գլխավոր Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական բազան Հայաստանից դուրս բերելու պահանջների մասին

Չնայած ձերբակալությանը՝ ՀՀ երկրորդ նախագահը մնում է ակտիվ քաղաքական գործիչ։ Sputnik Արմենիան նրա գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար։

Ինչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը միջազգային իրավիճակի, տարածաշրջանում և երկրում տիրող իրավիճակի մասին: Հասկանալի պատճառներով ստացվել է ոչ թե հարցազրույց, այլ բացառիկ տեքստ, որը հեղինակը պատրաստել է քննչական մեկուսարանում։

Համաշխարհային քաղաքականության նոր փուլի մասին

Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից և մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաև՝ փոքր ու մեծ պատերազմներով:

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարևելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբևեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:

Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները և միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:

Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:

Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաև, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետևանքների ակնառու դաս լինի:

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը և դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, և դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաև երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից