Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի նախագահների մասին օրենքի նախագիծը, որով ՍԴ դատավորները մինչև 2020 թվաիկանի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում իրենց լիազորությունները դադարեցնելուց հետո մինչև իրենց համար սահմանադրությամբ սահմանված տարիքի լրանալը կստանան կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած դրույքաչափի և հավելավճարի չափով:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքերով, սա ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծելու հերթական նախաձեռնությունն է, անձանցից ձերբազատվելու խնդիր չկա, փորձ է արվում ներդնել պատվավոր հեռանալու ինստիտուտը:
«Պարոն Բադասյան, դուք նախագծում գրել եք, որ ակնկալվող արդյունքը 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրված ՀՀ ժողովրդի կամքը կյանքի կոչելու նպատակ ունի: Հարց է առաջանում՝ արդյո՞ք 2015 թվականի փոփոխություններով ամրագրվել է ժողովրդի կամքը: Եթե այո, ուրեմն Դուք կփաստեք, որ ձեր քաղաքական ղեկավար պարոն Փաշինյանը ժամանակին սխալ հայտարարություն է արել՝ ասելով, որ 2015 թվականին չի ամրագրվել ժողովրդի կամքը, քանի որ փոփոխություններն օրենքի խախտումով են տեղի ունեցել: Իսկ եթե ասեք ոչ՝ կիսելով Փաշինյանի կարծիքը, հարց է առաջանում՝ ո՞ւմ կամքն եք այս փոփոխություններով կյանքի կոչում»,-դիմելով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հարցրեց ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանը` հավելելով, թե փաստորեն ստացվում է, որ նոր իշխանությունները կյանքի են կոչում Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի կամքը:
Ռուստամ Բադսասայանը հայատարարեց, որ 2015 թվակնաի փոփոխությունները դե ֆակտո չեն արտահայտում ժողովրդի կամքը. «Շարունակում ենք կրկնել, որ դրանք կատարվել են մեկ քաղաքական ուժի, մի քանի անձանց անձնական շահերը սպասարկելու համար: Սակայն մեր նպատակն այն չէ, որ ասենք սահմանադրությունը լեգիտիմ է, մենք ասում ենք, որ ՍԴ կազմավորման ճիշտ մոդել է ընտրվել, սակայն սխալ է տեղի ունեցել, քանի որ չի ապահովվել ՍԴ կազմավորման նոր մոդելի կյանքի կոչումը: Հետևաբար մենք առաջարկում ենք նախագիծը, որպեսզի կյանքի կոչենք այն մոդելը, որը կա սահմանադրության տեքստում, սակայն կյանքի չի կոչվել»:
Ավելի ուշ Բադասյանը նաև ասաց, որ տեքստի վերջնական տարբերակում «ժողովրդի կամքը» ձևակերպումը հանված է: