Բարի օր 

Այսօր Հայ մեծանուն բանաստեղծ՝ Հովհաննես Շիրազի 101-ամյակն է

Ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես Գյումրեցիներն էին կոչում <<բոստանչի>> էր, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր, քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: Հինգ տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից:



Մանկության օրերն անցնում էին Ամերկոմի որբանոցում: Սակայն, մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և կուլայով ջուր է ծախում:



Իր մանկության օրերի մասին բանաստեղծը շատ բանաստեղծություններ է գրել, ինչպես` <<Հին մանկություն>>, <<Գտա>>, <<Իմ կուլայով այս պուճուր>>, << Վեց տարեկան մանուկ էի>>, <<Իմ ընկեր Լորիկը>> պոեմը և այլն..


1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը:


1932-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան նախ, որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո` ենթավարպետ և ջուլհակություն է սովորում:



1933-ին ուսուցչություն է անում Հաջինազար (այժմ` Ախուրյանի Կամո) գյուղում:



1935-ին լույս է տեսնում <<Գարնանամուտ>> խորագրով առաջին ժողովածուն, նույն տարում նաև <<Սիամանթո և Խաջեզարե>> պոեմը:



Բանաստեղծի Շիրազ գրական անունը մկրտել է մեծ թատերագիր ու վիպասան Ատրպետը, որ հիացմունքով գրել է. <<Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը>>:



1936-1941թթ սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտոտում, որն ավարտում է 1949 թ-ին:



Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով:



1975 թ-ին <<Համամարդկային>> բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկրի կոչման: Պարգևատրվել է <<Աշխատանքային կարմիր դրոշի>> երկու շքանշանով և <<Պատվո նշան>> շքանշանով:



2003 թ-ին, սեպտեմբերի 27-ին, իր հայրենի Գյումրիում բացվում է բանաստեղծի հուշաթանգարանը:



2005 թ-ը նշանավորվեց բանաստեղծի հիշատակը հավերժացնող իր մեծադիր երկու արձանների կերտմամբ Երևանում և Գյումրիում: Արձանների հեղինակը Շիրազի ավագ որդին է, հայտնի քանդակագործ Արա Շիրազը:



Հ.Գ.

Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝ 

Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, 

Արև աչքերի լույսն է նա թափել՝ 

Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին... 

Եվ հիմա քիչ է, թե աչքերս տամ, 

Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս, 

Ախ, մայր երգելուց ինչպե՞ս կշտանամ, 

Մայրս պատկերն է մայր հայրենիքիս։


Նույն շարքից