«ԱՍ» մրցանակաբաշխություն Անալիտիկ կենտրոն Իրավական Հասարակություն Հարցազրույց 

Արդարադատության ներկայիս վիճակը անհրաժեշտ մակարդակում չի գտնվում.Արսեն Մկրտչյան

Հաշվի առնելով արդարադատության ոլորտի կարևորությունը հասարակության կայուն զարգացման համար www.analitik.am-ը մշտապես հետաքրքրվում է արդարադատության ոլորտին առնչվող հարցերով, ինչպես նաև լուսաբանում է արդարադատություն-հասարակություն փոխհարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր տեսակի գործընթացներն ու հրապարակումները:








Ստորև ներկայացնում ենք    ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանի www.analitik.am կայքին տված հարցազրույցը:

 


-Շատ դեպքերում մարդիկ իրավական հարթությունում լուրջ խնդիրներ են ունենում, սակայն չեն ցանկանում դատարան դիմել, ըստ Ձեզ ինչո՞վ է դա պայմանավորված:

 

Այսպիսի դեպքերի պատճառը հանդիսանում է մի շարք գործոնների համակցությունը: Դրանց թվում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթի գործոններ։ Մասնավորապես՝ հայ հասարակության անցած պատմական ուղին` հատկապես արդարադատության համակարգի զարգացման համատեքստում, առանձին դեպքերում անձանց իրավագիտակցության մակարդակը, ձևավորված մշակույթը, արդարադատության տևողությունը և այլ գործոններ, ձևավորում են ազդեցություն՝ իրավունքի պաշտպանության ձևի ընտրության հարցում։ Ընդ որում, այդպիսի դեպքերը հավասարապես վերաբերելի են իրավունքների պաշտպանության ոչ միայն դատական ձևին, այլ նաև դրան այլընտրանք հանդիսացող այլ ձևերին:


-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արդարադատության համակարգի ներկայիս վիճակը և ի՞նչ բարեփոխումներ եք պատրաստվում իրականացնել՝ այդ թվում օրենսդրական հարթությունում:

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության համակարգում ծրագրված բարեփոխումներն արտացոլված են Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ծրագրում և ՀՀ կառավարության ծրագրում: 


ՀՀ կառավարության ծրագրի համաձայն նախատեսվում է` նպաստել դատարանների անկախությանը և ապահովել արդյունավետ գործունեության երաշխիքներ, նպաստել դատարանների բեռնաթափմանը և գործառութային մասնագիտացումը խորացնելուն, խթանել արբիտրաժային և միջնորդ-հաշտարարության մշակույթը, կրկնահանցագործությունը կրճատելու, հանցանք կատարած անձանց հոգեբանական աջակցման և սոցիալական ինտեգրումը խթանելու նպատակով ստեղծել պրոբացիոն ծառայություն և այլն:  Այս ծրագրերն  էական ազդեցություն կթողնեն արդարադատության արդյունավետությունը բարձրացնելու վրա։


Վկայակոչված ուղղությունները, ինչպես նաև դատաիրավական բարեփոխումների երրորդ փուլն ինքնին խոսուն հիմք են արձանագրելու, որ արդարադատության ներկայիս վիճակը անհրաժեշտ  մակարդակում չի գտնվում։ 

 


-Ինչպե՞ս եք գնահատում դատարան-հասարակություն փոխհարաբերությունները, ըստ Ձեզ ի՞նչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել հասարակության շրջանում դատարանի նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ

 

Ընդհանրապես Դատարան-Հասարակություն կապ ստեղծելու համար անհրաժեշտ է մի կողմից ձևավորել թափանցիկ և հանրությանը հաշվետու Դատական իշխանություն, մյուս կողմից՝ Դատարանի կամ Դատական իշխանության  վերաբերյալ համապատասխան հանրային ընկալում։ 


Հաշվետու դատարան ունենալու ուղղությամբ ՀՀ կառավարությունը հանդես է եկել և առկա ծրագրերի համաձայն՝ շարունակելու է հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, որպեսզի լրացվեն առկա բացերը: Սակայն պետք չէ մոռանալ, որ անհրաժեշտ է նաև հասարակությունում ձևավորվել այն ընկալումը, որ դատավորի անկախությունը  դատավորին տրված շնորհ չէ, այլ իր  իրավունքները պաշտպանելու համար Մարդուն շնորհված երաշխիք, և այդ իրավունքների պաշտպանությունը պետք է իրականացնել օրենքով նախատեսված եղանակներով։


Այս առումով կփորձենք իրականացնել հանրային իրազեկման աշխատանքներ, ինչպես հասարակական կազմակերպությունների, փաստաբանների,   այնպես էլ ԶԼՄ-ների օգնությամբ։

 

Ինչպե՞ս եք վերաբերվում երդվյալ ատենակալների ինստիտուտի գաղափարինարդյոք այդկերպ արդարադատությունն ավելի անաչառ և օբյեկտիվ չի լինիհնարավո՞ր էոր ՀՀ-ում էլ ներդրվի երդվյալ ատենակալների ինստիտուտը:

 

Երդվյալ ատենակալների ինստիտուտը անգլոսաքսոնական իրավական համակարգին պատկանող երկրներում արդյունավետ գործում է: Հայաստանում ներդնելու համար պետք է գնահատել այդ ինստիտուտի կիրառումը մեր երկրում, մեր հասարակությունում, մեր մշակույթում։ Մեր հասարակության վերաբերմունքն այդ ինստիտուտի նկատմամբ կարծես թե այդքան էլ բացասական չէ, քանի որ ինչպես տեսնում ենք ԶԼՄ-ների միջոցով անուղղակի հրապարակային դատավարություններ տեղի են ունենում: Նշված ինստիտուտը հնարավորություն է տալիս հասարակության անդամներին մասնակցել դատավարությանը և հայտնել իրավական ուժ ունեցող  կարծիք։ Առաջին հայացքից այդ ինստիտուտը ընկալվող է մեր հասարակության կողմից: 

 

 

-Հասարակություն-արդարադատության համակարգ փոխհարաբերությունների բարելավման, ինչպես նաև դատական համակարգի նկատմամբ քաղաքացիների ունեցած վստահության աստիճանը բարձրանելու նպատակով «Անալիտիկ» կենտրոնի կողմից կազմակերպվել է «ԱՍ արդարադատություն» մցանակաբաշխությունը, որտեղ ներկայացված են  արդարադատության ոլորտի ներկայացուցիչները, ինչպե՞ս եք վերաբերվում վերոնշյալ գաղափարին:

 

Դատավորը և դատավորի անկախությունն  իրավունքի գերակայության սկզբունքի ամրապնդման և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքն են: Ուստի դատավորների վերաբերյալ որևէ նախաձեռնություն իրականացնելիս անհրաժեշտ է ցուցաբերել անհրաժեշտ զգուշավորություն։ Ոչ օբյեկտիվ հիմքերով դատավորների հրապարակային դասակարգումը կամ դասակարգման հանրային ընկալում ձևավորելը, կարծում եմ, այդքան էլ արդարացված մոտեցում չէ, քանի որ Հանրային ընկալման առումով և օրենքով  «գործը քննող դատավոր» և  «դատարան» հասկացությունները նույնանում են:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից