Դատական գործերի դեպքում երբեմն կայացվում են այնպիսի վճիռներ, որոնք ոչ միայն տրամաբանությունից են զուրկ, այլ նաև կարող են մթագնեցնել անգամ ամենապայծառ գիտակցությունը: Analitik.am-ը հիմք վերցնելով ՛՛Ալգա՛՛ իրավաբական ընկերության կողմից հրապարակված նյութերը, ներկայացնում է տվյալ դատական գործերի շարքը.
Դատական գործ ԵԱՔԴ /0214/01/10/. Կարեն Ավետյանն ընդդեմ Հարություն Դրիգոյի քրեական գործ:
Այս գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատավոր Արթուր Մկրտչյանի կողմից: Կարեն Ավետյանն ընդդեմ Հարություն Դրիգոյի գործի ուսումնասիրությունից պարզվում է, որ 62 ամյա, ՛՛Գինդ՛՛ թերթի և տպարանի սեփականատեր Կարեն Ավետյանը 33 տարվա համատեղ երջանիկ ամուսնությունից հետո հանկարծ հասկանում է,որ կյանքն իզուր է ապրել, ամբողջ կյանքում շահագործվել է իր կնոջ`Ելենա Ավետյանի կողմից, ով էլ, երևի թե նորից շահագործման նպատակով իրեն պարգևել է երկու զավակ: Այս պայծառ գաղափարը նրան ,ըստ տեղեկությունների, ներշնչել է իր 52 ամյա քարտուղարուհին:
Կարեն Ավետյանը որոշում է վերականգնել պատմական արդարությունը, որն, ըստ մեր հերոսի, կայանում է նրանում, որ համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն իր 33 տարվա կնոջից և երեխաներից ամբողջությամբ պետք է վերցնի:
Իր ցուցմունքներում Ավետյանը նշում է. ՛՛Ուզում էի բաժանվել և որպեսզի բնակարանի մասնաբաժին չհասներ իմ կնոջը ,որոշեցի այն նվիրատվությունով օտարել իմ սանիկ Հարություն Դրիգոյին՝ պայմանով,որ ամուսնալուծությունից հետո այն հետ կվերադարձնի ինձ՛՛:
Հարություն Դրիգոյին իր կնոջը ՛՛քցելու՛՛ գործում օգնելու և ամուսնալուծության դատական հարցերը կազմակերպելու համար էլ տալիս է 20 000 ԱՄՆ դոլար:
Ըստ տրամաբանության, հենց Կարեն Ավետյանին պետք է մեղադրանք առաջադրվեր՝ խարդախության փորձ անելու համար, սակայն մեղադրանք առաջադրվում է վերջինիս սանիկին` Հարություն Դրիգոյին, իսկ այս ամբողջ ՛՛բեմականացման՛՛ գլխավոր հերոս Կարեն Ավետյանն էլ դառնում է տուժող:
Ակադեմիկոս Կարեն Ավետյանը նոտարին ներկայացնում է կեղծ հայտարարություն այն մասին, որ ինքն ամուսնացած չէ և Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանը նվիրատվությամբ օտարում է Հ.Դրիգոյին, որից հետո վերջինս սկսում է 20.000 ԱՄՆ դոլար արժողությամբ ամուսնալուծության գործընթացը:
Այս, առաջին հայացքին բարեհաջող թվացող գործողությունը սակայն տրամաբանական ավարտին չի հասնում՝ պարզվում է, որ Կարենի սանիկ Հ. Դրինգոն Լաչինում ՀԷԿ կառուցելու համար պարտքով գումար է վերցրել: Պարտատերը մտնում է դատարան, տարածում բռնագանձում վերջինիս գույքի վրա և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ակադեմիկոս Կարեն Ավետյանի կնոջից, այսպես ասած ՛՛քցած՛՛ բնակարանը դառնում է Հ.Դրիգոյի պարտատիրոջ սեփականությունը, վերջինս էլ այն վաճառում է այլ երկրի քաղաքացու:
Կարեն Ավետյանն այս ամենը իմանալուց հետո,ուղտի է գնում Արցախ՝ իր մտերիմ,հարազատ թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի մոտ,ապաշխարում է,եկեղեցին էլ հանձինս թեմի առաջնորդի ներում է նրա բոլոր մեղքերը, աղոթում են, և հրեշտակները խառնվում են աշխարհիկ քրեական գործին, ինչի արդյունքում էլ ՛՛կտրվում են՛՛ առաջին հերթին քրեական օրենսգրքի նորմերը՝ դադարում են գործել:
Այս ապաշխարանքից հետո Կարեն Ավետյանի քարտուղարուհին,նրա եղբայրը, ազգականը սկսում են ցուցմունքներ տալ Հարություն Դրիգոյի դեմ,սակայն ՀՀ Դատախազությունը դեռևս դիմադրում է Արցախի Թեմի ճնշումներին, մինչև այն պահը, երբ թեմի Առաջնորդ Պարգև Սրբազանը Երևան է ուղարկում Գանձասարի եկեղեցականին, ով էլ ցուցմունքներ է տալիս, որ Դրիգոն խարդախությամբ հափշտակել է եկեղեցու ջեռուցման փողերը: Հենց այս ցուցմունքն էլ դառնում է վճռորոշ:
Հ.Դրիգոն քննությանը ներկայացնում է բոլոր համապատասխան փաստաթղթերը և բանկային տեղեկանքները,որոնք հիմնավորում են, որ Կարեն Ավետյանը ստում է, և Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարանն անվանափոխվել է իր անունով, քանի որ Կ.Ավետյանը պարտք է եղել Դրիգոյին, անգամ նշում է թե որ օրը, որ ժամին և ինչ նպատակով է Կ. Ավետյանին գումարներ տրամադրել, սակայն աշխարհիկ մարդիկ խուսափում են եկեղեցու սպասավորների հետ վեճի բռնվելուց:
Արդյունքում Հ.Դրիգոն կալանավորվում է, իսկ գործն էլ հանձնվում է Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն Վարչական Շրջանների աստվածավախ դատավոր Ա.Մկրտչյանին:
Շարունակելի