Հայաստան Քաղաքականություն 

Ոչ թե մարդու մարմինն է անարգվում, այլ մարդու գաղափարը. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կարպիս Փաշոյան, բրավո

ՈՉ ԹԵ ԿՈՒՏՈՅԱՆԻ ՄԱՐՄԻՆՆ Է ԱՆԱՐԳՎՈՒՄ, ԱՅԼ՝ ՄԱՐԴՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ

Լայնախոհություն, պարկեշտություն և ներողամտություն։ Ահա այս երեք մարդկային արժեքներն են, որ բացակայում են մեր իրականությունից։ Փոխարենը տիրապետող են նեղմտությունը, վրեժխնդրությունն ու եսասիրությունը։ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվանը հաջորդող իրավիճակը ասվածի լավագույն վկայությունն է։

Տպավորությունն այնպիսին է, որ հասարակական ճահճուտի բորբոսն ազատություն է ստացել և զբաղեցրել մարդկային գիտակցության ողջ տարածությունը։ Իսկապես ավելի մեղմ հնարավոր չէ արտահայտվել, քանի որ միայն բորբոսնած գլուխներով մարդիկ կարող են հարձակվել դիակի վրա և մահանալուց հետո վերստին մեռցնել դրան։ Այսինքն նույնիսկ մարդկային ողբերգությունն այլևս սթափեցնող չէ, և մահացածի մարմինը կարող է նաև ծառայել որպես քաղաքական գործիք։

Վարքագիծն այս իհարկե բնորոշ է միջնադարին, չէ՞ որ խավարի և մթի ժամանակաշրջանում էին հերձվածող մարդկանց թաղելուց առաջ գլխատում կամ էլ քանդում վաղուց մահացածի գերեզմանն ու վառում նրա ոսկորները։ Իհարկե ժամանակները փոխվել են և արյունոտ ինկվիզիցիային փոխարինելու է եկել անարյուն ինկվիզիցիան՝ փողոցային պառլամենտը, որն էլ ստանձնել է ողջերին ու մեռածներին կտտանքների ենթարկելու առաքելությունը։ Կտտանքներ ոչ թե ֆիզիկական բռնության իմաստով, այլ՝ հոգևոր։ Այլ խոսքով՝ ոչ թե Կուտոյանի մարմինն է անարգվում, այլ՝ մարդու գաղափարը։

Մի՞թե անարգություն չէ, երբ մահացածին գործիք են դարձնում հակառակորդին հաղթելու համար կամ էլ, երբ ողբերգությունը գնդակ դարձրած իրար վրա են շպրտում՝ փորձելով պատասխանատվությունը բարդել մեկը մյուսի վրա։ Ի՞նչ է սա, եթե ոչ մարդկային արժեքների պղծություն։ Կարեկցանքը, որպես համահասարակական շարժիչ ուժ այլևս ոչնչացված է, մարդը մարդուն այլևս չի կարեկցում, նույնիսկ երբ մարմինն անշնչացած է։

Ասպետական պատվախնդրությունն այլևս նորաձև չէ, քանի որ մարդը չի կարողանում ընկալել իր հակառակորդի ողբերգությունը, չի կարեկցում, քանի որ նեղմիտ է, եսասեր ու վրեժով լցված։ Նույնիսկ չի էլ ցավակցում, քանի որ խուսափում է ինքն իր մարդկայնությունից, միգուցե վախենո՞ւմ է պարտվել դիակին։ Իսկապես ժամանակները փոխվել են, Հեկտորի դիակի վրա սգացող աքիլլեսներ այլևս չկան։ Մարդկային մանրությունը սրբել ու տարել է հակառակորդին հարգելու մեծագույն առաքելությունը, քանի որ հիմա փոքր մարդու ժամանակն է՝ շրջապատված թղթե մարդուկներով»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից