Բիզնես Հասարակություն 

«Մեգո-Գոլդ»–ից պահանջում են Թուխմանուկի հանքավայրի շահագործման ամբողջական նախագիծը

analitik.am

Բնապահպաններն Ապարանի Մելիք գյուղի Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո-Գոլդ» ընկերությունից պահանջում են ներկայացնել հանքի շահագործման ամբողջական նախագիծ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Էկոլոգիական հասարակական դաշինքի» անդամ, բնապահպան Գրետա Գաբրիելյանը:

Նա նշեց, որ ընկերությունը երրորդ պոչամբարը կառուցելու հայտ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն:

«Մելիք գյուղում հանքի շահագործումը դեռևս սովետական տարիներից գոյություն ունի, բայց արվել է փակ եղանակով: 2005-ին այս ընկերությունը ստացել է հանքը շահագործելու թույլտվություն՝ 2 տարի բաց եղանակով, իսկ այնուհետև 6.5 տարի՝ ստորգետնյա եղանակով: Մինչ օրս շահագործումը կատարվում է միայն բաց եղանակով, ինչը ազդում է մարդկանց առողջության վրա»,– ասաց նա:

«Ճիշտ է Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ համայնքի առողջական վիճակը առանձնակի չի տարբերվում մյուսներից, սակայն երիտասարդները պնդում են, որ իրենք իրենց թույլ են զգում, հաճախակի գլխացավեր ունեն և այլն»,- ավելացրեց բնապահպանը։

Գրետա Գաբրիելյանը նաև նշեց, որ ընդհանրապես նման վտանգ առկա է բոլոր հանքերի դեպքում, սակայն այս տարածքը կարևոր է այն տեսանկյունից, որ ջրագոյացման տարածք է:

«Այստեղ անձրևից ու ձնհալներից առաջանում են ջրեր, որոնք հասում են Հալավարի ջրամբար, հետո Ապարանի ջրամբար: Հանքը շատ ծանր մետաղներ է պարունակում ոսկուց ու արծաթից բացի: Քանի որ հանքը բաց է, քամու ու ջրի հետ դրանք սփռվում են տարածքով մեկ»,- ասաց նա:

Eco Right կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանն իր հերթին նշեց, որ Թուխմանուկի ոսկու հանքավայրը բավական մոտ է գտնվում Մելիք գյուղին, այսինքն՝ բնակեցված տարածքին, և ըստ պոչամբարի ներկայացված նախագծի՝ հասկանալի չէ, թե ուր է հոսելու այդ պոչամբարը:

«Ընկերության տվյալներով՝ 18 հազար տոննա հաստատված պաշարներ պետք է շահագործվեն, եթե շահագործեն նույնքան պոչանք է առաջանալու: Պոչանքին խառնվում է ջուր, այդ ցեխաջուրը լցվում է պոչամբարը: Մեծ տարածք է պետք դրա համար: Թող ներկայացնեն ամբողջ նախագիծը, եթե պետք է տեղահանում թող ասեն, քննարկեն բնակչության հետ: Ամբողջական հանքավայրի շահագործման նախագիծը չեն ներկայացնում: Բացի այդ, այսօր կազմակերպել են հանրային լսումներ ու Երևան քաղաքում, այնինչ դա ենթադրում է քննարկում բնակչության հետ, այսինքն՝ պետք է կազմակերպվեր գյուղում»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ թեև երկրորդ հանրային լսումը պետք է անցկացվի առնվազն 30 օր հետո, բայց արվելու է երկու օր անց:

«Ցանկացած նախագիծ իրականացվում է ամենավերևների թողտվությամբ: Չգիտեմ՝ սրա հետևում ով է կանգնած, բայց իրենք իրենց պայմանավորվում են, թե որը ինչպես անեն, այլապես ինչո՞վ է բացատրվում այն, որ մի անգամ մերժվում է, հետո երկրորդ անգամ նույնությամբ ներկայացում կրկին հաստատման: Ես չգիտեմ, թե ով է կանգնած, բայց ակնհայտ է, որ ներքին համաձայնություն կա»,- ասաց բնապահպանը:

Նույն շարքից