Հասարակություն Բարի օր 

Ինչպե՞ս է սիբիրախտով հիվանդ գեղհովիտցին հատել ՀՀ սահմանը և հասել Ռուսաստան

Analitik.am-ի տեղեկություններով, հանրապետությունում շուտով կավարտվեն սիբիրյան խոցի կամ սիբիրախտի դեմ անասնագլխաքանակի պատվաստումները: Այնինչ սիբիրյան խոցի դեմ պետք է պատվաստվեն կենդանիները մինչև արոտ դուրս գալը՝ գարնանը: Սիբիրախտի բռնկման դեպքերը հաճախ արձանագրվում են, երբ կենդանիներին տանում են արոտ՝ գարնանը, երբ հողը տաքանում է և վարակված տարածքում սիբիրյան խոցի ցուպիկը սկսում է ակտիվանալ: Այդիսկ պատճառով, անասնաբույժները պատվաստում են հենց գարնանը:

Նկատենք, որ այժմ սեպտեմբերն է և պատվաստման համար նախընտրելի ժամանակը վաղուց անցել է: Սա անասնաբուժության բացթողումներից է և նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փակ աշխատանքի արդյունք:

Դեռևս 2018 թվականին պատվաստանյութերի հետ կապված ֆինանսական հոսքերն ուշացել էին, ինչի հետևանքով առանց այն էլ զգայուն ոլորտը տուժեց: Ոլորտի մասնագետներից մեկը, ով չցանկացավ ներակայանալ, ասաց, որ եթե սիբիրախտ է արձանագրվում, դա արդեն բացթողում է. ժամանակին կենդանուն չեն պատվաստել, սիբիրախտը կանխելու միակ եղանակը պատվաստումն է:

Նշենք, որ այս տարի արդեն երկու դեպք գրանցվել է սիբիրախտի. Մարտունու տարածաշրջանի Գեղհովիտ համայնքում և Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում: Երկու տարբեր եղանակային պայմաններ ունեցող բնակավայրերում նման իրավիճակն արդեն մեկնաբանության կարիք չունի: Ոլորտին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել:

Այս ամենն անդրադարձել է նաև օդագնացության վրա: Եթե երկրի ներսում հնարավոր է կենդանիների հիվանդացության դեպքերը կոծկել, ապա Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայություններն ավելի լավ են աշխատում և ավելի տեղեկացված են:

Պարզվում է, որ շուրջ 60 մարդու հետ առնչված սիբիրախտը հասել է ՌԴ: Եկատերենբուրգի «Կոլցովո» օդանավակայանում ուժեղացրել են վերահսկողությունը Հայաստանից ժամանող ուղևորների նկատմամբ: ՌԴ-ում անգամ տեղյակ են, թե մեր որ համայնքներում է սիբիրյան խոցն արձանագրվել, քանի մարդու մոտ և քանիսն են բժշկական հսկողության ներքո: ՌԴ-ում է հայտնվել Մարտունու Գեղհովիտ գյուղի բնակիչը, ում մոտ արձանագրվել է սիբիրյան խոց: Ինչո՞ւ նա չի բուժվել և ինչպե՞ս է հիվանդ վիճակում հատել ՀՀ սահման՝ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ Սիբիրախտը մարդկանց և կենդանիների սուր վարակիչ հիվանդություն է: Մարդը սիբիրախտով վարակվում է հիվանդ կենդանիները խնամելիս, հարկադրական մորթի, վարակակիր հումքի՝ կաշվի, բրդի, մորթու հետ շփվելիս: Հիվանդությունն ունի կայծակնային, սուր, ենթասուր և քրոնիկ ընթացք: Հիվանդության շանթահար և սուր ընթացքի դեպքում բուժումն անարդյունավետ է:

Կենդանին սատկում է մի քանի ժամվա ընթացքում ջղաձգությունից, շնչահեղձության հետևանքով:

Սպորները քիմիական և ֆիզիկական ազդակների նկատմամբ խիստ դիմացկուն են, հողում կենսունակ են մնում մի քանի տասնյակ տարի, եռացնելուն դիմանում են 1 ժամից ավել: Վարակված կենդանու միսն արգելված է օգտագործել:

Սիբիրախտից ընկած կենդանու դիակը ոչնչացնում են այրելու միջոցով:

Խիստ արգելվում է դիակի թաղումը, քանի որ հողի մեջ ստեղծվում են կայուն օջախներ:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից