Բարի օր Հասարակություն 

Տեսնելով շենքի դիմաց խմբված տղամարդկանց՝ մի քանի վայրկյան տատանվում էի՝ բարևե՞մ, թե՞ գլուխս կախ անցնեմ. Աննա Հակոբյան

analitik.am

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 14-ի երեկոյան ներկա է գտնվել «Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքին: Գալա-ընթրիքին մասնակցել են մաեստրո Տիգրան Մանսուրյանը, աշխարհահռչակ ջութակահար, «Գրեմմիի» կրկնակի դափնեկիր Մաքսիմ Վենգերովը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը, հասարակական և քաղաքական գործիչներ, գործարարներ:

Գալա-ընթրիքի ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը ներկայացրել է մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքներն ու 2020 թվականի համար նախանշվող նոր նախաձեռնությունները:  «Մեր համոզմամբ մեր ծրագրերը հստակ քայլեր են՝ միտված երջանիկ ապագա ունենալու տեսլականին: Այն առաջընթացը, որ ապրել է հիմնադրամը մեկ տարվա ընթացքում լուրջ նախադրյալ է ստեղծել մեր գործունեության շարունակականության, զարգացման և խորացման համար: Այս ամենն անհնար կլիներ առանց մեզ սատար կանգնող մարդկանց և կազմակերպությունների: Ձեզանից շատերն իրենց զգալի ներդրումն են ունեցել մեր հաջողության գործում»,-ասել է Հովհաննես Ղազարյանը՝ շնորհակալություն հայտնելով ինչպես ներկաներին, այնպես էլ բոլորին, ովքեր մեծ ու փոքր ներդրում են կատարել, սփյուռքի բարերաներին, ովքեր առաջին օրվանից կանգնել են հիմնադրամի կողքին: «Սա առաջին հերթին վկայում է մեծ վստահության մասին, որը հիմնադրամը ոչ մի կերպ չէր կարող չարդարացնել: Այս ամենի կողքին էական կարևորություն ունի հայաստանյան ընկերությունների աճող աջակցությունն ու հիմնադրամի կողքին կանգնելու պատրաստակամությունը: Հայաստանում կայացած ընկերությունները սրտացավ են հանրային կյանքի, կիրթ և առողջ հասարակություն ունենալու նկատմամբ: Առկա է գիտակցումը, որ մեզ շրջապատող խնդիրները մեկուսի չեն: Նրանք ուղղակի կամ անուղղակի կերպով անդրադառնում են բոլորիս վրա:  Հայաստանյան կազմակերպությունները պատրաստակամ են շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ թիրախավորված և տեսանելի արդյունքներ ապահովող ծրագրերում: Սա վկայությունն է այն բանի, որ Հայաստանում առկա է բարեգործության մեծ ներուժ»,- ասել է Հովհաննես Ղազարյանը:

Գալա-ընթրիքի ժամանակ տեղի է ունեցել աճուրդ և դրամահավաք: Աճուրդի են հանվել ամերիկացի վիրտուոզ կիթառահար Ալ Դի Մեոլայի ստորագրությամբ կիթառը, Շառլ Ազնավուրի երգերի հավաքածուն Նիկոլա Ազնավուրի ստորագրությամբ, «Կոմիտաս վարդապետ» կտավը, «Ավակեան Ժնև»-ի «Առաջին սեր» հավաքածուից ոսկյա մատանի և «Նուռ»-ի «Հովնաթանյան հավաքածու»-ից արծաթյա կրծքազարդ:

Հիմնադրամի դրամահավաք-ընթրիքի ընթացքում հանգանակվել է 700.000.000 ՀՀ դրամ: Հիմնադրամի բարեկամ և ամենախոշոր աջակից Քրիստին Սիմոնն էլ երեկոյի ընթացքում տեսաուղերձով դիմեց ներկաներին և խոստացավ կրկնապատկել հանգանակված գումարը՝ դարձնելով այն շուրջ 1.400.000.000 ՀՀ դրամ:

Երեկոյին ներկաներին ողջունել է ՀՀ վարչապետի տիկինը՝ շնորհակալություն հայտնելով կատարված նվիրատվության համար: Աննա Հակոբյանը դա որակել է  որպես վստահության և գնահատանքի նշան:

Աննա Հակոբյանը ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Բարի երեկո, սիրելի՛ ներկաներ,

Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերն ու մասնակցում եք «Իմ քայլը» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին: Ողջունում եմ մեր հատուկ հյուրին՝ Մաքսիմ Վենգերովին, որի կատարյալ արվեստը քիչ առաջ վայելելու բախտ ունեցանք: Ողջունում եմ մեր ազգային հարստությունը հանդիսացող մաեստրո Տիգրան Մանսուրյանին: Դուք Ձեր ներկայությամբ պատվում եք մեզ, և եթե թույլ տաք՝ ես Ձեր ներկայությունը նաև օրհնանք եմ համարում ուղղված մեր արած աշխատանքին և ապագա նպատակներին: Ողջունում եմ այս դահլիճում ներկա բոլոր գործարարներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով շենացնում են մեր երկիրն ու պետությունը: Շնորհակալ եմ ձեր ներկայության համար և շնորհակալ եմ այս երեկոյի ընթացքում ձեր յուրաքանչյուր նվիրատվության համար, որովհետև ես դա ընկալում եմ որպես վստահության և գնահատանքի նշան:

«Իմ քայլը» հիմնադրամի կոնկրետ աշխատանքների մասին մենք մանրամասն կներկայացնենք ողջ երեկոյի ընթացքում, ես չեմ ուզում առանձին խոսել այդ մասին: Դրա փոխարեն ցանկանում եմ ընդգծել նաև այն՝ առաջին հայացքից ոչ տեսանելի նշանակությունը, որն իմ կարծիքով ունի այս հիմնադրամը: Ինչպես գիտեք, հիմնադրամը ծնվեց այն բանից հետո, երբ իմ ամուսինը դարձավ Հայաստանի Հանրապետության վարչապետ: Քաղաքական փոփոխության արդյունքում մինչ այդ գործունեություն  ծավալած տարբեր հիմնադրամներ փակվեցին, տարբեր կարևոր ուղղությունների ֆինանսավորման գոյություն ունեցող մեխանիզմները փլուզվեցին, և այդ բացը լրացնելու համար ամուսնուս հորդորով ես ստեղծեցի այս հիմնադրամը: Այն ժամանակ խոստացա, որ ամուսնուս պաշտոնավարման ավարտից հետո հիմնադրամը կհանձնեմ հաջորդ վարչապետի տիկնոջը, և հիմա վերահաստատում եմ այս խոստումս: Այսինքն այս հիմնադրամը ես պատկերացնում եմ մի կառույցը, որը կղեկավարվի պետության ղեկավարի  տիկնոջ կողմից և միշտ կլինի այն օգնող ձեռքը, որ կլուծի տվյալ ժամանակահատվածում իր առջև դրվող խնդիրը: Այստեղ ուզում եմ ուղղակի շեշտել, որ ընդամենը մոտ մեկուկես տարվա կյանք ունեցող հիմնադրամն այս ընթացքում 5 միլիոն դոլարի բյուջե է ունեցել, իսկ թե ինչպես է օգտագործվել այդ բյուջեն՝ կներկայացնենք քիչ հետո:

Վստահ եմ, որ դուք էլ եք հանդիպել տարատեսակ մանիպուլյատիվ հրապարակումների, ճնշումների, մութ գործարքների և իրականության հետ կապ չունեցող այլ ճանապարհների մասին բամբասանքներին: Բայց ես այսօր պարզ ճակատով կանգնած եմ ձեր առջև, որովհետև հատկապես դուք լավ գիտեք, որ դա այդպես չէ, որովհետև, եթե ճնշում լիներ, առաջին հերթին դուք դա կիմանայիք, եթե մութ գործարք լիներ, կրկին դուք կիմանայիք, եթե պարտավորվածություն լիներ, կրկին դուք կիմանայիք: Ուստի ուզում եմ ուղղակի արձանագրենք, որ այս մեկուկես տարվա արդյունքը, որը կարծում եմ տպավորիչ է, եղել է մեր ամենօրյա աշխատանքի, այդ թվում՝ տարբեր երկրներ այցերի, գործընկերներ հայթայթելու, նրանց մեր նպատակների հետ ծանոթացնելու, դրանց նկատմամբ վստահություն շահելու և ռեալ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Եվ ահա հասա ամենակարևորին, այսինքն՝ թե որն է հիմնադրամի՝ առաջին հայացքից ոչ տեսանելի նշանակությունը:

Սիրելի՛ բարեկամներ,

Ուզում եմ խոստովանել, որ մեր երկրում և մեր հասարակությունում երկրի ղեկավարի տիկին «աշխատելը» դժվար, շատ դժվար, անասելի դժվար է: Չեմ ուզում մեր երեկոն ծանրացնել վեր ասվածը հիմնավորող դետալներով, դրա կարիքը նույնիսկ չկա: Վստահ եմ,  որ բոլորը հասկանում են, թե ինչի մասին է խոսքը, որովհետև դա մեր կյանքն է, մեր ընտանիքների կյանքը, մեր դաստիարակությունը, մեր իրականությունը: Իսկ այդ իրականությունն այն է, որ օրինակ Հայաստանի մի գյուղում ավանդույթի ուժով կանայք գյուղապետարան չեն մտնում, իսկ երիտասարդ հարսների փոխարեն երեխաների տատիկներն են ծնողական ժողովի գնում՝ այդպես է ընդունված: Եվ ես, որպես վարչապետի տիկին, համայնքի ղեկավարի հրավերով այցելել եմ նշված գյուղ ու մեքենայից իջնում եմ գյուղապետարանի շենքի մոտ: Տեսնելով շենքի դիմաց խմբված տղամարդկանց՝ մի քանի վայրկյան տատանվում եմ՝ բարևե՞մ  այդ մարդկանց, թե՞ գլուխս կախ անցնեմ: Ես, իհարկե բարևում եմ, նույնիսկ հարցնում եմ՝ ինչպե՞ս եք: Բայց նույնիսկ այդ՝ թվում է թե՝ պարզ իրավիճակը, չեք պատկերացնի, թե ինչ մեծ ջանք է ինձանից պահանջում:

Ուզում եմ անկեղծ լինել. անցած մեկուկես տարում չի եղել մի ամիս, որի ընթացքում ես լրջորեն մտածած չլինեմ այսպես ասած «վարչապետի տիկնոջ» գործունեությունը դադարեցնելու մասին:  Եվ եթե մինչև հիմա չեմ հանձնվել, ապա գերազանցապես ամուսնուս պատճառով, որը, բառիս բուն իմաստով, ինձ թույլ չի տալիս հանձնվել: Իսկ եթե կտրվենք անձերից և ինքներս մեզ հարց տանք. արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն և պետություն կշահենք, եթե վարչապետի տիկինն իր հնարավորությունների չափով չնպաստի մեր երկրի զարգացմանը: Արդյո՞ք մենք՝ որպես հասարակություն, պետության ղեկավարի կնոջը և առհասարակ՝ կանանց դիտարկում ենք որպես ուժ և ռեսուրս, որ կարող է և պետք է մասնակցի և իր նպաստը բերի մեր պետության զարգացմանը:

Ինչպես նշել եմ հիմնադրամի շնորհանդեսի ժամանակ, մենք մեր դերը պատկերացնում ենք հանրային ռեսուրսի համախմբման միջոցով պետությանն օժանդակելու մեջ բոլոր այն ոլորտներում և հարցերում, որոնք այս պահին պետական ռեսուրսներով դեռևս հնարավոր չէ լուծել: Օրինակ՝ մեր ծրագրերից մեկով ցանկանում ենք վերանորոգել հանրապետության դպրոցների՝ մեծ մասամբ ողբալի վիճակում գտնվող սանհանգույցներն ու մարզադահլիճները: Պարզ է, որ պետական ռեսուրսներով այս խնդիրը մի օր լուծվելու է: Հարցն այն է, թե որքան տարի կպահանջվի դրա համար: Մինչդեռ մենք կարող ենք լրացուցիչ տեսուրսներ համախմբելով օգնել ավելի արագ հասնել արդյունքի:

Ու քանի որ խոսեցի այն մասին, որ ամուսինս առաջինն է, որ ինձ թույլ չի տալիս հանձնվել, վերջում ուզում եմ մի փոքր էլ բացել փակագծերըտ: Իրականում ամուսնուս պահանջներն էլ ինձանից պակաս բարդ չեն: Կարճ ձևակերպելով կստացվի այսպես. լինել «դուխով և խոնարհ»՝ միաժամանակ:  Առաջին հայացքից անհամատեղելի թվացող այս որակները, թերևս, կարող են համատեղել միայն հայ կանայք՝ մեր պատմնությունը վկա:

Շնորհակալություն ուշադրության համար և ուրախ ու հաճելի երեկո բոլորիս»:

 

Նույն շարքից