«Երբ դու համաժողովրդական սիրո ներքո դառնում ես վարչապետ, մի պահ կորցնում ես իրականության զգացումը. մոռանում ես, որ քեզ սիրեցին ոչ թե այն պատճառով, որ դու միակն էիր, այլ զուտ բախտդ բերեց, որ ատում էին նախորդիդ:
Այնուհետև,երբ «խփեցիր» այնքան, ինչքան ցանկացար, սկսեցիր համեմատվել Հիսուսի, Հռոմի պապի հետ, այդ «աստվածային» շորշոփի ազդեցության տակ մոռացար խոստումներդ՝ արագաչափերը հանելու փոխարեն շատացրեցիր դրանք, տուգանքները մեղմացնելու փոխարեն խստացրեցիր, համակարգը մաքրելու փոխարեն կեղտոտեցիր այն մինչև կոկորդը ստի ու կեղծիքի մեջ թաղված սորոսականներով լցնելով և այսպես շարունակ:
Այժմ դու հասել ես գագաթին՝ սիրտդ դիկտատուրա է ուզում՝ «տնայնագործ» քննադատներին լռեցնել, սահմանել կեղծ ու իրական ազատություններ, որոշել, թե ով պետք է խոսի, իսկ ով՝ ոչ:
Կարծո՞ւմ ես միայն դու ես անցել դաժան ու փշոտ ճանապարհ, դո՞ւ ես այն մարդը, որ ձեռքը պետք է խփի սեղանին ու բոլորը ծնկաչոք անեն այն, ինչ հրամայվում է:))
Գուցե ի վերջո պետք է հասկանալ, որ դու ընտրյալ չես, օծված չես որպես թագավոր և ոչ թե այն պատճառով, որ վատն ես, ոչ, ուղղակի մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ ազատության սահմանումը տրվում է Սահմանադրությամբ և օրենքներով, այլ ոչ թե թագավորի հրամանագրով:
Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, որտեղ դու չես կարող լինել դիկտատոր, չես կարող և վերջակետ, ու ինչքան շատ ձգտես դրան, այնքան արագ ու ցավոտ կլինի անկումը երևակայական գահից...
Հ.Գ. Թշնամու կողմից արված կեղտոտ քայլերի մեջ յուրայիններին մեղադրելն էլ, մեղմ ասած, մանկամտություն է...»։
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյան