Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՄԵՆՔ ՄԱՐԴԱՍԵՐ ՈՒ ՆԵՐՈՂԱՄԻՏ ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՆՔ․․․
Իշխանության գալուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղղակի ջախջախիչ ու անվերականգնելի հարված հասցրեց այն ժամանակվա ամենահզոր օլիգարխներ Բորիս Բերեզովսկուն, Միխայիլ Խոդորկովսկուն, Վլադիմիր Գուսինսկուն և այլ ամենակարողների, ովքեր անվերահսկելի իշխանություն ունեին Ռուսաստանում՝ շատ դեպքերում վճռելով իշխանության հարցը։
Անգամ վարկած էր շրջանառվում, որ Պուտինին իշխանության բերելու գործում մեծ է եղել անձամբ Բորիս Բերեզովսկու դերը։ Վերջինիս մասին ասում էին, որ նա գիտակցում էր, որ երբեք չի կարող դառանալ Ռուսաստանի նախագահը, բայց նախագահին կառավարելուց նա գերհաճույք էր ստանում...
Այլ հարց է, թե հետագայում ինչպիսի կառուցակարգեր ու կառավարման ոճ որդեգրվեց Ռուսաստանում, բայց ակնհայտ էր, որ Վլադիմիր Պուտինը ճիշտ որոշում էր կայացրել՝ հասկանալով, որ նշված անձինք պարզապես սպառնալիք են պետության բնականոն գործունեության համար․․․
Սահակաշվիլու իշխանության գալուց հետո Վրաստանում առհասարակ օլիգարխիային հասցվեց ջախջախիչ հարված:
Ընդհանրապես, հզորները և իրենց հարգող պետությունները հարկ եղած դեպքում նաև պատժել գիտեն, իրենց պետության բնականոն գործունեությունը սպառնացող սուբյեկտներին մեկուսացնել գիտեն, իրենց չափերի մեջ դնել գիտեն, մտածում են նաև իրենց խոսքի արժեքի, պետության արժանապատվության ու հեղինակության մասին` ցույց տալու համար, որ, այնուամենայնիվ, քաղաքական սկզբունքը չի կարելի ստորադասել քաղաքական կոնյուկտուրայի հետ:
Համաձա՛յն եմ, որ մենք երբեմն այլ պատկերացում ունենք իրական գործարարների, ձեռնարկատերերի, վերջապես՝ հարուստ մարդկանց մասին՝ մտածելով, որ նրանց գործունեությունն ու հաջողությունը խարսխված է եղել բացառապես հովանավորչության ու անօրինականության վրա, հակառակ դեպքում, նրանք չէին կարող տիրապետել այդքան ռեսուրսների:
Ես գտնում եմ, որ Հայաստանի իրական հաջողությունը կախված է հենց իրական ու օրինավոր գործարարներից, իրական ձեռնարկատերերից, սեփականատերերից, ովքեր ունեն հաջողության հասնելու համառություն, նպատակասլացություն, վճռականություն, և պետությունն իսկապես պարտավոր է իր բոլոր միջոցներով նպաստավոր ու հավասար պայմաններ ստեղծել ձեռներեցության ու գործարարության համար՝ ապահովեու համար Հայաստանի բնականոն գործունեությունը:
Բոլորովին այլ է օլիգարխիայի նկատմամբ ունեցած մեր հանրային ընկալումն ու վերաբերմունքը:
Այս առումով մերն ուրիշ է, մենք բոլոր դեպքերում տարբերվում ենք, մենք հանդուրժող, մարդասեր ու ներողամիտ ժողովուրդ ենք:
Միայն մենք կարող ենք տարիներ շարունակ որևէ մեկին կամ ոմանց կասկածել առանձնապես ծանր հանցագործությունների կազմակերպման մեջ, հետո համարենք, որ ընդամենը խոսել ենք՝ խոսելու համար, միայն մենք կարող ենք տարիներ շարունակ խոսել ընտրական համակարգը պղծողների, բոլոր ժամանակների իշխանությունների քմահաճույքները կատարողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին, հետո լռենք ու մոռացնել տանք, ավելի՛ն, հարմար պահը գտնենք՝ միասին ծափահարելու Հայաստանի զարգացման համար:
…Մի առիթով գրել էի, որ ժամանակի անգլիացին չէր հանդուրժի իր ժամանակի թագավորի գրկախառնումը Շեքսպիրի ու հաջորդ օրը նույն թագավորի ախպերական խրախճանքը օրվա ՛՛փողատիրոջ՛՛ հետ: Մենք հանդուրժում ենք, ծափահարում…
Գերմանացին չէր հանդուրժի իր օրվա ՛՛Կանցլերի՛՛ բարեկամությունը Գյոթեի, Բախի, Մոցարտի հետ, ու հաջորդ օրը օրվա ՛՛փողատիրոջ՛՛ հետ սեփական գերմանացուն հրապարակավ մանիպուլիացիայի ենթարկելը: Մենք հանդուրժում ենք, ծափահարում…
Չգիտե՛մ, գուցե սա՞ է ճիշտը: Գուցե այդպե՞ս են Անգլիան ու Գերմանիան դարձել աշխարհի հզորներից…
Այդուհանդերձ, տխուր է, երբ հիմա մարդը զբաղված է ինքն իրեն հերքելով, երբ ներկայի գործունեությունն ուղղակիորեն ջնջում է իր անցած ճանապարհն ու ով լինելը՝ հաստատելով, որ քաղաքական կոնյուկտուրան ու շահը կարող է ոչնչացնել ցանկացած սկզբունք, որի վրա ժամանակին կառուցել էր իր քաղաքական գործունեությունն ու պայքարը․․․»: