Վերլուծական Տնտեսություն 

Հայաստանի տնտեսական աճը՝ որպես վարչապետական անուշեղեն

analitik.am

«2019 թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում»,-օրերս ֆեյսբուքյան իր էջում գրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նաև շարունակել. «Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետևյալն են. տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 7 տոկոս, արդյունաբերության աճ՝ 9.5 տոկոս, շինարարության աճ՝ 4.4 տոկոս, առևտրի շրջանառության աճ՝ 9 տոկոս, ծառայությունների աճ՝ 15.5 տոկոս, միջին ամսական աշխատավարձի աճ՝ 5.7 տոկոս, արտահանման աճ՝ 4.6 տոկոս: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են»:

Միայն հիշեցնենք, որ ազգային վիճակագրական կոմիտեի նախագահն իշխանափոխությունից հետո կրկին Ստեփան Մնացականյանն է, մարդ, ում նախորդ իշխանության օրոք մամուլը բնորոշում էր, որպես նկարչարարի:

Հետաքրքիր է, ինչի հաշվին է ձևավորվել տնտեսական ակտիվության ցուցանիշը, եթե Հայաստանում 2019 թվականի հունվար-հուլիսին արտադրվել է 4 մլրդ 302.4 մլն կ/վ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5 տոկոսով։

Հավելենք, որ այս տարվա յոթ ամիսներին ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 19.5 տոկոսով և կազմել 1 մլրդ 508.2 մլն կ/վ ժամ, ջերմային էներգիայի արտադրությունը՝ 33.3 տոկոսով, ՀԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 5 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 581.2 մլն կ/վ ժամ։

Բացի այդ, այս տարի Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն, 2019 թվականին իրական ՀՆԱ-ի աճը դանդաղ է՝ 4.3 տոկոս:

Նաև կանխատեսվել էր, որ 2019 թ. համաշխարհային և տարածաշրջանային աճի ավելի ցածր մակարդակը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման վրա:

Արժույթի միջազգային հիմնադրամը ևս 2019 թվականի համար կանխատեսել է, որ Հայաստանի տնտեսական աճը կկազմի 4,5 տոկոս:

Ազգային վիճակագրական կոմիտեի ցուցանիշներն էականորեն տարբերվում են միջազգային կառույցների ներկայացված ցուցանիշներից, այն է՝ Հայաստանի տնտեսական աճը 2019 թվականի երկրորդ եռամսյակում կազմել է 6.5 տոկոս:

ԱՎԾ-ն ներկայացնում է, որ ՀՆԱ-ի հավելաճին նպաստել են առևտրի և ծառայությունների, արդյունաբերության, շինարարության ճյուղերը:

Ինչպես տեսանք, Հայաստանում էլէներգիայի արտադրության ծավալները շուրջ 5 տոկոս նվազել են, իսկ այս պայմաններում ինչպե՞ս է շինարարությունը, սպասարկումը, արտահանումը աճել, մնում է դարձյալ ազգային վիճակագրական ծառայության խղճին. ոչինչ չի փոխվել: Իսկ միջազգային կառույցների կողմից նշված ՀՆԱ-ի դանդաղումը և տնտեսական համեստ աճն ԱՎԾ-ում պարարտացնում են և մատուցում վարչապետի սեղանին որպես անուշեղեն:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից