Քաղաքական Բարի օր 

«Իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտության մասին. Անի Հովհաննիսյան

Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

««Իշխանությունը պատկանում է ժողովրդին» արտահայտության մասին.

Առավել ևս այսօր շատ նորաձև է դարձել այս արտահայտության կիրառումը, սակայն մի պահ տրամաբանենք, թե ինչպես կարող է կապիտալիստական աշխարհում իշխանությունը պատկանել ժողովրդին: Կասեք՝ թե բա ընտրությունների միջոցով, դեմոկրատական հասարակություններում մարդիկ գնում, ընտրում են, իրենց քվեն տալիս են այս կամ այն ուժին, որն էլ իրենց անունից... Այստեղ մի րոպե՝ իրենց անունից ի՞նչ է անում, լսո՞ւմ է բոլորին, իրեն ընտրած մարդկանց հուզող հարցերը բարձրացնո՞ւմ ու լուծո՞ւմ, թե՞ իր կամ իր քաղաքական ուժին հուզող հարցերով է զբաղվո՞ւմ: Տրամաբանական է, որ երկրորդ տարբերակը:

Հիմա երկրորդ հարցն՝ իսկ ինչպե՞ս են մարդիկ ընտրում՝ լսո՞ւմ են, հասկանո՞ւմ, ընկալո՞ւմ, հավատում ու ընտրո՞ւմ... Այդ դեպքում ինչո՞ւ են քաղաքական PR-ի մասնագետներն այդքան լավ վճարվում, առհասարակ ինչո՞ւ գոյություն ունի քաղաքական PR, նախընտրական պուպուշ ռոլիկներ, բաններներ, բալիկների հետ նկարներ և այլն...Ինչի՞ է պետք այդ ամենը, միանգամից մի անգամ կլսեին կամ կհավատային, կամ չէ...

Համարենք, թե որևէ ազդեցության տակ չեն եղել, հավատացել են կոնկրետ որևէ թեկնածուի և ընտրել, սակայն վերջինս չի արդարացրել իրենց սպասելիքներն, այդ դեպքում ի՞նչ է լինում,եթե իշխանությունը ժողովրդինն է, ապա ինչո՞ւ ժողովուրդը չի կարող պատժել այն ուժին կամ գործչին, ով իր իշխանությունը ոտնատակ է տվել...

Կասեք, թե բա պատժում է, հեղափոխություն է անում, այն ուժը, որ գալիս է, սկսում է քրեական գործեր հարուցել, մարդկանց կալանավորել և այլն, լավ, իսկ այդ իշխանության եկած նոր ուժն անո՞ւմ է այն, ինչի համար ժողովուրդն իրեն իշխանություն է տվել, թե՞ նորից զբաղված է իր իսկ սեփական նպատակներով, ինչի համար էլ մարդ է կալանավորում, քրեական գործեր հարուցում, իբր պատժում և այսպես շարունակ...

Փաստացի, բոլոր քաղաքական ուժերի օրակարգն է՝ գալ իշխանության, ապա պահել իշխանությունը՝ սեփական նպատակների իրագործման համար, ժողովրդի մասին էլ հիշել ընտրությունից ընտրություն:

Այս հարցն, ի դեպ, առաջադեմ երկրներում ինչ-որ չափով կարգավորվել է՝ ժողովուրդը թքած ունի, թե ով է գալիս իշխանության, ով է պահում, ով ՝ ոչ...

Քաղաքացիների գիտակցությունն այն աստիճան է, որ իրենք ոչ առանձնապես սիրում են, ոչ էլ ատում քաղաքական գործիչներին...

Խելամիտ քաղաքացուն հուզում է իր հստակ հարցերի լուծումները՝ պահանջում է ցածր հարկեր, բարձր աշխատավարձ և այլն, օրվա իշխանությունը չի կարողանում,թող գնա,գա մեկը, ով կանի...

Այս դեպքում քաղաքացուն միևնույն է, թե այդ մեկն ով է՝ սիրուն է, թե՝ ոչ, ում տղան է, կամ հարսը, կամ էլ խնամին...

Կա հարց, իրեն պետք է այդ հարցի լուծում, այլ ոչ թե կուռք, ում անունով կերդվի... Դրա համար կան երգիչներ, դերասաններ, ի վերջո աստվածներ, ում կարելի է պաշտել, բարեմասնությունները գովերգել, անունով երդվել և այլն...

Վերոնշյալ հասարակություններում կարելի է ասել, որ քիչ,թե շատ ժողովրդավարություն կա, իսկ այն երկրներում, որտեղ սիրո և ատելության գաղափարի վրա է քաղաքական իրականությունը ուրվագծվում, ժողովրդի իշխանության մասին խոսելն անգամ ծիծաղելի է:

Հայաստանում իշխանությունը երբեք էլ ժողովրդին չի պատկանել և եթե մտածելակերպ չփոխվի, դժվար էլ թեկուզ մի քիչ պատկանի»:

Նույն շարքից