Վերլուծական Քաղաքականություն 

Ինձ համար չկան սևեր և սպիտակներ, չկան պողոսներ, չպողոսներ, կան հայեր ու չհայեր. Անի Հովհաննիսյան

analitik.am

2019 թվականի սևերը, սպիտակները, պողոսները․․․

Անցնող տարին նշանավորվեց հասարակության տարբեր շերտերի միջև առկա աննախադեպ ատելությամբ։ Տարիների ընթացքում Սորոսի գրասենյակի հովանավորչությամբ սերմանած ատելությունը տվեց իր պտուղները։ Այդ ֆոնին այլևս անիմաստ էր դառնում որևէ իրադարձության հանգամանալից վերլուծությունը, քանի որ դա որևէ մեկին հետաքրքիր չէր՝ հետևություններն արվում էին բացառապես զգացմունքների տիրույթում։

Այս քաղաքական պայքարում ամբողջ տարվա ընթացքում տուժողի կարգավիճակում էր միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին, ում ինչ անուն ասես տվեցին՝ պողոս, քյառթու, ծույլ, անհասկացող և այլն։ Փաստացի, ոչ իշխանությունը, ոչ էլ ընդդիմությունը ժամանակ չուներ զբաղվել միջին վիճակագրական քաղաքացու խնդիրներով։ Մարդիկ, ովքեր փողոցներ էին փակել, պայքարել էին, մտածել էին, որ իրենք են, այսպես կոչված, հեղափոխությունն արել, պարզեցին, որ իրենց կյանքում ոչինչ չի փոխվել, ուղղակի հիմա կա հույս, որ գուցե փոխվի։

Այս մարդկանց, ում որակեցին որպես պողոսներ, ծաղրեցին՝ ասելով, թե վայելեք այն, ինչ ընտրել եք։ Փաստացի, այս մարդիկ ունեին օբյեկտիվ, գուցե սուբյեկտիվ դժգոհություններ, ինչի համար էլ դուրս էին եկել փողոց, ունեին նաև իրավունք սխալվելու, քանի որ երբեք չէին ունեցել երկխոսություն իշխանության հետ։ Հայաստանի անկախացումից ի վեր այս մարդկանց և գործող իշխանության միջև եղել է խորը բևեռացում, չի եղել անմիջական շփում, նրանց հոգսերին ծանոթանալու ցանկություն։

Պողոսներ որակված մարդիկ պարտավոր էլ չեն հասկանալ քաղաքական գործընթացներից, եթե ունենային նման ցանկություն, ապա գուցե համապատասխան կրթություն կստանային, հենց իրենք կզբաղվեին քաղաքականությամբ։ Նորմալ չէ, երբ պահանջում ես, որ ամբողջ հասարակությունն ունենա գիտելիքներ, որ կարողանա տարբերակել թացը չորից և ճիշտ որոշում կայացնել՝ հաշվի առնելով անվտանգության, գլոբալ տնտեսական և այլ հարցերը։

Միջին վիճակագրական քաղաքացու պարտքն է ստեղծել բարիք, զարգացնել տնտեսությունը, կատարել պետության առջև ստանձնած իր պարտավորությունները՝ ծառայել բանակում, վճարել հարկերը, պահպանել օրենքները և այլն, իսկ քաղաքական ուժերի պարտքն է ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի քաղաքացին կարողանա անարգել կատարել իր պարտքը պետության առջև՝ զարգացնելով թե իրեն, թե պետությունը։

«Խիյարը» սկսում է թարս աճել այն դեպքում, երբ պահանջում ես քաղաքացուց անել այն, ինչ պետք է անեն քաղաքական ուժերը, իսկ կուսակցություններից այն, ինչ՝ քաղաքացիները, օրինակ, ստեղծել աշխատատեղեր, կատարել բարեգործություններ և այլն։

2019-ին չափից շատ էին մեղադրանքներն ուղղված ՀՀ քաղաքացիներին՝ մարդկանց, ովքեր ուղղակի ուզում են արժանավայել ապրել, ունենալ կայացած և ուժեղ պետություն։ Կարծում եմ՝ ճիշտ չէ քաղաքացիների ռեսուրսը բարիք ստեղծելու վրա կենտրոնացնելու փոխարեն ներգրավել քաղաքական գզվրտոցի մեջ։

Նշեմ, որ 2019-ին բազմաթիվ առիթներ եմ ունեցել շփվել շատ տարբեր մտածողության և սոցիալական տարբեր խմբերի մարդկանց հետ, լսել եմ, թե անհեթեթ, թե շատ տրամաբանական կարծիքներ, սակայն հասկացել եմ, որ նույնիսկ ամենաանհեթեթ միտք հնչեցնող քաղաքացին էլ ուզում է նույն բանն, ինչ բոլորս՝ ունենալ հզոր և լավ Հայաստան։ Գուցե սխալ է պատկերացնում, թե ոնց պետք է հասնել դրան, սխալ ընտրություն է կատարում և այլն, բայց դրա պատճառն էլ վստահության բացակայությունն է։

2019-ին ես ինքս ինձ համար արձանագրեցի, որ ինձ համար չկան սևեր և սպիտակներ, չկան պողոսներ, չպողոսներ, կան հայեր, որոնք շատ տարբեր են միմյանցից և դա նորմալ է, իսկ մեր՝ հայերիս, կողքին կան չհայեր՝ մարդիկ, ովքեր հանուն փողի պատրաստ են վաճառել թե հայրենիքը, թե ընտանիքը՝ ծառայելով հակահայկական հիմնադրամների և ուժերի նպատակներին, և իմ պայքարն, ինչպես 2019-ին, 2020-ին էլ լինելու է հենց նրանց դեմ։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյան

Նույն շարքից