Քաղաքական Վերլուծական 

Վրաստանն անհանգստացած է

Ռուսաստանն ու Աբխազիան միացյալ բանակ կստեղծեն: Այս հոկտեմբերի 13-ին Աբխազիայի խորհրդարան է ներկայացվել Ռուսաստանի հետ «Համագործակցության և ինտեգրման մասին» պայմանագրի նախագիծ:  


Նախագծով նախատեսվում է Ռուսաստանի և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորամիավորումների ստեղծում արտաքին ագրեսիային դիմակայելու և սահմանների համատեղ պահպանության համար: Ռազմական գործողությունների ժամանակ հրամանատարը նշանակվում է Ռուսաստանի կողմից, և զորամիավորումը  ռազմական պատրաստվածության մատակարարման և դրամական ապահովման  միասնական չափորոշիչներ կունենա, որոնց պետք է հասնել երեք տարում, ընդ որում՝ այս ամենի համար վճարելու է Ռուսաստանը:


Ռուս-աբխազական սահմանն ազատ հատելու հարցը  նախատեսվում է լուծել  պայմանագրի՝ ուժի մեջ մտնելուց երկու տարի հետո,  անվտանգության միջոցների պահպանմամբ:


Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Աստամուր Տանիայի խոսքով՝ Աբխազիայի գերատեսչությունները և խորհրդարանը կարձագանքեն նախագծին, որից հետո կստեղծվի աշխատանքային խումբ, որի նպատակն է լինելու նախագիծը ռուսական կողմի հետ քննարկելը:


Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը, վկայակոչելով Ռուսաստանի նախագահի աշխատակազմում իր աղբյուրը, նշում է, որ նոր պայմանագիրը ընդլյանում և լրացնում է 2008թ. Ռուսաստանի և Աբխազիայի միջև ստորագրված «մեծ պայմանագիրը»: 2008-ի պայմանագիրը ամրագրում էր ռուս-աբխազական համաձայնությունների նոր որակը, նոր պայմանագիրն ուղղված է բոլոր ոլորտներում ինտեգրման մակարդակի բարձրացմանը:


Մեր դիտարկմամբ՝ պայմանագրի իմաստն այն է, որ եթե Ռուսաստանը մինչև հիմա ձևական կամ առանց պայամանագրի էր Աբխազիայի պաշտպանությունը վերցնում իր վրա, ապա հիմա դա անելու է պայմանագրով:


Ստացվում է, որ հետևողականորեն,  ի պատասխան Վրաստանի արևմտամետ  և թուրքամետ քաղաքականության, որն արմատապես  ուղղված է Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի և ռուսաստանի արմատական շահերի դեմ, Ռուսաստանը կոնկրետ քայլեր է անում:   Վերջերս արձանագրվեցին մի քանի փաստեր: Առաջինն այն էր, որ Նախիջևանում, անտեսելով տարածաշրջանում ռուսական  ներկայությունը, Վրաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ձգտում է ռազմական համագործակցության խորացման՝ հայտարարելով, թե դա ոչ մեկի դեմ ուղղված չէ: Բայց, իրականում, ուղղված է: Նախ, ևս մեկ անգամ նշենք, որ ուղղված է Հայաստանի Հանրապետության շահերի դեմ: Հետո՝ Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրության դեմ է, այն էլ՝ այս լարված համաշխարհային իրադրության ֆոնին: Նկատի ունենք՝ Ռուսաստան-ԱՄՆ լարված հարաբերությունները:  Գումարած դրան՝ Ախալքալաքում ռուսական նախկին ռազմակայանը, որը հարյուրավոր տարիների պատմություն ունի, վրացիները հայտարարում են, թե այդ տարածքում ռազմական ուսումնական կենտրոն են ստեղծում, իրենց խոսքով՝ գիտաուսումնական կենտրոն:


Վրացիները աղմուկ են բարձրացրել և դիմում են համաշխարհային հանրությանը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ պետությանը: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին կոչ է արել միջազգային հանրությանը համապատասխան արձագանք տալ «Վրաստանի ինքնիշխանության և անկախության դեմ ձեռնարկված հերթական քայլին»: Ըստ նրա՝ Ռուսաստանի և Աբխազիայի միջև համագործակցությունը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ձեռնարկված հերթական քայլն է, և այդ փաստաթղթի ձևակերպումը կվատթարացնի իրավիճակը անվտանգության տեսակետից Սև ծովի ջրավազանում և Կովկասյան տարածաշրջանում:


Այս պայմաններում ուղղակի հարկավոր է Վրաստանին հուշել, որ ճիշտ կլինի իրենց քաղաքականությունը չափավորեն, ախորժակները՝ ևս ու չհետևեն թուրքերին օրինակին: Նրանք պետք է հրաժարվեն Ախաքալաքում ռազմաուսումնական կենտրոն ստեղծելու գաղափարից: Նրանք պետք է հրաժարվեն բյուզանդականությունից՝ հիշելով մի բան. բյուզանդականությունը վերջին հաշվով կործանեց հեց Բյուզանդիան: Կարծում ենք՝ այս պարագայում Ռուսաստանի շահագրգռվածությունը Աբխազիայի հետ համագործակցության հարցում բավականին հասկանալի է:


Այս ամենի վերաբեյալ Հայաստանը պետք է իր տեսակետը հայտնի: Հայկական կողմի լռությունը, կարծում ենք, անտեղին է՝ և Գյումրու ռազմաբազայի մասով, և ՀՀ-ի շահերի տեսակետից:  Կարս-Ախալքալաք-Թբիլիս երկաթգծի շահագործմամբ Հայաստանն ընդմիշտ  շրջափակում են և դուրս մղում քաղաքական իրականությունից, բացի դա՝ դրանով հայրենի Ջավախքը դառնում է առուծախի, վրացական էքսպանսիայի օբյեկտ:


Վրացիները պետք է մի բան հասկանան՝ Վրաստանը միայն վրացիների պետությունը չէ: Այն բազմազգ երկիր է, և  մնացած ժողովուրդներն էլ այդ տարածքում փոքրամասնություններ չեն, այլ՝  վրացական պետության բաղադրիչն են:

 

Լևոն Տիգրանյան

 

Նույն շարքից