Քաղաքականություն 

«Թավշյա հեղափոխության» մասին. Անի Հովհաննիսյան

analitik.am

Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Թավշյա հեղափոխության» մասին

Ապրիլյան «թավշա հեղափոխություն» անունը ստացած դեպքերից հետո անցել է շուրջ 1 ու կես տարի: Այս ընթացքում հասարակության մի հատված ամեն առիթով տոնում է «հեղափոխության» հաղթանակը, մյուս մասը պնդում, որ հեղափոխություն չի եղել, ինչ-որ մասի համար էլ միևնույն է կատարվող քաղաքական թոհուբոհը: Այս գրվածքում չեմ անդրադառնա այն հարցին,թե արդյոք կատարվածը քաղաքագիտական իմաստով հեղափոխություն էր, թե՝ոչ, կարծում եմ՝ ճիշտ կլինի դրանով զբաղվեն ապագա քաղաքագետները, ինչու ոչ «ներկաները», քանի որ ներկայիս բոլոր քաղաքագետներին արդեն պիտակավորել են այս կամ այն ճամբարի գաղափարակից, հետևաբար նրանց բոլորի կարծիքը, միևնույն է, անընդունելի է լինելու հակառակ ճամբարի հետևորդների համար:

Կանդրադառնամ հեղափոխության մեկ այլ կարևոր բաղադրիչին՝ արժեհամակարգի փոփոխությանը: Յուրաքանչյուր հեղափոխության պարտքն է փոխել հին բարքերը նորերով, կործանարար արժեհամակարգը՝ ստեղծարարով: Եթե սա հաջողվում է, ապա նույնիսկ քաղաքագիտական գնահատակը դառնում է երկրորդական, բոլորն ընդունում են հեղափոխության հաղթանակը:

Այժմ այն մասին, թե արժեհամակարգի ի՞նչ փոփոխություններ են նշմարվում և արդյոք դրանք կարելի է համարել հեղափոխության հաղթանակ: Ըստ իս, հենց ներքոնշյալներից է բխում մնացածը.

«Հումորիստների» պետություն

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ծաղրուծանակի է ենթարկվում ամեն ինչ և բոլորը: Այլևս անհնար է դարձել որևէ իրադարձության կամ գաղափարի մասին լուրջ քննարկումները, մասնագիտական բանավեճերը, առհասարակ ինչ-որ հարցի լուծման շուրջ լուրջ խոսելը և գործելը, քանի որ նորաձև է ամեն ինչ հումորի վերածելը: Սա հետևանք է քաղաքական վերնախավի անլուրջ մոտեցման, նրանց ծիծաղելի և անհեթեթ գործողությունների, այս իրավիճակում, եթե այլ տեսակետ ունեցող մարդը հումորը բացառի և սկսի լուրջ վերաբերվել կատարվող իրադարձություններին, լավագույն դեպքում կխելագարվի:

Հայհոյանքի իշխանություն

Առաջ աննորմալ էր, երբ սոցիալական ցանցերում որևէ մեկը հայհոյանք էր գրում, դա անընդունելի էր բոլորի համար: Այժմ արդեն աննորմալ է, երբ էջումդ հայհոյանք չեն գրում: Կին, տղամարդ, պաշտոնյա, ուսանող... բոլորը հայհոյում են: Հայհոյանքների առատությունն այն աստիճանի է հասել, որ այլևս որևէ մեկը չի ամաչում դրանք կարդալուց, դրանք ամբողջովին ներմուծվել են մեր առօրյա, դարձել են նորմա: Տպավորություն է, որ հաղթելու է այն ճամբարը, ով ավելի շատ ու գեղարվեստորեն հագեցած հայհոյանքներ կգրի:

Յուրայիններին ներել, թշնամիներին՝ վառել

Բոլորը բաժանվել են յուրայինների և թշնամիների: Այս իրավիճակում յուրայինին կարելի է ամեն ինչ, իսկ թշնամիներին պետք է վառել, բանտարկել, սպանել և այսպես շարունակ: Եթե յուրայինն է վրաերթի ենթարկել երեխային, ապա մեղավոր է երեխան: Այլևս չկան բարոյական սահմաններ՝ կարող են ամենակոպիտ ձևով վիրավորել երեխային, ծնողին՝ առանց նույնիսկ մտածելու, թե ինչ կարմիր գծեր են անցնում: Կա մի նպատակ՝ ամեն գնով պաշտպանել յուրայինին՝ նույնիսկ, եթե նա մեղավոր է, ստում է և այլն:

Յուրայինների համար այլևս նորմալ է դարձել ամեն ինչ, ինչն օբյեկտիվորեն կարող է բնորոշվել ամոթալի, ստոր, անօրինական, սխալ, անբարոյական, անընդունելի... Արարքները չեն գնահատվում ըստ իրենց բնույթի, կա մեկ մոտեցում՝ ո՞վ է արել: Եթե «սպիտակների» ճամբարից մեկին պլաստմասե շշով խփում են, պետք է խփողին կալանավորել, իսկ եթե «սպիտակների» ճամբարից մեկը երեխայի է վրաերթի ենթարկում՝ պետք է երեխայի մորը պատժել:

Փաստացի, արժեհամակարգի փոփոխություն եղել է, ցավոք, վատ իմաստով, բայց դա հեղափոխություն չէր, քանի որ ոչ թե հին բարքերը փոխարինվեցին նորերով, այլ հենց հին «բարքերի» կեղտն ու վատը, որից պետք է ազատվեինք, ավելի խտացված և մեծ չափաբաժնով ներմուծվեց մեր կյանք. Կործանարար արժեհամակարգը ոչ թե փոխվեց, այլ ավելի ամրապնդվեց...»։

Նույն շարքից