Հայաստան Քաղաքականություն 

Արցախում ապրում են իրական մարդիկ, ում իրավունքները պաշտպանված չեն. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախի անվտանգության միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է.

Շվեյցարական Դելեմոն քաղաքում, Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային վեհաժողովում, որի օրակարգը ազգերի ինքնորոշման իրավունքն էր որպես իրավական նորմ, խոսել եմ ինքնորոշված Արցախի, այնտեղ ապրող մարդկանց իրավունքների եւ Արցախի միջազգային ճանաչման մասին, որպես անվտանգության միակ երաշխիքի։

Եւ այսպես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը որպես իրավունքի սկզբունք. իրավիճակը Եվրոպայում։ Այն, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա իրավունք է, հստակ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության հենց առաջին հոդվածում, ուր ասվում է՝ «Միավորված ազգերի նպատակներն են զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև` հիմնվելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա»: Իսկ ՄԱԿ-ի կանոնադրության 55-րդ հոդվածը շարունակում է՝ «…իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման հարգանքի վրա կայունության ու բարօրության պայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների համար …»: 1966թ.ի մարդու իրավունքների մասին երկու՝ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» և «Տնտեսական, հասարակական եւ մշակութային իրավունքների մասին» կոնվենցիաներում հստակ ամրագրված է՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքով էլ նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ են իրենց տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացմանը»:

Այսինքն, հարգելի գործընկերներ, ելնելով վերոնշյալ և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերից՝ մենք իրավունք ունենք պնդելու, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը «յուս կոգենս» կարգավիճակ ունի, ինչը նշանակում է, որ պարտադիր կատարման նորմ է բոլոր պետությունների համար։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհում չպիտի լինեն գորշ գոտիներ, սեւ խոռոչներ, որտեղ ապրող մարդիկ զրկված են իրենց իրավունքների պաշտպանությունից։ Եվրոպայում, որի արժեհամակարգը մարդու իրավունքն է, չպետք է լինեն գոտիներ, որտեղ ապրող մարդկանց իրավունքները ամեն օր եւ ամեն ժամ վտանգված են, որովհետեւ միջազգային հանրությունը չի ընդունել նրանց ինքնորոշման իրավունքը։ Եւ որպեսզի խոսքս առարկայական լինի, այսօր խոսելու եմ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հանրապետության մասին։ Արցախի ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին, հանրաքվեով հռչակեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի նորմերին եւ այն ժամանակ ԽՍՀՄ օրենքներին համաձայն: Արցախի անկախ հանրապետությունը 28 տարեկան է եւ լինելով Եվրոպայի մաս, միակողմանի վավերացրել է եվրոպական բազմաթիվ կոնվենցիաներ, իր օրենսդրությունը համահունչ է եվրոպական օրենսդրությանը։ Սակայն, Արցախի քաղաքացին զրկված է տարրական այն իրավունքներից, ինչը ունի մեզանից յուրաքանչյուրը։ Եւ չնայած միջազգային կառույցները, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանն ու ԵԽԽՎ-ն ընդունել են բանաձեւեր, նշելով, որ պետության քաղաքական կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել այնտեղ ապրող մարդու իրավունքների պաշտպանության համար, իսկ ընդամենն ամիսներ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց 2040 բանաձեւը, որը կոչ է անում Եվրոպայի Խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել գորշ գոտիներ եւ չանտեսել այնտեղ ապրող մարդկանց իրավունքները, սակայն այդ բանաձեւերը դեռ մնում են ընդամենը թուղթ, իսկ Արցախում ապրում են իրական մարդիկ, ում իրավունքները պաշտպանված չեն։ Ու եթե դեռ դիսկուրս կա Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ապա հաստատ դիսկուրս չկա այնտեղ ապրող մարդկանց իրավունքների շուրջ։ Ես խորապես համոզված եմ, որ ցանկացած տարածքում ապրող մարդ չպետք է զրկվի իր արժանապատվությունից եւ հիմնարար իրավունքների պաշտպանությունից միայն այն պատճառով, որ իր երկիրը դեռ ճանաչված չէ։ Ու մինչ Եվրոպան շարունակում է կիսաբաց աչքերով նայել Արցախի ժողովրդի ինքնորոշմանը, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ երազում են նոր պատերազմի մասին։

Հարգելի գործընկերներ, ես կարդացել եմ ադրբեջանական դասագրքերը եւ զարհուրել եմ հայատյացության այն գերդոզայից, որ ներարկում են ադրբեջանցի երեխաներին։ Ադրբեջանուհի Մարիամ Գյունեշլին բաց նամակ էր հրապարակել, որտեղ ասում էր, որ սարսափում է, որ այդ դասագրքերով դասավանդվող իր որդին մեծանալու է ռասիստ եւ հայատյաց։ Հայատյացության տոտալ քարոզի արդյունք էին այն անմարդկային վայրագությունները, որին աշխարհը ականատես եղավ 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ ԴԱԻՇԸ անգամ կնախանձեր ազերիների կատարած ոճրագործություններին։ Եւ ուրեմն Արցախի, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության միակ երաշխիքը կարող է եւ պետք է լինի Արցախի ճանաչումը։

Հարգելի գործընկերներ, մեր այսօրվա օրակարգն է ժողովուրդների ինքնորոշումը՝ որպես իրավունքի նորմ։ Եվրոպական արժեհամակարգի ալֆան եւ օմեգան մարդու իրավունքն է, նաեւ՝ ժողովրդի իրավունքն է՝ կատարելու իր ընտրությունը»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից