Բարի օր Վերլուծական 

Որտե՞ղ է թաղված շան գլուխը. Երևանցիներն ընկնելու են վարկային հերթական բեռի տակ

analitik.am

2015թ-ին «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող ներդրումներին հավանություն տալու կառավարության որոշման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական աջակցության դիմաց ստանձնում է ջերմոցային գազերի նվազեցման պարտավորություն: Հարկ է հիշեցնել, որ Հայաստանը չունի ջերմոցային գազերի նվազեցման պարտավորություն, ու 1990թ ստանդարտ հանդիսացող արտանետումների մակարդակի նկատմամբ, արդեն իսկ նվազեցվել է մոտ 74%-ով, քանի որ արդյունաբերությունը չի աշխատում: Այսինքն՝ հայրենի կառավարությունը որոշել է գումարի դիմաց ստանձնել ջերմոցային գազերի արտանետումների կրճատում: Այստեղ հարց է առաջանում, իսկ ի՞նչ գնով և ինչի՞ հաշվին: Հատկապես, որ մինչ օրս իրականացված ջերմոցային գազերի նվազեցման ծրագրերի ազդեցությունը գնահատված չէ, իսկ այդ շարքից Փոքր ՀԷկերի ծրագրերի համայքնների վրա կործանարար ազդեցությունը էլ ավելի է խորանում՝ առաջացնելով կլիմայական բացասական փոփոխություններ:

Այս որոշման շրջանակներում արդեն 2017թ-ին Բնապահպանության նախարարությունում ստորագրվեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր-Կլիմայի Կանաչ Հիմնադրամ (ՄԱԶԾ-ԿԿՀ) «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը: Նշվում է, որ 20 մլն դոլար դրամաշնորհային գումար է ստացվել: Ծրագիրն ուղղվելու է ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանը: Ծրագիրը քաղաքապետարանում է: Նրանում նշվում է, որ ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների 24 տոկոսն առաջանում է շենքերում սպառվող էներգիայից։ Այս թվաբանությունը հստակ չէ, թե որտեղից է վերցված: Իհարկե այստեղ չի նշվում նաև՝ այդ 24 տոկոսը հայաստանյան շենքերի արտանետումների տոկո՞սն է, թե՝ միջազգային ընդունված չափորոշիչներ են:

Ծրագրի շրջանակներում շենքերում ջերմամեկուսացման միջոցով նախատեսվում է ապահովել շուրջ 50-60 տոկոս էներգախնայողություն և, հետևաբար, բյուջեի տնտեսում, իսկ ներդրումները շուրջ 20 տարվա ընթացքում կհանգեցնեն արտանետումների 5.1-ից մինչև 5.4 մլն տոննա ածխաթթու գազի (CO2) կրճատմանը: Դարձյալ թվաբանություն:

Տրվելու է նաև 80 մլն ԱՄՆ դոլար`բացի 20 մլն դրամաշնորհը, սա արդեն վարկային գումար է:

Ծրագրում նշվում է նաև, որ այն կկրճատի աղքատությունը, նաև ջերմոցային գազերը: 20 մլն դոլար դրամաշնորհը տրվել է Կանաչ կլիմայի հիմանդրամը, 8 մլն դոլար լրացուցիչ տվել է քաղաքապետարանը, 1 մլն դոլարից ավելին տվել է ՄԱԿ-ի գրասենյակը: Կլիմայի կանաչ հիմնադրամի 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհներից 6 մլն ԱՄՆ դոլարը օգտագործվելու է շենքերի ԷԱ արդիականացման շուկայի և քաղաքականության խոչընդոտները հաղթահարելու տեխնիկական օգնության համար, 14 մլն ԱՄՆ դոլարը` արտոնությունների և շենքերի ԷԱ արդիականացման վարկերն ավելի մատչելի դարձնելու միջոցով խոցելի տնային տնտեսությունների կարիքները հոգալու և ֆինանսական խոչընդոտները վերացնելու համար:

Կա նաև մեկ բաղադրիչ՝ բնակիչներին և բանկերին համոզելը՝ ներկայացնելով որևէ ցուցադրական աշխատանք: Որպեսզի մտնեն շուկա, դրա համար 14 մլն դոլար է տրամադրվել, և այս գումարը ծառայելու է խայծ, որ կարողանան գովազդի միջոցով մտնել շոկա:

Ի վերջո, ո՞վ է տնօրինելու 20 մլն դոլար դրամաշնորհը: Իսկ ո՞վ է ծրագրի իրականացնողը: Դրա անգլերեն տարբերակում նշվում է, որ ամենօրյա իրականացումը կատարվելու է ՄԱԶԾ-ի Կլիմայի փոփոխության ծրագրային Գրասենյակի կողմից, ուստի գումարները ՄԱԶԾ-ում են, և այս ծրագիրը համակարգում է բնապահպանության նախարարությունը, այսինքն ծրագիրը կատարում է ՄԱԶԾ-ն, հսկում է շրջակա միջավայրի նախարարությունը, բայց որ բաժինը և ինչպես է համակարգվում՝ նշված չէ: Շրջակա միջավայրի նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակը ևս մաս է կազմում ծրագրին, սակայն ԾԻԳ-ի գործառույթները ծրագրում մշուշոտ են: Եթե գումարները ՄԱԶԾ-ում են, ստացվում է, որ Քաղաքապետարանն իր հերթին 8 մլն դոլարը տվել է ՄԱԶԾ-ին, որը նշանակում է, որ այդ գումարը, ինչպես նաև 20 մլն դոլարը, դուրս են մնում ՀՀ ֆինանսական, հարկային, վերահսկողական ծառայության հսկողությունից, քանի որ 3 կառույցները իրավունք ունեն վերահսկելու ՀՀ իրավաբանական անձանց գործունեությունը, ոչ միջազգային:

Նշվում է նաև, որ ծրագիրը կառավարվելու է Խորհրդի կողմից, ծրագրերի խորհուրդը պետք է հաստատի վարչապետը, իսկ այս ծրագրով, նման որոշում մեզ չի հաջողվել հայտնաբերել:

Եվ ի վերջո շենքի էներգաարդյունավտությունը չեն նվիրելու բնակիչներին, ծրագրում զգացվում են պարտադրանքի նյուանսներ: Խոսքը վարկի մասին է, յուրաքանչյուրը պետք է վարկ վերցնի, իսկ Երևանի բնակիչները դեռևս տեղյակ չեն, որ էներգաարդյուանվետության անվան տակ իրենց է պարտադրվելու ևս մեկ վարկային բեռ:

Բացի դրանից ցնցվելու է շինանյութի շուկան, քանի որ ներկրվելու է մեծաքանակ շինանյութ, որոնց որակը ոչ ոք չի ստուգելու, հարկեր չեն վճարվելու, ոլորտով զբաղվող բիզնեսմենները խնդիրներ են ունենալու, իսկ յուրաքանչյուր տնտեսական ցնցումը անկախնատեսելի հետևանքներ ունի:

Հարց. ինչո՞ւ այս ծրագիրը պետությունը՝ ի դեմս կամ շրջակա միջավայրի կամ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության չի արվում, այլ արվում է միջազգային կառույցի կողմից: Ի վերջո ինչո՞ւ է ազգային ուղղվածության ծրագիրը ՄԱԶԾ-ն իրականացնում: Չէ որ ազգային ծրագրերը ենթարկվում են փորձաքննության, հանրային լսումների առարկա են դառնում, իրականացման հսկողություն ու վերահսկողություն է սահմանվում:

Ազգային օրենսդրությունը ապահովում է մարդու հիմնարար իրավունքների իրացումը, մասնավորապես տեղեկատվություն ստանալու և որոշումների կայացմանը մասնակցելու գործերում: Այդ ծրագրերը կարող են նաև մերժվել հասարակության կողմից, եթե պարզվի, որ անընդունելի դրույթներ կան: Իսկ միջազգային ծրագրերը դուրս են մնում այդ պահանջներից և անգամ ազգային աուդիտ չեն անցնում:

Չի բացառվում, որ հենց այստեղ է թաղված շան գլուխը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից