Քաղաքական Բարի օր 

Ներկայիս իշխանությունը շարունակում է առաջնորդվել քայքայիչ բևեռացումը խորացնելու մոտեցմամբ

Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«Ներկայիս իշխանությունը շարունակում է առաջնորդվել քայքայիչ բևեռացումը խորացնելու մոտեցմամբ:

Հայաստանի բնակչությունն անկախությունից ի վեր բևեռացված է եղել՝ թե մինչև ապրիլյան «թավշյա հեղափոխություն» անունը ստացած դեպքերը,թե դրանից հետո: Տարօրինակ օրինաչափությամբ, որևէ իշխանության չի հետաքրքրել այդ բևեռացվածությունը մեղմելու, չեմ խոսում էլ վերացնելու հարցը:

ԽՍՀՄ փլուզումից հետո հասարակությունը բաժանվեց նոր հարստացածների և հարստահարվածների: Այս երկու շերտերը սկսեցին ատել միմյանց: Կապիտալիզմի ներմուծմամբ փոխվեց թե բնակչության սոցիալական պատկերը՝ թալանի , ով ինչ կարող էր սեփականաշնորհելու, հարուստների խնայողություններ կորստի և այլնի հաշվին, թե տեղի ունեցավ արժեքային առումով բևեռացում. մարդկանց մի հատված ապրում էր սովետական գաղափարներով, մյուսները փորձում էին հարմարվել կապիտալիզմին և դեռ անհասկանալի ժողովրդավարությանը: Պարզ էր մի բան, որ կար հասարակության երկու հիմնական հատված՝ հին և նոր բարքերի հետևորդներ:

Այնուհետև սկսվեց նոր փուլ, որի հաջողելու համար պետք էր միասնական հասարակություն, բայց չէր ստացվում, քանի որ այս անգամ էլ հին բևեռացմանը գումարվեց ևս մեկը՝ անպատժելիներ և տուժվածներ: Երկրորդ խումբն իր բոլոր անհաջողությունների մեջ մեղադրում էր առաջինին:

Սրան էլ հաջորդեց ավելի խորացված բևեռացվածությունը՝ անպատժելիները դարձան հանցագործներ, իսկ իրենց տուժված հռչակածները ատելության քարոզիչներ: Հասարակության բևեռացվածությունն իր կրիտիկական կետին հասավ այն ժամանակ, երբ արդեն հստակ տարանջատումներ տրվեցին՝ սևեր և սպիտակներ:

Ցավոք, այս ամբողջ ընթացքում որևէ ղեկավար չի փորձել հասկանալ և լուծել բևեռացվածության հարցը՝ հակառակը բոլորն էլ ավելի են խորացրել՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ավելի հեշտ է ընտրությունների ժամանակ հաղթել, եթե դիմացինդ ոչ թե մրցակից է, այլ թշնամի: Ավելի հեշտ է մեղադրել բոլորին՝ սևերին, դևերին և այլոց,քան խոստովանել, որ չես կարող որևէ բան փոխել:

Այսօր այս բևեռացվածությունն արդեն խորացել է այն աստիճան, որ կամ պետք է բախման բերի, կամ էլ վերջապես անցումային փուլից մտնենք կառուցողական փուլ և դառնանք իրոք հասուն հասարակություն, որի անդամները մտածում են ոչ թե միմյանց կալանավորելու, թուլացնելու, ոչնչացնելու, այլ օգնելու ու միասին զարգանալու մասին: Այս հարցում շատ մեծ դեր է խաղում իշխանության մոտեցումը, որը, ցավոք, ի սկզբանե ընտրել և շարունակում է պահել պառակտիչ, քայքայիչ և դեպի կործանման տանող բևեռացման խորացման ուղին»:

 

Նույն շարքից