Հայաստան Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ ինքն ամենևին էլ գիտունիկ չէ. Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջերս նկատել եմ, որ Նիկոլ Փաշինյանը պրակտիկ քաղաքականությունից զատ, փորձում է նաև հանդես գալ գաղափարախոսի դիրքերից։ Այսինքն՝ վարչապետը առաջ է քաշում գաղափարներ ու արժեքային ինչ-որ կոնցեպտներ։ Մոտեցումն այս իհարկե շատ ողջունելի է, քանի որ քաղաքական և պետական գործիչները որոշումներ կայացնող բյուրոկրատից զատ պետք է նաև քաղաքական միտք արտադրող անհատներ լինեն։ Բայց մյուս կողմից էլ սա շատ բարդ գործ է և նախաձեռնողն առնվազն պետք է չափազանց լուրջ գիտելիքների բազա ու պատրաստվածություն ունենա։

Ի դեպ ժամանակին գաղափարախոսի դիրքերից հանդես էր գալիս նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դե այս հարցում նախագահը խնդիր չէր կարող ունենալ, քանի որ մասնագիտությամբ միջնադարագետ է (միջնադարի պատմության իմացությունը զորեղ գործիք է), մանրամասն ծանոթ է փիլիսոփայական ու հասարակագիտական մտքին՝ Հոբսից մինչև Հաբերմաս։

Օրինակ՝ Սերժ Սարգսյանը համանման գիտելիքներ չուներ (այստեղ ամոթ ոչ մի բան չկա) և խուսափում էր հրապարակային գաղափարաստեղծ գործունեությունից՝ սահմանափակվելով միայն որոշում կայացնողի կարգավիճակով։ Կոնցեպտների մշակմամբ զբաղվում էին նրա օգնականները, իհարկե Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ։

Հիմա եկեք հասկանանք, թե ի՞նչ է Փաշինյանի որոնածը։ Իմ համոզմամբ այս հարցում վարչապետը թերանում է։ Նա մի կողմից սուր միտք ունի և ի զորու է լավ գաղափարներ սաղմնավորել, բայց խնդիրն այն է, որ նա չունի համապատասխան գիտելիքներ։

Իսկ գիտելիքների բացակայությունն ու հասարակագիտական պատրաստվածության բացակայությունը արգելակում են կոնցեպտների որոնման և մշակման գործողությունը։

Սրա հետևանքով Փաշինյանը երբեմն հայտնվում է զավեշտալի իրավիճակներում, օրինակ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին շնորհակալություն է հայտնում Բելովեժյան համաձայնագիրը ստորագրելու համար, Գարեգին Նժդեհին մասնակից է դարձնում Սարդարապատի ճակատամարտին՝ Հովհաննես Բաղրամյանի հետ ուս ուսի տված, առաջ է քաշում Հիսուսի բարդույթի ծիծաղելի գաղափարը, բանաստեղծություն է գրում խորովածի մասնակցությամբ, պետությունը իջեցնում է օջախի և ընտանիքի մակարդակի, մերժում է իզմերը և այլն, օրինակները բազմաթիվ են՝ ժողովրդին չաշխատելու և ծուլության մեջ մեղադրելն էլ չհաշված։

Իհարկե վարչապետին չեմ հորդորում դադարեցնել գաղափարաստեղծման ձգտումները, ընդհակառակը՝ ողջունում եմ այդ մոտեցումը, որը թույլ է տալիս հանրությանը իր կամքից անկախ մասնակից դառնալ հասարակագիտական տարբեր հարցերի քննարկմանը։ Մարդիկ ի վերջո պետք է սովորեն խոսել պետության, մարդու և հասարակության գաղափարների մասին։

Բայց խնդիրն այն է, որ համանման փորձերի դեպքում, Փաշինյանը պետք է լիարժեք պատրաստված լինի և տիրապետի այն նյութին, ինչն ինքը քննարկման առարկա է դարձնում։ Հասկանալի է նա չունի այդպիսի գիտելիքներ, բայց չիմանալը ամոթ չէ, ամոթը առանց իմանալու ինքնավստահ պնդումներ անելն է։

Կարծում եմ, խնդիրն այս հեշտ լուծելի է։ Մասնավորապես՝ Փաշինյանին հասարակագետ խորհրդական կամ էլ օգնական է անհրաժեշտ, որը վարչապետի գլխում ծագած փառահեղ միտքը հասարակագիտական մշակման կենթարկի և դա գրագետ ու հիմնավորված ձևով կներկայացվի հանրությանը։

Նիկոլ Փաշինյանը պետք է համակերպվի այն մտքի հետ, որ ինքն ամենևին էլ գերմարդ կամ էլ գիտունիկ չէ և պարտավոր չէ ամեն ինչ իմանալ։ Դրա համար կան համապատասխան մասնագետներ»:

Նույն շարքից