահմանները ջնջելն ու վերացնելն է, հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը պետք է հարատեւ լինի:
Եվ ուրեմն, համահայկականության տրամաբանությունը պիտի նոր կշիռ տա Հայաստանի Հանրապետությանը եւ նրա խոսքին ու դիրքորոշմանը, իսկ այսպիսի խնդիր լուծելու համար Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները հայկական համայնք ունեցող բոլոր երկրներում պետք է լինեն ողջ հայությանը համախմբող գործոն եւ դադարեն Սփյուռքի մեր հայրենակիցներին իներցիայով բաժանել ընդդիմադիրների եւ իշխանամետների, հների եւ նորերի:
Այդ իրավիճակին, անկեղծ լինեմ, բախվել եմ որպես Հայաստանի վարչապետ տարբեր երկրների հայ համայնքների հետ հանդիպումների ընթացքում, եւ սա ինձ համար անընդունելի երեւույթ է:
Այսպիսով, միջազգային հարաբերություններում Հայաստանի սուբյեկտությունը մեծացնելու հարցում չափազանց կարեւոր է, որ Հայաստանի դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների հարաբերությունները տեղի հայ համայնքների հետ էական փոփոխություններ կրեն: Համայնքի եւ դեսպանատան հարաբերությունները պետք է մաքսիմալ դուրս լինեն կենցաղային առտնին տրամաբանությունից եւ ավելի ու ավելի շատ տեղավորվեն հայեցակարգային, գաղափարաբանական տրամաբանության մեջ, որի նպատակը միջազգային ասպարեզում Հայաստանի շահերը առավել պաշտպանված, Հայաստանի ասելիքը առավել լսելի, Հայաստանի դիրքորոշումը առավել ընկալելի դարձնելը պիտի լինի:
Եվ այս առումով չափազանց կարեւոր է մեր արտաքին գերատեսչության, դեսպանատների համագործակցությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: Ես շատ լուրջ խնդիրներ եմ առաջադրել Արտաքին գործերի նախարարությանը եւ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին եւ ակնկալում եմ, որ այդ խնդիրները լուծվեն հնարավորինս արագ եւ արդյունավետ կերպով»,-ասել է վարչապետը: