Վերլուծական Քաղաքականություն 

Ամփոփում ենք 2018-2019թթ․ ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները՝ մասնավորապես փոխայցելությունները

analitik.am

2019թ․ մեր վերջին տեղեկատվական-վերլուծական աշխատանքը նվիրված է հայ-ամերիկյան հարաբերություններին, մասնավորապես երկկողմ փոխայցելություններին։ Առանձնացրել ենք ամենաբարձր մակարդակի փոխայցելություններն ու երկկողմ հանդիպումները։

Եվ այսպես, 2018թ․ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկայի ցուցանիշ կարելի է համարել հայ-ամերիկյան փոխայցերն ու դրանց մակարդակը։ Ակնհայտ է, որ երկու պետությունների միջև ամենաբարձր մակարդակի հանդիպումները տեղի են ունենում բացառապես այն դեպքերում, երբ կողմերը ունեն քննարկման համար հարուստ և կարևոր օրակարգային հարցեր՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում, կամ խնդիրներ՝ որոնք արժանի են պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների ուշադրությանը և չեն կարող լուծվել ավելի ցածր օղակներում։ Բարձր մակարդակի այցելություններ կարող են լինել նաև արարողակարգային բնույթի։ Դրա վառ օրինակներից է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ հանձնարարությամբ ԱՄՆ գանձապետական քարտուղարի այցելությունը Հայաստան՝ Հայոց Ցեղասպանության 100 ամյակի միջոցառումներին մասնակցելու նպատակով։
Մինչ օրս տեղի ունեցած ամենաբարձր մակարդակի հանդիպում կարելի է համարել նախագահ Արմեն Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև 2018թ․ հունիսի 29-ին։ Չնայած այցի բարձր մակարդակին, այս այցը առավելապես պետք է դիտարկել Արմեն Սարգսյան-Մայք Պոմպեո անձնական հարաբերությունների տիրույթում, ինչպես նաև հաշվի առնել ՀՀ նախագահի՝ արտաքին քաղաքականության ոլորտում սահմանադրական լիազորությունների խիստ սահմանափակ շրջանակը։ Ակնհայտ է, որ հանդիպումը առավելապես կրել է արարողակարգային բնույթ և հստակ քաղաքական պայմանավորվածություններ ակնկալելն իրատեսական չէ։ Նախագահ Սարգսյանի հաջորդ այցն ԱՄՆ տեղի ունեցավ նույն թվականի հոկտեմբերին, սակայն այդ ընթացքում գործող պաշտոնյաների հետ հանդիպումներ տեղի չունեցան։

Գործադիրների միջև առանցքային հանդիպում կարելի է համարել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան։ Հանդիպման ընթացքում Բոլթոնին ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպումից մի քանի ամիս անց Ջոն Բոլթոնի և Փաշինյանի միջև տեղի ունեցավ հեռախոսազրույց, որի վերաբերյալ Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղի հարցը չի քննարկվել։

Բարձր մակարդակի ԱՄՆ կատարված այց կարելի է համարել ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանի այցը, ով 2019 սեպտեմբերի 21-ին մեկնեց ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին։ Այցի ընթացքում վարչապետը Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում մասնակցեց իր հրավիրած հանրահավաքին և հանդես եկել ելույթով։ Հանրահավաքին մասնակցեց և ելույթով հանդես եկավ միակ ներկա Կոնգրեսական Ադամ Շիֆը, թեև մինչ հանրահավաքը իր հարցազրույցներից մեկում Լոս Անջելեսի հյուպատոս Արմեն Բայբուրդյանի խոսքերով այլ կոնգրեսականներ ևս հրավիրված էին եղել։ Վարչապետ Փաշինյանը որևէ հանդիպում չունեցավ նախագահ Թրամփի, փոխնախագահ Փենսի և ոչ էլ պետքարտուղար Պոմպեոյի հետ։

Դեռևս 2018թ. ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը այց էր կատարել ԱՄՆ, որի ընթացքում երկկողմ հանդիպումները սահմանափակվել էին մի քանի դեմոկրատ կոնգրեսականների, ինչպես նաև Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն կատարած մի քանի այցերի արդյունքում չի հանդիպել ԱՄՆ իր գործընկերոջը՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Երկկողմ մակարդակում ԱԳ նախարարի առանցքային հանդիպումներից մեկը տեղի է ունեցել 2018թ․ հոկտեմբերի 25-ին՝ Երևանում, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, վերջինիս կողմից նախաձեռնված տարածաշրջանային այցի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դ․ Տոնոյանը և ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանը։ ԱՄՆ-ում Ջ․ Բոլթոնի և Զ․ Մնացականյանի միջև հանդիպում տեղի է ունեցել 2019թ․ հունիսի 20-ին՝ Վաշինգտոնում։ Այս ժամանակահատվածում ԱԳ նախարարի աշխատանքային հանդիպումները սահմանափակվել են Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուեսս Միթչելի հետ, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լորա Քուփերի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ։ Վերջինիս հետ հանդիպումը պայմանավորված էր Երևանում տեղի ունեցած Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության առաջին նիստի հետ, որի ընթացքում ամերիկյան պատվիրակության ղեկավարն էր հենց Ջ․ Քենթը։

ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ ԱՄՆ Տրանսպորտի քարտուղարի հետ հանդիպում տեղի չի ունեցել։ Նախարարի ԱՄՆ այցերի շրջանակը սահմանափակվել է փոխտեղակալների հետ հանդիպումների մակարդակով, մասնավորապես՝ ԱՄՆ Էկոնոմիկայի քարտուղարի փոխտեղակալի պաշտոնակատար Դեյվիդ Դե Ֆալկոյի և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով փոխտեղակալ Դեյվիդ Միլեի հետ:

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ԱՄՆ կատարած այցի շրջանակը հիմնականում կենտրոնացել է Կանզասի նահանգային իշխանության հետ հանդիպումների վրա, որը պայմանավորված է Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ Պաշտպանության նախարարության միջև կնքված գործընկերության համաձայնագրով։ Այցի ընթացքում նախարար Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել նաև ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթի հետ։

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ԱՄՆ այցի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղարին նրա ուղղակի գործընկեր Ջոն Բոլթոնը չի ընդունել։ 2019թ․ մայիսին ԱՄՆ կատարած այցի ժամանակ հանդիպումները սահմանափակվել են ԱՄՆ նախագահի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ, ով հանդիպումից օրեր անց պետք է լքեր զբաղեցրած պաշտոնը։

Ինչ վերաբերում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ԱՄՆ կատարած այցելություններին, ապա պետք է առանձնացնել նրա 2019թ․ ապրիլին կայացած այցը ԱՄՆ, որի առանցքային նպատակը «City of Smile» բարեգործական հիմնադրամի համար դրամահավաք իրականացնելն էր։ ԱՄՆ այցելության շրջանակներում Աննա Հակոբյանը նաև մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում՝ իր այցելության կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը։ Ընդունելությունը կազմակերպվել էր կոնգրեսականներ Աննա Էշուի և Ջեքի Սփիրի կողմից, իսկ ընդունելությանը մասնակցել էին հայ-ամերիկյան բարեկամական հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը և փոխնախագահ Ադամ Շիֆը, ինչպես նաև Ջուդի Չուն, Քեթրին Քլարկը, Թիջեյ Քոքսը, Ջեֆ Ֆորթենբերին, Ռաջա Կրիշնամուրտին, Զոուի Լոֆգրենը, Դորիս Մաթսուին, Թոմ Սուոզին և Մայք Թոմսոնը։ Վերոնշյալ բոլոր կոնգրեսականները դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ են բացի հանրապետական Ջեֆ Ֆորթենբերիից։ Աննա Հակոբյանը հանդիպումներ էր ունեցել նաև Լոս Անջելեսի քաղաքային իշխանության ներկայացուցիչների հետ։

ԱՄՆ օրենսդիրի հետ հանդիպումների մասով կարելի է առանձնացնել հետևյալ շփումները։

ԱՄՆ Կոնգրեսականների մի խումբ, ովքեր Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (House Democracy Partnership) անդամ են, 2019թ․, ի թիվս այլ պետությունների (Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա) այցելեցին նաև Հայաստան։ Պատվիրակության կազմում էին հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականներ, սակայն նրանցից որևէ մեկը հայ-ամերիկյան բարեկամական հանձնախմբի անդամ չէր։ Այցի նախաձեռնողները եղել են հենց The House Democracy Partnership-ի (HDP) անդամները։ «HDP»-ն միավորում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը նոր ձևավորվող ժողովրդավարական խորհրդարանների հետ։ «HDP»-ն կազմված է 20 անդամ ունեցող երկկուսակցական ներկայացուցիչների հանձնախմբից։ Հանձնախումբն աշխատում է աշխարհի 17 գործընկեր երկրների օրենսդիր իշխանությունների հետ՝ աջակցելով արդյունավետ, ազատ և հաշվետու օրենսդրական ինստիտուտների զարգացմանը։ Հայաստանը գործընկեր պետությունների ցանկում ընդգրկված չէ։

Հայաստան կատարած այցի ընթացքում կոնգրեսականները ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հրավիրեցին այցելելու Վաշինգտոն։ Պատասխան այցը տեղի ունեցավ 2019թ․ հուլիսի 16-ին, որի ընթացքում Արարատ Միրզոյանը մասնակցեց «House Democracy Partnership» հանձնախմբի կազմակերպած Առաջնորդների ֆորումին։ Այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը նաև հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի երկու պալատների մեծամասնության առաջնորդների հետ՝ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Նենսի Փելոսիի և Սենատի հանրապետական առաջնորդ Միթչ Մաքքոնելի հետ։ Ներկայացուցիչների պալատում Միրզոյանի այցի պատվին կազմակերպված ընդունելությանը մասնակցեցին մի շարք դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականներ՝ Էլիոթ Էնգելը, Ֆրանկ Փալոնը, Ջեքի Սփիրը, Ջուդի Չուն, Ջոշ Գոթեիմերը, Բարբարա Լին, Քեթրին Քլարկը, Էնթոնի Բրինդիսին, Պոլ Տոնկոյն, Դեյվիդ Սիսիլինը, Ջոն Սարբանեսը և Ռաջա Կրիշնամուրտին։ Այս պահի դրությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հանդիպումները իշխանափոխությունից հետո տեղի ունեցած ամենաբաձր մակարդակի հանդիպումն է համարվում։

Հայկական հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրը, Ջուդի Չուն և Ֆրանկ Փալոնը 2019թ. հոկտեմբերին այցելեցին ՀՀ՝ հանդիպումներ ունենալով վարչապետի, նախագահի, ԱԺ խոսնակի, ԱԳ նախարարի, ՊՆ նախարարի և այլ պաշտոնյաների հետ։ Հատկանշական է, որ այս կոնգրեսականներն այցելեցին նաև Արցախ, սակայն ինչպես Հայաստան, այնպես էլ Արցախ այցելած կոնգրեսականները գերազանցապես դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ էին։

Օրենսդիր իշխանության ներկայացուցիչների ԱՄՆ կատարած վերջին այցը տեղի ունեցավ 2019թ. նոյեմբերի 11-16-ը, որը 7-րդ գումարման ԱԺ-ի հայ-ամերիկյան բարեկամական խմբի առաջին այցն էր ԱՄՆ՝ Լիլիթ Մակունցի գլխավորած պատվիրակությամբ։ Ինչպես արդեն նշվեց Հայաստանը «HDP»-ի գործընկեր պետություն չէ և ներառված չէ այն 17 երկրների խորհրդարանների ցանկում, որոնք «HDP»-ի համար հանդիսանում են գործընկեր երկրներ։ Այցի ընթացքում հայկական պատվիրակությունը հանդիպել է «HDP» հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի և համանախագահ Վերն Բյուքենոնի հետ։ Հայկական պատվիրակության պնդմամբ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում Հայաստանի խորհրդարանը այս հանձնախմբի գործընկեր դարձնելու ուղղությամբ։ «House Democracy Partnership» երկկուսակցական հանձնախմբի հետ համագործակցությունը, ինչպես նշում են հայկական պատվիրակության անդամները, կարևորվում է նաև երկկուսակցական համագործակցություն ապահովելու տեսանկյունից, քանզի Հայաստանի համագործակցության շրջանակը ԱՄՆ կուսակցությունների հետ մինչ այժմ հիմնականում կենտրոնացած է դեմոկրատական հատվածի վրա։ Այս առումով նկատելի է նաև, որ նոյեմբերի 12-15-ի հանդիպումների շրջանակը միայն չի սահմանափակվել դեմոկրատների հետ հանդիպումներով, այլ նաև հանդիպել են երկու հանրապետական կոնգրեսականների՝ Վերն Բյուքենոնի («HDP» համանախագահ) և Քրիս Սմիթի հետ (Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ)։

Այցելություններ գիտահետազոտական կենտրոններ

Լիլիթ Մակունցի և նրա ղեկավարած պատվիրակության կողմից այցեր են եղել նաև գիտահետազոտական կենտրոններ (think tank), ինչպիսիք են «German Marshall Fund»-ը, «American Foreign Policy Council»-ը, ինչպես նաև «Միջազգային հանրապետական ինստիտուտ»-ը (IRI)։

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը այցելել է Atlantic Council (ցենտրիստական գիտահետազոտական կենտրոն), որտեղ հանդես է եկել ելույթով։ Ազգային ժողովի խոսնակը նաև հանդիպում է ունեցել National Endowment for Democracy (մեծապես կոնգրեսի կողմից ֆինանսավորվող մասնավոր հիմնադրամ, որը դրամաշնորհներ է տրամադրում այլ երկրների ժողովրդավարական նպատակներ հետապնդող ոչ կառավարական մարմիններին) կազմակերպության կառավարող խորհրդի հետ։ Բացի այդ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը Արարատ Միրզոյանն ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ժողովրդավարական արժեքների տարածմամբ զբաղվող անկուսակցական կազմակերպություն՝ ֆինանսավորվող Պետդեպարտամենտից, USAID-ից և NED-ից) փոխնախագահ Սքոթ Մեսթիքին։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր այցի շրջանակներում ելույթ է ունեցել «Կարնեգի» հիմնադրամում (ցենտրիստական գիտահետազոտական կենտրոն)։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, վարչապետի Նյու Յորք այցի շրջանակներում այցելել են «Նյու Յորք Թայմս»-ի գրասենյակ, (որն ունի վառ ընդգծված դեմոկրատական ուղղվածություն) հանդիպում ունենալով խմբագրական խորհրդի անդամների հետ։

Եվ այսպես, 2018-2019թթ․ հայ-ամերիկյան հարաբերությունները կարելի է ամփոփել հետևյալ պատկերով․

Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի միջև հանդիպումներ կամ հեռախոսազրույցներ այդպես էլ տեղի չունեցան։ Այս հանգամանքը պայմանավորված է երկու երկրների միջև բովանդակային օրակարգի բացակայությամբ։ Չնայած երկկողմ հանդիպում կազմակերպելու փորձեր իրականացվեցին, մանսավորապես 2018թ․ մի խումբ ԱՄՆ կոնգրեսականների կողմից նամակ ուղղվեց նախագահ Թրամփին՝ կոչ անելով ընդունել վարչապետ Փաշինյանին։ Հանդիպումը հավանաբար տեղի չունեցավ, քանի որ նախագահ Թրամփին դիմող կոնգրեսականները հիմնականում Թրամփի հակառակորդ դեմոկրատ կոնգրեսականներն էին։ Միաժամանակ, 2018 թվականին ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, որ կա մտադրություն կազմակերպելու Թրամփ-Փաշինյան հանդիպում և նշել էր, որ «այժմ ընթանում են նման քննարկումներ»։

Միաժամանակ կարելի է արձանագրել հետևյալը։ Հայ-ամերիկյան հարաբերությունները 2019թ․ բարձրացել են «ռազմավարական երկխոսության» մակարդակի վրա։ Սա նշանակում է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում քննարկվելու են նաև քաղաքական բովանդակության հարցեր։ Քանի որ Հայաստանը ամերիկյան գործընկերների առջև որևէ քաղաքական հարց դնելու հնարավորություն չունի, ապա Հայաստանը մշտապես ամերիկյան կողմից է ունենալու առաջ քաշված քաղաքական բովանդակության հարցեր։

Կարևոր է նաև ընդգծել, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Ջոն Բոլթոնը Ադրբեջանն ու Վրաստանը անվանել էր «ռազմավարական գործընկերներ», իսկ Հայաստանին «բարձր առաջնահերթություն ունեցող պետություն»։ Այսինքն Վրաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են ԱՄՆ համար, իսկ Հայաստանը՝ ռազմավարական «զրուցակից»։ Հարկ է նաև նշել, որ թեև Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների միջև հանդիպում տեղի չի ունեցել, սակայն երկկողմ հանդիպումներ են եղել ԱԳ նախարար Պետքարտուղար ձևաչափով, ինչպես նաև պաշտպանության նախարար և պաշտպանության քարտուղար ձևաչափով։ Ալիևը միայն մեկ հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ, վերջինիս նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Armenian Center for American Studies

Նույն շարքից