ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.
2007 թվականին ՀՀ-ն ստորագրել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ կառավարությունը քննարկել և հավանություն է տվել վերոնշյալ կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Տարօրինակ է այն, որ այս օրենքի նախագծի քննարկումը կառավարությունում ներառված է չզեկուցվողների մեջ։
Այս կոնվենցիայի 6-րդ հոդվածում խոսվում է երեխաների սեռական կրթության մասին։ Մեջբերում եմ․
«Յուրաքանչյուր կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական և միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու չարաշահման հետ կապված վտանգների, ինչպես նաև ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին»։
Կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունը, իսկ իրագործողը լինելու են հիմնականում վերոնշյալ և ԿԳՄՍ նախարարությունները։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս երկու նախարարություններում էլ Սորոսի հիմնադրամի ազդեցության տակ գտնվող անձինք են որոշումներ կայացնողները՝ հարց է առաջանում, թե ինչ ձևով է տարրական և միջնակարգ կրթական ծրագրերում ներառվելու երեխաների՝ սեռական դաստիարակության առարկան։
Ընդամենը մի քանի ամիս առաջ մեծ աղմուկ բարձրացրեց «Իմ մարմինն անձնական է» գիրքը, որն, ինչպես հեղինակներին էին նշում, նախատեսված էր 3-6 տարեկան երեխաներին սեռական ոտնձգություններից զերծ պահելու համար։ Սակայն, այդ գրքում տեղ գտած ձևակերպումներն, ինչպես փաստեցին մասնագետները, 3-6 տարեկան երեխաների հոգեբանության վրա ունենալու էին հակառակ ազդեցություն՝ արհեստականորեն երեխաների մոտ առաջացնելով սեռական բնույթի գործողությունների նկատմամբ հետաքրքրություն։
Հաշվի առնելով ԿԳՄՍ և Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունների վարած քաղաքականությունը, հովանավորած միջոցառումները և առհասարակ մոտեցումները, վտանգավոր է այս կոնվենցիայի վավերացումն այս փուլում և դրանից բխող գործողությունների կատարումը վերոնշյալ նախարարությունների կողմից։ Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ է կոնվենցիան վավերացնելու մասին օրենքի նախագիծը համարվել չզեկուցվող։Ի՞նչ կար թաքցնելու։
Մի հետաքրքիր հանգամանք էլ՝ ՀՀ Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Զարուհի Բաթոյանին կից հասարակական խորհրդի անդամների ճնշող մեծամասնությունը Սորոսի հիմնադրամի կողմից հովանավորվող կազմակերպությունների ներկայացուցիչներ են։
Կարծում եմ՝ պետք է շատ ուշադիր լինենք այս կոնվենցիայի հետագա ճակատագրին ԱԺ-ում, մասնագետներին էլ կխնդրեմ չկենտրոնանալ միայն Ստամբուլյան կոնվենցիայի վրա, այլ նաև այս կոնվենցիան ուսումնասիրել՝ հասկանալու համար, թե այստեղ ինչ թաքնված վտանգներ կան։ Պարզ չէ նաև, թե ինչու է 2007 թվականին ստորագրված կոնվենցիան հենց հիմա անհրաժեշտություն առաջացել վավերացնել, այն էլ գաղտնի։
