Քաղաքական Բարի օր 

Նիկոլ Փաշինյանը հաճախ քավության նոխազի դերում է դնում Արմեն Սարգսյանին՝ ստիպելով նրան խաղալ իր կանոններով

Մոտ օրերս լրանում է ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրելու ժամկետը:

Նշենք՝ այդ օրենքով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո՝ մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:

Հետաքրքիրն այն է, որ այս դեպքում Արմեն Սարգսյանին, որևէ հնարավորություն տրված չէ ինչ-որ ազդեցություն ունենալ օրենքի ընդունման կամ չընդունման գործընթացի վրա։

Հիմա հասկանանք՝ ինչո՞ւ․

Արմեն Սարգսյանը կամ պետք է ստորագրի օրենքը՝ կատարելով իշխանությունների ցանկությունը, կամ այն հետ ուղարկի ԱԺ, ինչը որևէ բան չի փոխի, քանի որ ԱԺ-ում մեծամասնություն կազմող իշխանական կուսակցությունը նորից նախագիծը կընդունի և կուղարկի Արմեն Սարգսյանին՝ ստորագրելու, կամ կարող է օրենքն ուղարկել ՍԴ:

Սակայն օրենքը ՍԴ ուղարկելն անտրամաբանական կլինի, քանի որ ժամկետների հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ. օրենքով սահմանված է, որ հրաժարական ներկայացնել ցանկացող դատավորները դա պետք է անեն մինչև 2020-ը հունվարի 31-ը, որպեսզի օրենքը կիրառվի իրենց նկատմամբ։

Փաստացի, Արմեն Սարգսյանին տրված չէ որևէ գործուն լիազորություն, որով նա կկարողանա ազդեցություն ունենալ օրենքների ընդունման գործընթացի վրա։ Ստացվում է, որ նախագահի ինստիտուտը Հայաստանում կրում է բացառապես ֆորմալ բնույթ, գործնական տեսանկյունից այն որևէ ազդեցություն չունի ոչ որոշումների, ոչ էլ օրենքների ընդունման գործընթացի վրա։ Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ հասկացել է սուպերվարչապետության առավելությունները և առավելագույնս օգտվում է դրանից՝ հաճախ քավության նոխազի դերում դնելով նախագահ Արմեն Սարգսյանին։ Քաղաքական մեծամասնությունն ընդունում է օրենք, ուղարկում նախագահին ստորագրելու՝ քաջ գիտակցելով, որ նախագահը ստորագրելուց բացի, այլ բան չի կարող անել։

Ինչ վերաբերում է քննարկման առարկա օրենքին, ապա այն դժվար թե կիրառում ունենա, քանի որ վաղուց պարզ է՝ ՍԴ դատավորներից որևէ մեկը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել թեկուզ այն պարզ պատճառով, որ վստահություն չկա, որ հրաժարականից հետո մեկ այլ օրենք չի ընդունվի, որով կչեղարկվի աշխատավարձի չափով կենսաթոշակ ստանալու մասին վերոնշյալ օրենքը։

Սա, ի դեպ, լրագրողների հետ զրույցում հաստատել է նաև ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ մասնավորապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ոչնչում չպետք է վստահ լինի:

Նույն շարքից