Հայաստան Քաղաքական 

Գնալով համոզվում եմ, որ մեր երկրում սրտացավության պակաս կա...Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ ՀԱՆՑԱՎՈՐ ԲԱՐՔԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Զինված ուժերում ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող մահվան ելքով արտառոց միջադեպերը, ինչպես նաև այլ բնույթի ծանր հանցագործություններն արդարացիորեն ձեռք են բերում հասարակական մեծ հնչեղություն: Տարիների մասնագիտական աշխատանքն ինձ բերել է այն համոզմանը, որ այդ հանցագործությունների ճնշող մեծամասնության պատճառը ոչ ֆորմալ ինստիտուտների գերիշխումն է:

Այդ հանցագործությունների հիմքում հիմնականում առկա են դեռևս գոյություն ունեցող այն հանցավոր արժեքները, որոնք ցավալիորեն հասարակությունից ներթափանցել են բանակ:
Զինված ուժերում հանցավոր աշխարհի բարքերի ներթափանցումը չափազանց բացասական երևույթ է, որոնք անմիջական սպառնալիք են ստեղծում զինված ուժերի մարտունակությանը:
Այդ արժեքների գործունեության արդյունքում անխուսափելիորեն խաթարվում է օրինականության սկզբունքը, զինված ուժերի կանոնակարգերը, հեղինակազրկվում է սոցիալական արդարության գաղափարը, ոտնձգության թիրախում հայտնվում զինծառայողների անձնական արժանապատվությունը:

Սրան զուգահեռ, այդ արժեքները կրող անձինք փորձում են ստեղծել իրենց պատկերացրած ոչ ֆորմալ վարքականոնները, ինքնատիպ սոցիալական միջավայրը, արդյունքում կառուցվում է հանցավոր մի համակարգ՝ հիմնված խեղաթյուրված չափանիշների և մարդկային հարաբերություններին խորթ պատկերացումների վրա: Ցավոք սրտի, այսպիսի ոչ ֆորմալ վարքականոնների ցցուն դրսևորումներից է դեռևս գոյություն ունեցող այն հակականոնադրական, ես կասեի՝ հակամարդկային վարքագծը, երբ մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորի գլխին դամոկլյան սրի պես որպես չքնելու երաշխիք հայհոյանք է ՛՛կախվում՛՛:

Այլ կերպ ասված, շատ ուղղակի կերպով ասվում է՝ ՛՛ով պոստում քնի, նրա ...՛՛:
Տարիների տխուր վիճակագրությունը ցույց է տալիս արձանագրելու, որ այսպիսի ոչ արժանապատիվ իրավիճակում հայտնված զինվորները հայտնվում են հոգեբանական ընկճված վիճակում, և առհասարակ, զինծառայողների միջև փոխադարձ հայհոյանքները երբեմն ավարտվում են կա՛մ ինքնասպանությամբ, կա՛մ սպանությամբ:

Գտնում եմ, որ բանակում այս առումով լրջագույն խնդիրներ կան, որոնք պետք է հրատապ կերպով լուծվեն: Ընդհանրապես բանակից պետք է արմատախիլ արվի ծեծն ու հայհոյանքը:
Որևէ զինծառայող, անկախ իր պաշտոնից և ունեցած կոչումից, շարքայինից մնչև գեներալ չպետք է ենթարկվի որևէ նվաստացման: Այն սպան, ով հայհոյեց և նվաստացրեց որևէ զինվորի, նա կորած անձնավորություն է, և պետք է շատ արագ մեկուսացվի անձնակազմից: Եվ ճիշտ հակառակը, այն զինվորը, ով չենթարկվեց իր վերադասին, ով փորձ արեց սահմանել սեփական խաղի կանոնները, որոնք դուրս են բանակային կանոնակարգերի սահմաններից, նոյնպես պետք է մեկուսացվի:

Անհրաժեշտ է հասնել նրան, որ սպան բանակում իրական հեղինակություն վայելի, որը կկառուցված չլինի վախի, բռնության ու սպառնալիքի վրա: Որևէ կասկած չունեմ, որ այսպես կոչված ՛՛հեղինակությունները՛՛ պետք է չեզոքացվեն, հանցավոր մտայնությամբ ու արժեքներով առաջնորդվող զինծառայողների հետ պետք է տարվի շատ խիստ ու հետևողական աշխատանք՝ այդ մտայնությունն իսպառ վերացնելու համար: Զինված ուժերի ղեկավարումը բացառապես պետք է իրականացվի ֆորմալ ինստիտուտների, ասել է թե զինվորական կանոնակարգի ոգուն և տառին համապատասխան՝ առանց որևէ բացառության:

Զինված ուժերում պետք է իսպառ վերացվի անպատժելիությունը, պետք է հստակ գործի խրախուսման համակարգը, ստվերում մնացած և անհրաժեշտ կարողություններ ունեցող սպաները պետք է գնահատվեն և հավուր պատշաճի խրախուսվեն: Անհրաժեշտ է զրո հանդուրժողականության սկզբունք որդեգրել որևէ տեսակի հովանավորչության ու Անհրաժեշտ է հասնել նրան, որ սպան բանակում իրական հեղինակություն վայելի, որը կկառուցված չլինի վախի, բռնության ու սպառնալիքի վրա:

Որևէ կասկած չունեմ, որ այսպես կոչված ՛՛հեղինակությունները՛՛ պետք է չեզոքացվեն, հանցավոր մտայնությամբ ու արժեքներով առաջնորդվող զինծառայողների հետ պետք է տարվի շատ խիստ ու հետևողական աշխատանք՝ այդ մտայնությունն իսպառ վերացնելու համար:
Զինված ուժերի ղեկավարումը բացառապես պետք է իրականացվի ֆորմալ ինստիտուտների, ասել է թե զինվորական կանոնակարգի ոգուն և տառին համապատասխան՝ առանց որևէ բացառության:

Զինված ուժերում պետք է իսպառ վերացվի անպատժելիությունը, պետք է հստակ գործի խրախուսման համակարգը, ստվերում մնացած և անհրաժեշտ կարողություններ ունեցող սպաները պետք է գնահատվեն և հավուր պատշաճի խրախուսվեն:
Անհրաժեշտ է զրո հանդուրժողականության սկզբունք որդեգրել որևէ տեսակի հովանավորչության ու կոռուպցիոն դրսևորումների նկատմամբ:

Բանակում ՛՛լավ տղեն՛՛ պետք է լինի ամենակրթված, ամենաինտելեկտուալ ու խելացի զինվորը:
Բանակը շատ զգայուն է և շատ ծանր է տանում խտրականությունը: Զինվորների միջև խտրականության դրսևորումը հոգեբանական սթրես է ստեղծում մյուսների մոտ:
Հետևաբար, ամենալավ հրամանատարն այն հրամանատարը չէ, ով տեղաշարժվում է ամենագնաց ու ամենաթանկարժեք ավտոմեքենայով և նվաստացնում իր ենթականերին, ով բռնություն է կիրառում նրանց նկատմամբ և ամբողջ անձնակազմին պահում վախի մթնոլորտի մեջ: Լավ հրամանատարը զինվորի իրավունքները հարգող, նրա արժանապատվությունը երբեք չնսեմացնող հրամանատարն է, ում հետևից զինվորը նույնիսկ մեռնելու կգնա...

Բանակում շատ բան կա փոխելու...

Հ.գ. Սույն վերլուծությունը հրապարակել եմ դեռևս 2018թ. հունիսի 7-ին:

Գնալով համոզվում եմ, որ մեր երկրում սրտացավության պակաս կա...»:

Նույն շարքից