Ինչպես նշել էինք նախորդ նյութում, Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում աստվածավախ Արթուր Մկրտչյանի նախագահությամբ սկսվեց Հարություն Դրիգոյի դատավարությունը:
Ըստ դատախազի ընթերցած մեղադրական եզրակացության պարզվեց,որ նախաքննությունը որոշել է`
Առաջին․
Կարեն Ավետյանի ազգականը տարաժամկետ վճարումով ավտոմեքենա է ցանկացել գնել, վճարել է կանխավճար՝ արժեքի 30 տոկոսի չափով, բայց մնացած գումարը չի տվել։ Սակայն պահանջել է Հ.Դրիգոյից անվանափոխել ավտոմեքենան իր անունով, Դրիգոն հրաժարվել է այն անվանափոխել՝պահանջելով ամբողջ գումարը, որից հետո նոր կանվանափոխի։
Ադեկվատ մոտեցման դեպքում ցանկացած մարդ՝ առավել ևս իրավաբան, զարմացած կասի՝ հետո՞ , հանցակա՞զմն ուր է, սակայն պարզվում է, որ վաճառող Դրիգոն տվյալ դեպքում կատարել է խարդախություն: Կարծես թե եկեղեցականի օրհնանքն իր ազդեցությունն ունեցավ, ինչևէ։
Երկրորդ․
Կարեն Ավետյանը որոշում է ջեռուցել Գանձասարի եկեղեցին՝ աշխարհիկ մարդկանց պատկերացումով «ԲԱՔՍԻ» քաշել, ինչի համար էլ Հ.Դրիգոյին տալիս է 2.000.000 ՀՀ դրամ: «Հերետիկոս» Հ.Դրիգոն էլ անամոթաբար այդ գումարը յուրացնում է:
Հետաքրքիր է այդ ինչպե՞ս էր Դրիգոն 2.000.000 ՀՀ դրամով ջեռուցելու հսկայական եկեղեցին, եթե երեք սենյականոց բնակարանի ջեռուցումն արդեն այդքան արժեր այն ժամանակ։ Խոսքը վերաբերում է Գանձասարի պես ահռելի կառույցին։
Երրորդ․
Կարեն Ավետյանի պնդմամբ վերջինս Ամիրյան փողոցի վրա բնակարան է գնում։ Հ.Դրիգոյի հետ միասին գնում է, բնակարանի տիրոջը վճարում կանխավճար՝ 15.000 ԱՄՆ դոլար, այնուհետև տալիս ևս 135.000 ԱՄՆ դոլար: Սակայն Ավետյանը փոշմանում է, և այդ գումարները տանտերը հետ է տալիս Դրիգոյին, որն էլ իր հերթին իբր չի վերադարձնում այդ գումարը Ավետյանին։
Այս մասում մի կարևոր բան կա՝ տանտերը քննության ժամանակ մահացած է եղել, բայց ինչ-որ հրաշքով ցուցմունք է տվել։ Գուցե եկեղեցականներն ունե՞ն հանգուցյալներից ցուցմունք վերցնելու հնարավորություն, ո՞վ իմանա։
Չորրորդ․
Կարեն Ավետյանը որոշել է ամուսնալուծվել,սակայն համատեղ գույքը չի ցանկացել կնոջ հետ կիսել, այլ կերպ ասած որոշել է «քցել» կնոջը, և այդ հանցավոր նպատակն իրականացնելու համար նա ակնհայտ դիտավորությամբ նոտարին է տալիս կեղծ հայտարարություն առ այն, որ բնակարանը ձեռք բերելուց ամուսնացած չի եղել և օտարում է այն Հ.Դրիգոյին` պայմանավորվելով, որ երբ ամուսնալուծության գործընթացը կավարտվի, վերջինս գողացված բնակարանը իրեն հետ կվերադարձնի:
Սակայն այս գործարքից 4 ամիս անց Դրիգոյի ձեռքից բնակարանը դատարանի վճռով վերցնում են և Դրիգոյի պարտքերի դիմաց տալիս այլ անձի:
Այս դրվագի աբսուրդը նրանում է, որ Դրիգոյին մեղադրանք է առաջադրվում խարդախության համար,իսկ Կ.Ավետյանն այս մասով ճանաչվում է տուժող:
Փաստացի ստացվում է, որ Կարեն Ավետյանն իր կնոջից գողացավ բնակարանը, բայց դա օրինական է, իսկ Դրիգոյի դեպքում՝ ոչ։
Եվ անհասկանալի պատճառներով Կ․ Ավետյանն ամուսնալուծության գործընթացն իրականացնելու համար որպես փաստաբան վարձում է Դրիգոյին, ով անգամ փաստաբանական լիցենզիա չունի, ոչ էլ իրավաբանական կրթություն և այս ամենով հանդերձ նրան տալիս է 20.000 ԱՄՆ դոլար: Դրիգոն էլ վերցնում է այդ գումարը,սակայն նրանց չի ամուսնալուծում:
ՀՀ-ում ամուսնալուծության գործընթացի համար երբեք ոչ մի փաստաբան, դատավոր նման գումար չի լսել, բայց քննիչին էլ կարելի է հասկանալ՝ Կարեն Ավետյանը ամեն քայլափոխի տալիս էր Պարգև Սրբազանի անունը՝ որպես իր հովանավորի, հո չէր անիծվելու։
Սպասենք բարեպաշտ և աստվածավախ դատավոր Ա.Մկրտչյանի դատվճռին: