Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Կիրակնօրյա պարզ մտավարժանքներ Պողոս-ների համար։
Սիրելի ժողովրդի, սիրելի հատված, այսօր փորձենք մի փոքր միասին մտածել (խոստանում եմ, հարցը պարզ է, շատ չեք տանջվի):
Ուրեմն այսպես` ուշադրություն դարձրե՞լ եք, որ վերջին շրջանում ի հայտ են բերվել ինչ-որ «դուխով», փողոցային պահելաձևով, «կյանք տեսած» (իր ամեն ինչով) կերպարներ, ովքեր ձեզ զբաղեցնում են տարատեսակ թիրախների վրա, նախկինում մեդիա դաշտի համար անթույլատրելի բառապաշարով, լուտանքների տարափ տեղալով։ Դուք էլ դե վաղուց երազել եք, որ հայաթի Սուրիկի գարեջրի բուդկի շրջակայքում երեկոյան կողմ տեղի ունեցող զրույցների մակարդակի մի բան ունկնդրեք նաև լրատվության միջոցներով, ու անասելի ուրախ եք։
Ճիշտ է, սեանսից հետո, այնքան էլ չեք հիշում, թե բանախոսն (այս բառն ի դեպ գնալով իմաստավորվում է) ինչ էր կոնկրետ ասում, կարող էր ասածը ճիշտ լինել, թե ոչ, ի վերջո ձեր կյանքում ինչ փոփոխություն էր մատնանշում նա ու ինչ եղանակով, բայց լավ հիշում եք, թե ինչպես այդ բանախոսը «տեղը դրեց» սրան, նրա «պորտը դրեց տեղը», երրորդին առհասարակ «չուլ սարքեց»։
Ես չեմ խոսի այն մասին, թե սա ինչ մեխանիզմներ են ու ինչու են ձեր նկատմամբ կիրառվում, քանի որ եթե դուք դա ի վիճակի լինեիք դա ընկալել, ապա այդ մեխանիզմները չէին էլ կիրառվի։Բայց կան պարզ երանգներ, որոնք դուք էլ կարող եք հասկանալ։
Չե՞ք նկատել արդյոք, որ այդ «բանախոսները», թիրախավորելով ինչ-որ խումբ մարդկանց, օրինակ գեներալների, օլիգարխ-գործարարների, հեղինակությունների, քաղաքական գործիչների, ու ներկայացնելով նրանց իբրև ձեր թշնամի, ձեզ կեղեքող, մի խոսքով ձեր «Պողոս» լինելու հիմնական պատճառ, չեն հարվածում այդ խմբերի մեջ մտնող բոլոր դերակատարներին, ընտրում են խմբից մեկին կամ երկուսին, նրբորեն շրջանցելով մյուսներին, կարծես թե նրանք գոյություն էլ չունեն։ Կամ այլ տարբերակ` բանախոսը լալահառաչ հայհոյանքներով մի ամիս պախարակում է քաղաքացի Ղուկասին, ու հանկարծ x օրվա, x ժամից սկսած դուք այլևս չեք լսում Ղուկասի անունը, սկսում է հնչել բացառապես Մարտիրոսինը։
Չեք մտածել չէ՞, թե ինչից է այսպես։ Բայց կարծում եմ, որ այս նրբությունը կարող էիք նկատել անգամ դուք, որից հետո եթե մի փոքր փորձեիք ուսումնասիրել ձեր ականջին նստեցված բանախոսների կենսագրությունն ու պարզել, թե ովքեր են եղել այդ Պանիկովսկիները նախքան հեղափոխությունը, շատ բան կարող է հասկանայիք։
Փորձեք, հարգելի Պողոսներ, փորձեք ու «պորտը տեղը դնելու» արանքներում կարող է դուք էլ հասկանաք, որ այսօր ԲԱՆախոսի վերածված շարքային շորթողներն ու խարդախներն ուղղակի ձեր հաշվին փող են աշխատում... Նրանք անվճար չեն խոսում ճիշտ այնպես, ինչպես անվճար չեն լռում։
Երբ կնկատեք բանախոսի բերանի կողմից շրջանցվող մարդկանց խումբը, հասկացեք, որ չվայրահաչելու դիմաց փողն արդեն տրված է, այնպես էլ, երբ նկատեք, որ որևէ Ղուկասի անվան շահարկումը հանկարծակի դադարեց, դա նշանակում է, որ փողը նորմալ տեղ հասավ։
Հ.Գ. Իսկ եթե հանկարծ չեք նկատի փող «կպցնելու» այս հետհեղափոխական սխեման, մի վհատվեք, սիրելիներս, շարունակեք ուրախանալ սրա-նրա պորտի տեղադրմամբ, մի քիչ էլ Միլանի տոմսի գներով, դուք մեզ ամեն դեպքում ուրախ եք հարկավոր։»