Այս օրերի որոշ քննարկումների արդյունքում ծագած մի հարց, որին պետք է պատասխանել: Այս մասին գրում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը:
«Իրանի ժողովուրդը սիրում էր Ղասեմ Սոլեյմանիին և մենք դա տեսանք ու համոզվեցինք դրանում՝ հետևելով, թե մարդկային ինչպիսի հոծ բազմություն էր դուրս գալիս փողոց իրանական տարբեր քաղաքներում սգո արարողությունների և երթերի ժամանակ։
Ադրբեջանի շիաներն էլ են կարծես թե սիրում, որի անուղղակի ապացույցներից է ադրբեջանական իշխանությունների վախը այդ փաստից և սկսած հակաքարոզը Ղասեմ Սոլեյմանիի կերպարի դեմ։ Ընդ որում սեփական հասարակության մեջ Ղասեմին վարկաբեկելու համար օգտագործվող հիմնական թեզը, ըստ ադրբեջանական իշխանությունների, Ղասեմ Սոլեյմանիի աջակցությունն է հայկական կողմին արցախյան հակամարտության տարբեր դրվագներում՝ սկսած 1990-ականների սկզբից, վերջացրած 2016-ի ապրիլյան քառօրյայով։
Հիմա, արդյո՞ք մենք ունենք այստեղ անելիք, թե՞ ոչ։ Արդյո՞ք մենք չպետք է օգտագործենք այս հնարավորությունը և մենք էլ հայտարարենք, որ այո՛, Ղասեմ Սոլեյմանին օգնել է հայ ժողովրդին։ Իսկ ի՞նչ կտա դա մեզ՝
1.Իրանական հասարակության շրջանում լրացուցիչ դրական տրամադրվածություն դեպի հայ ժողովուրդ՝ որպես օրինակ ունենալով իր «նահատակ հերոսի» վերաբերմունքը դեպի հայ ժողովուրդը և արցախյան հիմնախնդիրը։
2.Ադրբեջանական մեդիահարթակների կողմից իշխանությունների հրահանգով սեփական լսարանին կներկայացվի անմիջապես ցանկացած նյութ այս թեմայով, անգամ եթե հայտարարենք, որ Ղասեմ Սոլեյմանին անձամբ էր կռվում Արցախում հայերի կողքին։ Եւ սա կարող է նպաստել Ադրբեջանում հակաիրանական տրամադրությունների խորացմանը, և ընդհանուր առմամբ բացասական ազդուցություն կունենա իրանա-ադրբեջանական հարաբերությունների վրա։
3.Հնարավոր է օգտագործել դա նաև ապագայում՝ հակամարտության սրման կամ ռազմական գործողությունների վերսկսման ժամանակ իրանական լսարանի հետ տարվելիք աշխատանքներում։
Վերջապես, ի՞նչ է տալիս մեզ ադրբեջանական և անգամ իրանական ԶԼՄ-ներում շրջանառվող այս տեղեկության հերքումը և հայտարարումը, որ Ղասեմ Սոլեյմանին կապ չի ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի կամ առավել ևս Արցախյան հակամարտության հետ»,-նշում է նա: