Բարի օր Վերլուծական Քաղաքականություն 

Փորձ է արվում ժողովրդի գլխին կախել այնպիսի սուր, որից չեն կարողանում ազատվել նույնիսկ եվրոպական երկրներում. Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմը լուրջ աղմուկ չհանեց այն պատճառով, որ մեր հասարակությունը հոմոֆոբ է: Ամենևին, ոչ: Առողջ քննադատող որևէ մեկին հետաքրքիր չէ Մելինեի անձնական կյանքը, սեռական կողմնորոշումը և նախասիրությունները: Ֆիլմը քննադատության արժանացավ առաջին հերթին այն պատճառով, որ ի սկզբանե ամեն ինչ հիմնված էր ստի վրա:

Նախ կառավարությունը հայտարարեց, որ ֆիլմը Մելինեի սպորտային հաջողությունների մասին է, ապա հայտնի դարձավ, որ Մելինեի սպորտային հաջողություններն այդքան էլ միանշանակ չեն՝ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի հավաքականը չի կարող մասնակցել օլիմպիական խաղերին, իսկ ավելի ուշ էլ հայտարարվեց, որ ֆիլմն ինտիմ վավերագրական ոճի է: Երբ այլևս թաքցնելու ոչինչ չկար, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում տրանսգենդերին համեմատեց հիվանդ երեխայի հետ և հայտարարեց, որ Մելինեին վերցնում է իր անձնական պաշտպանության ներքո:

Այս ամբողջ պատմության մեջ անընդունելին առաջին հերթին սուտն էր, երբ կառավարությունը քողարկված ամեն կերպ աջակցում է միասեռականների, տրանսգենդերների քարոզչության տարածմանը՝ գուցե չհասկանալով, թե ինչ վտանգավոր համակարգ է ներմուծում այդ կերպ:

Միասեռականության, տրանսգեդերների և առհասարակ սեռական կյանքի հետ կապված օրակարգերը նոր չեն և այնպես չէ, որ միայն Հայաստանում են դրանք ներմուծվում: Ամբողջ աշխարհում է տարվում այս քարոզչությունը՝ որոշ երկրներում շատ, որոշներում՝ քիչ: Ոմանք սա պայմանավորում են աշխարհի բնակչության կրճատման անհրաժեշտության տեսությամբ, մի մասը՝ միասեռականների աշխարհը կառավարելու տեսությամբ և այլն, սակայն կա մի տեսություն, որն, ըստ իս, ամենաիրատեսականն է:

Նորից պետք է խոսեմ կապիտալիզմից և տրանսազգային կորպորացիաներից: Արդեն երկար ժամանակ է տրանսազգային կազմակերպություններն ավելի հզոր են, քան շատ պետություններ: Իդեալական աշխարհում կապիտալը պատկանում է մարդկանց մի խմբին, իսկ իշխանությունը՝ մեկ այլ, ինչը հնարավորություն է տալիս զսպել խոշոր կապիտալի հաճախ ոչ հասարականպաստ հավակնությունները: Խոշոր կապիտալը հայրենիք չի ճանաչում, այլ կլանում է երկրներ, հասարակություններ և այստեղ արդեն չկա ազգային, պետական շահ, կան ընդամենը բիզնես շահեր: Սակայն, որպեսզի խոշոր կապիտալը կարողանա ստանալ այն, ինչ ուզում է, պետք է կամ ինքը լինի իշխանություն, կամ էլ իրեն ցանկալի մի կամակատարի բերի իշխանության: Խոշոր կապիտալ ասելով այս դեպքում չենք հասկանում երկրի օլիգարխներին, քանի որ դրանք տրանսազգային հրեշների մոտ անվնաս ձկներ են: Եթե տվյալ երկրի ներսի որևէ օլիգարխ ներգրավված է իշխանության մեջ, ապա նրա տված վնասը կարող է լինել ինչ-որ արտոնություններից օգտվելը՝ կարճ ասած, ֆինանսական: Բոլորովին այլ պատկեր է տրանսազգային կազմակերպությունների դեպքում, նրանց պետք է լիարժեք կառավարվող և երկարաժամկետ կտրվածքով կանխատեսելի հասարակություն:

Նրանց պետք է մտնել մարդու ընտանիք, վերջնականապես ձևել այնպիսի մտածելակերպով հասարակություն, որը կապրի իրենց թելադրած կանոններով: Առավել բարդ է այն հասարակություններում,որտեղ կարևորվում է ընտանիքը, քանի որ այդ մարդիկ ընտանիքն անվնաս պահելու համար պատրաստ են հաղթահարել ամեն ինչ: Այս տիպի հասարակություններում պետք է ստեղծել ընտանիքին սպառնացող արհեստական վտանգներ: Երբ պետական մակարդակով քարոզվում է միասեռականություն, հովանավորվում են տրանսգենդերներ, դրա հետ միասին էլ սկսում են դպրոցներում, մանկապարտեզներում երեխաներին ասել, որ իրենք ունեն սեռի ընտրության հնարավորություն, սրան էլ գումարում ենք այն, որ ծնողների արտահայտած դիրքորոշումը համարվում է հոգեբանական ճնշում երեխայի ազատ դիրքորոշման հանդեպ, ինչի արդյունքում կարող են երեխային վերցնել և տալ խնամատար ընտանիքի, ահա այս ամենի արդյունքում ծնողի միակ խնդիրը դառնում է այն, թե ինչպես անի, որ իր երեխային զերծ պահի այս ազդեցություններից, միևնույն ժամանակ, դա այնքան զգույշ անի, որ երեխային չվերցնեն իրենից: Նման աբսուրդային վիճակում են աշխարհի մի շարք երկրների ծնողներ, ովքեր ժամանակ առ ժամանակ բողոքի ակցիաներ են անում, բայց արդեն ոչինչ չեն կարող փոխել, քանի որ համակարգը ներդրված է, աշխատում է:

Մենք դեռևս գտնվում ենք այս արհեստական և մարդասիրության հետ որևէ կապ չունեցող համակարգի ներդրման փուլում, և եթե այսօր հնարավորություն ունենք քննարկել այս ամենը, ապա համակարգի ներդրման դեպքում դա այլևս կդառնա անհնար: Ի դեպ, այնպես չէ, որ այդ համակարգի շահառուները միասեռականներն ու տրանսգենդերներն են, նրանց ուղղակի օգտագործում են, նրանց կառավարելու և հսկողության տակ պահելու համար էլ այլ մեխանիզմներ են կիրառվում: Այս համակարգի ներդրման մեջ ունի հետաքրքրություն Սորոսի հիմնադրամը և մի շարք այլ կառույցներ, որոնք աշխարհում տրանսազգային կորպորացիաների շահերն են սպասարկում:

Հայաստանում այս ուղղությամբ ակտիվ աշխատում է Սորոսի հիմնադրամը, որն արդեն այսօր ունի պետական լծակներ համակարգն ամբողջությամբ ներդնելու համար:

Արդեն իսկ հաջողվել է օրակարգի հիմնական հարց դարձնել միասեռականների ու տրանսգենդերների թեման, հիմա մնացել է երկրորդ քայլը՝ ֆիքսել, որ կա անհանդուրժողականություն և անցնել գործուն քայլերի՝ կոնվենցիաներ վավերացնել, օրենքներ ընդունել, և եթե չկանխվի այս արհեստական համակարգի ներդրումը մեր հասարակություն, ապա որոշ ժամանակ անց մենք կկանգնենք այնպիսի խնդիրների առջև, որոնք պատրաստ չէ հաղթահարել մեր հասարակությունն՝ այն կունենա երկու տարբերակ՝ արդեն ֆիզիկական ուժի գործադրմամբ պայքարել կամ համակերպվել:

Անկեղծ ասած, չեմ կարող ասել՝ արդյոք իշխանությունը պատկերացնում է գլոբալ ցանցերի՝ Սորոսի հիմնադրամ և այլն, հետ համագործակցության վտանգավոր հետևանքները, թե ոչ: Գուցե կարծում է, որ այս պահին մի քանի միլիոն կվերցնի, այս կամ այն օրենքը կանցկացնի, դե հետո էլ մի բան կանեն, բայց պետք է հասկանալ, որ այս կառույցները տասնամյակներ առաջ պլանավորում են ամեն ինչ, հաշվարկում են հնարավոր բոլոր տարբերակները: Կարճ ասած, նրանց անհնար է խաբել, միակ տարբերակն այս համաշխարհային վտանգավոր ցանցերին պետական կառավարման համակարգին մոտ չթողնելն է:

Սրանք լուրջ հարցեր են, իրական մտահոգություններ, մենք կարող ենք շարունակել ծիծաղել, ծաղրել, բայց լուրջ քայլեր չձեռնարկելու դեպքում մի օր կարթնանանք և կհասկանանք, որ այլևս գտնվում ենք պատանդի կարգավիճակում ինչ-որ ուժերի ձեռքում, որ այլևս Հայաստան ու հայ ասվածը որևէ նշանակություն չունեն: Աշխարհում ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը:

Նորից անդրադառնալով Մելինե Դալուզյանի մասին ֆիլմին, որն ընդամենն այս ամենի մեջ մի դրվագ է, նշեմ, որ առաջնային հարցն այստեղ այն է, որ իշխանությունը փորձում է ամեն կերպ քողարկել իր համագործակցությունը վերոնշյալ կառույցների հետ, մեղմ ասած, խաբելով ներդնում է դրանց թելադրած համակարգերը: Օգտագործելով հասարակ ժողովրդի վստահության քվեն՝ այդ նույն ժողովրդի գլխին այնպիսի սուր է փորձում կախել, որից այսօր չեն կարողանում ազատվել նույնիսկ եվրոպական մի շարք երկրների ժողովուրդներ:

Նույն շարքից