Վերլուծական Տնտեսություն 

Պղնձի միջազգային շուկայի վիճակը մտահոգիչ է, այդ թվում՝ Հայաստանի համար

Գաղտնիք չէ, թե Հայաստանի տնտեսության համար ինչ մեծ կարևորություն ունի պղինձը: Դրա արդյունահանումն ու մշակումը, ըստ ՀՀ ԱՎԾ-ի,  ապահովում են մեր երկրի  համախառն նեքին արդյունքի մոտ 5%-ը և պետական բյուջեի եկամուտների մոտ 7%-ը, երբեմն՝ ավելին:  Իսկ արտահանման ընդհանուր ցուցանիշի մեջ պղինձը զբաղեցնում է  մոտ 40%-ը: 


 «Անալիտիկ»-ը իր  առաջիկա մի քանի հոդվածներում կանդրադառնա Հայաստանում պնձի արդյունահանմանն ու մշակմանը, արտահանմանը, այս ոլորտում օտարերկրյա ներդրումներին, հեռանկարներին, բացթողումներին և այլն: Իսկ մինչ այդ՝ համաշխարհային շուկայում պղնձի գնային պատկերի մասին, այդ թվում՝ Հայաստանի:


Այս տարվա մարտին միջազգային շուկայում պղնձի համաշխարհային գների անկումը, որը դանդաղ տեմպերով սկսվել էր դեռևս 2013-ի տարեվերջից,  անհանգստության առիթ տվեց: Այդ ամսին պղնձի գինը գտնվում  վերջին 4 տարիների ամենացածր մակարդակում: 1 տոննայի գինը կայուն ցածր էր 6, 5 հազ. ԱՄՆ դոլարից, մինչդեռ 2013 թվականին հիմնականում բարձր էր 7 հազ. ԱՄՆ դոլարից, իսկ 2012-ին՝ 8 հազ. ԱՄՆ դոլարից: Իսկ 2008-2009 թթ.-ի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո պղնձի գների առավելագույն արժեքը գրանցվել է 2011 թվականի փետրվարի՝ 9 հազ. 934 ԱՄՆ դոլար:


Պղնձի միջազգային գների անկումը հիմնականում բացատրվեց Չինաստանի տնտեսական աճի դանդաղմամբ՝  հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս երկիրը աշխարհում պղնձի խոշորագույն սպառողն է:  Սակայն տնտեսագետների մի մասը համոզված էին, որ պղնձի գների անկմանը նպաստող գլխավոր գործոն չկա: Դրանք տարբեր են՝ բացի Չինաստանի գործոնից, նաև՝ ԱՄՆ-ի մակրոտնտեսական ցուցանիշների նվազումը, դոլլարի ուժեղացումը, Ճապոնիայի ու Եվրամիության ռեցեսիանները, վերջին 2 տարում պղնձի առաջարկի աճով և պահանջարկի անկմամբ, ինչը հանգեցրել է ավելցուկի: Իսկ տնտեսագետների մի մասն էլ հակառակն էր պնդում՝ պղնձի համխարհային շուկայում այս տարվա մարտի դրությամբ դեֆիցիտի միտումներ է նկատվում, ինչը կբերի գների աճին:


Հայ տնտեսագեները ևս անհանգստացած էին պղնձի գների նվազման փաստով՝ հաշվի առնելով դրա կարևորությունը ՀՀ տնտեսության համար: Հայաստանում այս ոլորտում գործող ձեռնարկությունները հանդիսանում են խոշոր հարկատուներ, ուստի՝ մեր տնտեսությունը բավական զգայուն է այս մետաղների համաշխարհային գների փոփոխությունների նկատմամբ: Ինչպես նաև՝ պղնձի խտանյութի արտահանումից ստացվում են զգալի արտարժութային ռեսուրսներ: Փորձը ցույց է տալիս, որ մետաղների միջազգային գների անկումը անմիջապես բացասաբար է անդրադառնում մեր տնտեսության վրա: Այդ ազդեցությունը բացատրվում է նաև այն բանով, որ նման պարագաներում հանքարդյունաբերական ու մետաղագործական ընկերությունները ուշացնում են իրենց ներդրումային ծրագրերի իրագործումը և սպասում են ավելի նպաստավոր ժամանակների: Իսկ Հայաստանի պարագայում ներդրումները տնտեսության համար շարժիչ ուժ են հանդիսանում:


Մարտի վերջին պղնձի միջազգային գների աճ նկատվեց: Գնային տատանումները այնուհետև շարունակվեցին հաջորդ ամիսներին:  Որպեսզի ընդհանուր պատկերն ավելի պարզ լինի, նշենք, որ Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME)  այս տարի կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են պնձի հետևյալ միջին գները.

Հունվար՝ մոտ 7294,9 ԱՄՆ դոլար՝ 1 տոննայի դիմաց

Փետրվար՝ ավելի քան 7152,1  ԱՄՆ դոլար

Մարտ՝ 6667,8 ԱՄՆ դոլար

Ապրիլ՝ 6670,8 ԱՄՆ դոլար

Մայիս՝ 6883,8 ԱՄՆ դոլար

Հունիս՝ 6806,10 ԱՄՆ դոլար

Հուլիս՝ 7104,5 ԱՄՆ դոլար

Օգոստոս՝ 7000,5 ԱՄՆ դոլար

Սեպտեմբեր՝ 6872,2 ԱՄՆ դոլար

Ստացվում է, որ պնձի գինը շարունակում է մտահոգիչ լինել:  


Պղնձի գնի անկումը Հայաստանի տնտեսության համար վատ է հատկապես Թեղուտի հանքավայրի շահագործման սպասելիքների ֆոնին: Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը հայտարարել է՝ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը մինչև 2014-ի տարեվերջ կշահագործվի:  ՀՀ Կենտրոնական բանկը ընդգծում է, որ սա կենսական նշանակություն կունենա Հայաստանի տնտեսական աճի արագացման համար, եթե պղնձի միջազգային գինը հարաբերական կայունություն պահպանի:


Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն: Ակնկալվում է, որ Թեղուտի հանքավայրում տարեկան կարդյունահանվի 25 հազ. տոննա պղինձի խտանյութ և 800 տոննա մոլիբդենի խտանյութ:  Հայաստանում ներկայում արտադրվում է 12-13 հազ. տոննա պղինձ խտանյութ: 


Համաշխարհային շուկայում դեռևս կա Եվրոպայի, ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսությունները վերականգնելու մտահագությունը, և դրանք անմիջականորեն ազդում են պղնձի գնի վրա: Այստեղ ևս մեկ անգամ նշենք, որ Չինաստանը համարվում է աշխարհում պղնձի խորոշագույն սպառողը:


 Ֆրանսիական  Natixis  ներդրումային բանկի վերլուծաբանների կանխատեսմամբ, 2015 թվականին պնձի միջազգային գինը տարեկան կտրվածքով նվազելու է 7,7%-ով՝ միջին կազմելով 6335 ԱՄՆ դոլար 1 տոննայի դիմաց: Իսկ մինչև այս տարեվերջ նույն վերլուծաբանները կանխատեսում են, որ պնձի միջին գինը կկազմի 6860 ԱՄՆ դոլար:


Ինչևէ տարին դեռ չի ավարտվել, և պղնձի միջազգային գները դեռևս կարող են աճել, թեպետ այս մասով կանխատեսումները լավատեսական չեն: Ուստի՝ այս պահին դեռևս շուտ է խոսել, թե Հայաստանի տնտեսության  վրա կոնկրետ ինչ հետևանքներ է ունեցել պղնձի գնանկումն այս տարի:


Սեդա Հերգնյան

 

 

 

 

 

Նույն շարքից