Մայիսի 6-ին Մասիս քաղաքում Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ Կարո Կարապետյանն ընդդեմ Արթուր Զադոյանի դատական հերթական նիստը: Մեղադրող Կարեն Բիշարյանը ավարտեց դատաբժշկական փորձաքննության եզրակացության ընթերցումը։
Հրապարակված փորձաքննության հետ կապված տուժողի ներկայացուցիչը առարկություններ չուներ, իսկ Արթուր Զադոյանի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը դատարանին ներկայացրեց հրապարակված փորձաքննությունների եզրակացության հետ կապված միջնորդություն։ Պաշտպան Սիմոն Ամիրխանյանը հայտնեց, որ փորձաքննությունների եզրակացությունները կատարվել են միակողմանի և ոչ օբյեկտիվ։
Պաշտպան Ս. Ամիրխանյանը հայտնեց. «Ներկայացրած եզրակացությունը ևս մեկ անգամ վկայում է, որ կատարված համալիր քննություններն իրենցից ներկայացնում են միակողմանի քննություն, այն ոչ օբյեկտիվ է և սրա արդյունքը այս եզրակացությունն է: Ինչպես երևում է փորձագետի եզրակացությունից, վերջինս որպես ելակետային օջախ հիմք է ընդունել քննիչի կողմից նրանց տրամադրած, մասնավորապես, Կ. Կարապետյանի 2014 թ, փետրվարի 25-ի և մարտի 6-ի, վկաներ՝ Ռոբերտ Մովսիսյանի և Էդուարդ Թարվերդյանի ցուցմունքների լուսապատճեները»։
Այսինքն՝ փորձաքննության ժամանակ քննիչը դուրս գալով իր պաշտոնական լիազորություններից իրեն իրավունք է վերապահել փորձաքննությունը կատարելու համար փորձագետներին տրամադրել ոչ թե քրեական գործն իր ողջ ծավալով, այլ նրա կասեցումը վերսկսող գործի նախաքննության ժամանակ հատկապես իր կողմից վերցրած Կ. Կարապետյանի, Ռ. Մովսիսյանի, Էդուարդ Թարվերդյանի ուղղորդված ցուցմունքների լուսապատկերները և առանց վարանելու փորձագետներին խնդրում է պարզել, թե Ա. Զադոյանի հրազենային վնասվածքներն արդյոք կարող են առաջանալ Կ. Կարապետյանի նախորդ ցուցմունքում նշած հանգամանքնորից հետո։
Ա. Զադոյանը բազմիցս հարցաքննվել է։ Ինչպես երևաց փորձաքննության եզրակացությունից, քննիչը ձեռնպահ է մնացել փորձագետներին տրամադրել վկա Օ. Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները, քաջ գիտակցելով, որ եղել են հակասական ցուցմունքներ փորձի սկզբնական փուլում եղած ցուցմունքում, ինչպես նաև դատավարական երեք փաստաթղթեր՝ այդ թվում հանցագործության մասին հաղորդում, մատնանշել է, թե որ տեսակի զենքեր են ներկայացնել, սակայն արձանագրությունները կազմած չեն եղել։
Օ. Հովհաննիսյանը ճշմարտորեն նշել է, որ իրականում Ա. Զադոյանի վրա կրակել է Կ. Կարապետյանը և չի նշել, որ Ա. Զադոյանն իր գուլպայից հանել է ատրճանակը՝ այդ ընթացքում սպանության սպառնալիքներ հնչեցնելով։
Զարմանալի է, որ սկզբից մինչև վերջ դեպքի վայրում եղած վկայի ցուցմունքները քննիչը չի մատնանշում և չի տրամադրում փորձագետներին։
Հարց է ծագում՝ ինչո՞ւ է քննիչը վարվել այս կերպ։
Քննիչը փորձագետներին չի տրամադրել նաև Կ. Կարապետյանի առանձին և Ա. Զադոյանի առերեսման ցուցմուքները, որոնցում տուժողը նշում է, թե մեքենայի մեջ ինչ է տեղի ունեցել։
Քննիչը գիտակցաբար քրեական գործի նախաքննության փուլում ձևավորել է կանխակալ կարծիք, փորձագետներին պատվիրել է, որ փորձաքննության հիմք վերցնել միայն իր կողմից մատնանշած ցուցմունքները:
Ոչ լիարժեք տվյալներով կազմված եզրակացությունները, ինչպես և սպասվում էր, փորձագետները կազմել են չհիմնավորված, լղոզված և այլ չափանիշներով:
Փորձագետներն առանց որևէ հիմանավորման եզրակացրել են, որ «Զադոյանի մոտ հայտնաբերված կրծքավանդակի փակ բութ վնասվածքները 8-11 կողերի տեղաշարժված կոտրվածքների մասերի ձևով, և մյուս ստացած վնասվածքները նա կարող էր ստանալ ինչպես մեքենայի սրահում, ինչպես նաև ոտքերի, ձեռքերի, արմունկների շրջաններով անհայտ մարմնամասերով վնասվածքներ հասցնել, այնպես էլ այլ պայմաննում։ Թե որոնք են այլ պայմանները, այդ վնասվածքների առաջացման մեխանիզմները, փորձագետները միանշանակ չեն պարզաբանել, միգուցե այլ պայմաններ կամ այլ մեխանիզմներ նշելով նկատի ունեն ընկած տեղը մարդուն ոտքերով հարվածներ հասցնելը։ Ինչը սակայն եզրակացության մեջ չկա։ Ինչպե՞ս կարող էին փորձագետները նման հետևության հանգել, եթե ձեռքի տակ չեն ունեցել Կ. Կարապետյանին պատկանող մեքենայի սրահի չափերը, տուժողի և ամբաստանյալի մարմնի կազմության արտաքին տվյալները, նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, նրանց փոխադարձ դիրքը հարվածներ հասցնելու, հարվածներ ստանալու ժամանակ։
Նման հիմքով եզրակացությունը ընդհանրապես որպես ապացույց չի կարող հանդիսանալ։
Վերը նշված փաստարկները վկայում են այն մասին, որ փորձագետների այս եզրակացությունը հիմնավորված չէ, և այն կազմվել է պարզապես ենթադրություններով և ողջամիտ կասկած է հարուցում։ Այս առնչությամբ պաշպանության կողմը հանդես կգա համապատասխան միջնորդությամբ»,- եզրափակեց փաստաբանը, ասելով, որ հայտարարությունը կցվի գործին:
Ա. Զադոյանն էլ հայտարարեց, որ իր փաստաբանի միջնորդության հետ կապված կուզենար ուշադրություն հրավիրեր երկու փաստերի վրա. «Երբ պետք է լինում տուժողը Կ. Կարապետյանին 60 կգ-անոց են դարձնում, մեքենայի մեջ ձեռքերով և ոտքերով խփում են, ինչպե՞ս է հնարավոր, որ Կ. Կարապետյանի գլխի շրջանում ստացած վնասվածքից ոչ մի կաթիլ արյուն չի եղել իմ դեմքին, եթե հիմք են վերցնում, որ Կ. Կարապետյանը մեքենայում է ինձ հասցրել ձեռքերով և ոտքերով վնասվածքներ։ Ինչպե՞ս կարելի է հավատալ այս ամեն ինչին։
Երկրորդ՝ այսքան վնասվածքներ ստացած, հինգ կողերս կոտրված, ինչպե՞ս ես կարողացա Կ․ Կարապետյանի հետ գրկախառնված մեքենայից իջնել։ Ինչպե՞ս կարող էի կոտրված կողերով այնպես հարվածել Կ. Կարապետյանին, որ նա մի քանի մետր թռներ»։
Ա. Զադոյանը խնդրեց դատարանին, որպեսզի փորձագետները գան և դատարանում ցույց տան կատարվածը:
Մեղադրող Կարեն Բիշարյանը նշված միջնորդության հետ կապված մի անհեթեթ միտք արտահայտեց՝ ասելով, որ դատարանը պաշտպանական կողմին հնարավորություն տվեց հայտարարությամբ հանդես գալու, բայց առարկում է, որ այն կցվի գործին: Կ. Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանն էլ խնդրեց վերադարձնել հայտարարությունը:
Դատավորը արդարացիորեն հակադարձեց մեղադրողին, որ գործի օբյեկտիվ և բազմակողմանի քննության համար դատարանը չի կարող պաշտպանական կողմին զրկել ապացույցների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելու իրավունքից:
Զննվեցին նաև իրեղեն ապացույցները, հագուստները, որտեղ երկու կարևոր հանգամանքի հայտ եկավ: Դրանցից մեկը Օնիկ Հովհաննիսյանի ձեռքերի վրայից կրակոցի արգասիքների նմուշառման իրեղեն ապացույցն էր: Պաշտպանը հայտարարեց, որ այդ ապացույցը չի հետազոտվել: Դատավորն էլ հարցրեց մեղադրողին՝ դա մեղադրանքի մեջ արտացոլված չէ՞, մեղադրողը դա հաստատեց: Դատարանը նշեց, որ հետո կհետազոտվի:
Այս կարևոր ապացույցով կպարզվի՝ Օնիկ Հովհաննիսյանը օդ կրակե՞լ է, թե՞ ոչ: Եթե նրա ձեռքերի վրա կրակոցի արգասիքներ չհայտնաբերվեն, ապա կստացվի, որ 5 կրակոցն էլ արձակել է պատգամավորը, ինչը ոչ մի կերպ չի կարելի համարվել ինքնապաշտպանություն: Ընդհակառակը՝ նա պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից և պատժվի դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար:
Երկրորդ ուշագրավ հանգամանքն այն էր, որ Ա. Զադոյանի սվիտրի առաջամասում արյան հետքեր չկային: Դա նշանակում է, որ Կարոն մեքենայի մեջ չի հարվածել Ա. Զադոյանին, այլապես վերջինիս հագուստի առաջամասը արյունոտված կլիներ Կարոյի գլխից հոսող արյունից:Այսինքն հաստատվում է Զադոյանի ցուցմունքը, որ դրսում՝ ստացած վնասվածքներից հետո, երբ ինքը ընկած է եղել գետնին, պատգամավորը և նրա եղբայրն են ձեռքերով, ոտքերով հարվածել իրեն, ինչի հետևանքով էլ կողոսկրերի կոտրվածքներ ու սալջարդ վնասվածքներ է ստացել:
Մեղադրող կողմն առարկեց Օնիկ Հովհաննիսյանի կրակոցների արգասիքները հետազոտելու մասով: Կրոմվել Գրիգորյանը՝ ևս: Վերջինը նաև նշեց, որ այդ փաստաթղթերը կապ չունեն մեղադրանքի հետ, քանի որ Օնիկի վերաբերյալ քրգործ չկա:
Ս. Ամիրխանյանն էլ առարկեց՝ ինչպե՞ս կապ չունի, երբ Օնիկի ձեռքերից կրակոցների արգասիքների նմուշները վերցվել են չթի կտորով, բայց հետո դարձել են՝ մառլյա:
Դատարանն ամբողջությամբ բավարարեց միջնորդությունը:
Մեղադրող Բիշարյանը, երևի թե նեղսրտելով դատավորի կայացրած արդարացի որոշումից, վեր թռավ տեղից և ասաց՝ ի՞նչ իրավունքով: Ինչին ի պատասխան դատավորը զարմացած նայեց նրան: Բիշարյանը երևի մի պահ մոռացության էր մատնվել, չգիտակցելով, որ դատարանում դատավորն է որոշումներ կայացնում, ինչքան էլ, որ մեծ լինի ցանկությունն բավարարել Կ.Կարապետյանի, այսպես ասած, անհիմն պահանջները: Ինչևէ, դատավորն արդարացի որոշում կայացրեց և ամբողջությամբ բավարարեց միջնորդությունը:
Պաշտպանը նաև հրապարակեց հարցման մի պատասխան, ըստ որի սոցապ նախարարությունից տեղեկացրել են, որ փաստաբան Վահագն Բաբայանը /ով մեղադրանքի կողմի ՛՛կարևոր՛՛ վկաներ Ռոբերտ Մովսիսյանի և Էդուարդ Թարվերդյանի պաշտպանն է եղել գործի գլխիվայր շուռ տալուց հետո / 01.09.2007-ից մինչև 2014-ի մայիս ամիսը աշխատել է ՛՛Կրոմվել Գրիգորյան՛՛ ՍՊԸ փաստաբանական գրասենյակում: Պաշտպանը խնդրեց դատարանին՝ դա ևս կցել գործին: Մեղադրողն ու տուժողի ներկայացուցիչը խնդրեցին պատճառաբանել: Պաշտպանն էլ ասաց, որ միասին աշխատող երկու փաստաբանները տիրապետելով գործի ամբողջական տվյալներին՝ գործը տարել են Կ. Կարապետյանին ձեռնտու ուղղությամբ: Պաշտպանն այն կներկայացնի հաջորդ նիստին՝ պատճառաբանության հետ միասին:
Պաշտպանը մի կարևոր հայտարարություն էլ արեց. Ա. Զադոյանի և Էդ. Թարվերդյանի առերես հարցաքննությունից հետո, երբ Զադոյանն ու պաշտպանը հեռացել են ՀԿԳ քննիչ Մուրադյանի մոտից, Թարվերդյանի ցուցմունքը լրացվել է, ինչը վկայում է քննիչի կողմից պաշտոնեական կեղծիքի մասին, և այդ հիմքով ԱԱԾ-ում հարուցված քրգործ կա ու դեռ ավարտված չէ: Պաշտպանը խնդրեց այդ հայտարարությունը ևս կցել գործին, սակայն դատավորը նշեց, որ այդ գործով դատական ակտ չկա:
Սակայն դա շատ կարևոր հանգամանք է, քանի որ, եթե նույնիսկ չկա դատական ակտ, գոնե այս պահի դրությամբ կա մեղադրական կողմի համար ՛՛կարևոր՛՛ 2 վկաներից մեկի հարցաքննության անարժանահավատության հարց՝ չփարատված կասկած, որը վերը նշված հանգամանքների համակցությամբ միանշանակ խոսում է ամբաստանյալ ճանաչված Արթուր Զադոյանի արդարացման օգտին: Եթե մի քիչ էլ հետազոտվի ապացույցները, ապա կհաստատվի պատգամավորի մեղադրանքը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 18.052015-ին: Հուսանք, որ արդարությունը կհաղթի Յուվեցի Կարոյին: