Հասարակություն Հարցազրույց 

Քեսաբահայությունը ոչ մի օգնություն չի ստացել ՀՀ-ից

analitik.am

www.analitik.am-ը զրուցեց արմատներով  Քեսաբից  Հայ-արաբական իրավական խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանի հետ: Պարոն Մահշիկյանը բնակվում է Հալեպում և մշտական կապի մեջ է քեսաբահայերի հետ: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը.


Քեսաբում հայերը զոհեր ունե՞ն:

Ոչ, Քեսաբում զոհ չի եղել: Առաջին օրը զոհվել է միայն մի երիտասարդ, սակայն ոչ հայ: Հարձակումից անմիջապես հետո հայերը միանգամից կողմնորոշվեցին և գաղթեցին, որպեսզի պատանդներ չդառնան թուրքերի ձեռքում: Նրանք գաղթեցին Լաթաքիա, Լիբանան, Դամասկոս՝ մոտ 6800 բնակիչ կան Քեսաբում, որոնց 90%-ը հայ են:


Սիրիայի իշխանություններն ի՞նչ են անում Քեսաբի հարցը լուծելու համար:

Սիրիական բանակի առաջնահերթ խնդիրը Քեսաբի ազատագրումն է: Մարտերի սկզբնական շրջանում թվում էր, թե Սիրիայում հեղափոխություն է սկսվում, սակայն  Քեսաբի դեպքից հետո պարզ դարձավ, որ Սիրիայում տեղի ունեցող գործողությունները սիոնիստական դավադրության  շարունակությունն է: Սիոնիստները դեռ վաղում ցանկանում են գրավել Միջին Արևելքը, 1915թ.-ից նրանք ցանկանում են իրագործել այդ նախագիծը՝ օգտագործելով Թուրքիային, որը միշտ խաղալիք է եղել ավելի հզոր պետությունների ձեռքում: Արդյունքում տուժվեցին հայերը: Աշխարհի հարստությունները կենտրոնացած են Միջին Արևելքում, ուստիև զարմանալի չէ, որ սիոնիստները ցանկանում են գրավել հենց այն: Հայ-արաբական իրավական խորհուրդը մշտապես կապի մեջ է Սիրիայի իշխանավորների հետ, և վաղը ես հեռուստատեսությամբ ելույթի ժամանակ կոչ եմ անելու, որ Հայաստանը և Սիրիան, նաև Ռուսաստանը կարող է միանալ,  փոխպաշտպանության ռազմական դաշինք կնքեն:


Ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները Քեսաբի հարցը կարգավորելու համար:

ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ հայերը միայն Հայաստանը չէ, մենք աշխարհի 160 երկրներում հայեր ունենք, և եթե այսօր քեսաբահայությանն է սպառնում անվտանգության խնդիրը, ապա վաղը կարող է մյուսներին էլ սպառնալ: Իշխանությունները սուտ են խոսում: Ոչինչ չեն անում, մենք անգամ Սիրիայում ՀՀ դեսպանի հետ չենք կարողանում կապվել, զանգում ենք, չի ցանկանում խոսել մեզ հետ, իսկ դեսպանը պետություն է ներկայացնում, ուստի նրա վերաբերմունքից պարզ է, թե պետությունն ինչպես է վերաբերվում: Ես Քեսաբից եմ ծնունդով, այնտեղ են իմ հարազատները, ամբողջ օրը կապի մեջ ենք քեսաբցիների հետ, նրանց ոչ ոք մինչ օրս օգնություն չի տրամադրել: Սա նման է Հայաստանի երկրաշարժի դեպքին, երբ կուսակցությունները, կազմակերպությունները գումարներ հավաքեցին երկրաշարժից տուժածներին օգնելու համար, բայց իրականում դրանք մնացին հենց իրենց բյուջեում: Նույնն էլ հիմա է կատարվում: Ինչպե՞ս պետք է ՀՀ իշխանությունը օգնի Քեսաբին, եթե սեփական քաղաքացիներին չի կարողանում ապահովել, ովքեր ստիպված արտագաղթում են: Միայն սպունգներ են բերել, որոնց վրա մարդիկ եկեղեցու գետնին քնում են: Ուտելիքը տրամադրում է Միջազգային կարմիր խաչի կազմակերպությունը:


Ինչպես գիտենք ՀՀ-ից պատվիրակություն եկավ, արդյոք այն որևէ կերպ չօգնեց սիրիահայությանը:

Պատվիրակները եկան Քեսաբի գաղթականների հետ նկարվեցին, որ նրանց անվան տակ գումար մուրան: Մենք խեղճ ժողովուրդ չենք, մենք թուրքերի աչքերը կհանենք, պետք չէ մեզ, որ գան նկարեն գաղթականներին խեղճացնելու և նրանց միջոցով փող աշխատելու համար: Պատվիրակության մեջ պետք է զինվորականներ լինեին, մեզ վրա հարձակվել են, պետք է պաշտպանվել, այլ ոչ թե խեղճի կերպար ընդունել: Դեսպանատունն ամբողջ ընթացքում սուտ խոսեց, հանդիպում չկազմակերպեց մեզ հետ՝ հայ-արաբական իրավական խորհուրդը շուրջ 100 000 անդամ ունի և կապեր աշխարհի բազմաթիվ երկրների հետ: Սփյուռքի նախարարն ամեն օր ասում է, որ հետաքրքրվում է քեսաբահայությամբ, ոչ մի տեսակի օգնություն չի գնում Քեսաբ: Կապ են հաստատում Սփյուռքում անհայտ կազմակերպությունների հետ, և անհասկանալի է, թե ո՞ւր են գնում այդ գումարները: Ամեն դեպքում քեսաբահայությանը հաստատ չեն հասնում:  Այսօր գաղթական դարձած քեսաբահայերը կայացած մարդիկ են, ամոթ է նրանց գետնին թողնել և նրանց անվան տակ գումարներ հավաքել:


Ստացվում է, որ Հայաստանը ոչ մի կերպ չի՞ աջակցել քեսաբահայությանը:

Ժիրայր Լիպարիտյանը հայտարարեց, որ քեսաբահայությանը կարող են տեղափոխել Հայաստան կամ Ղարաբաղ: Կբացատրեք այդ քայլի տրամաբանությունը: Մարդիկ միլիարդներ արժեցող ունեցվածք ունեն Քեսաբում, թողնեն թուրքերի՞ն: Հայերն արդեն իսկ  անսահման գանձեր են թողել թուրքերին ժամանակին, նույն սխալի չի կարելի մի քանի անգամ կրկնել: Քեսաբից հեռանալը հարցի լուծում չի, դա ամենաթույլ որոշումը կլինի, իսկ մենք թույլ ազգ չենք: Հայաստանը, եթե ուզում է օգտակար լինի, ապա թող ազգային պաշտպանության համահայկական ծրագիր ստեղծի, այլ ոչ թե քեսաբահայությանը խեղճ ներկայացնելու միջոցով գումարներ հավաքի, որոնք պարզ չէ, թե ուր են գնում, քեսաբահայությանը հաստատ չեն հասնում: Թող քեսաբահայությանն ապահով տեղ տեղափոխեն՝ Լաթաքիայում, մինչև Քեսաբը ետ կվերձնենք, քանզի մենք էլ կամավորական խմբեր են ստեղծում:


Քեսաբում է կենտրոնացած հայկական հնագույն գրքերի գրադարանը, որը մշակութային լուրջ հարստություն է, մենք ունենք միլիարդներ արժեցող հարստություններ, ի՞նչ է լինելու դրանց հետ, հիմա դրանք թուրքերի ձեռքում են: Եթե զենք են գործածում մեր դեմ, ապա մենք էլ պետք է զենքով պաշտպանվենք: Այսօր մենք նոր ցեղասպանության շարունակությունն ենք ապրում, ուղղակի այլ ձևով: Հայ բնակչությունը թալանվեց, գաղթական դարձվեց Թուրքիայի վարձկանների կողմից, սա Սիիայի և հայության դեմ ուղղված ազգային հանցագործություն է: Հայաստանը պետք է ռազմական դաշինք կնքի՝ փոխպաշտպանության, այսինքն, եթե Հայաստանի վրա Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից հարձակում լինի Սիրիան հասնի օգնության և հակառակը:

«Անալիտիկ» կենտրոնը կապ կհաստատի բացված հիմնադրամների հետ՝ պարզելու համար, թե ի՞նչ են եղել հավաքված գումարները, եթե քեսաբահայությանը չեն տրամադրվել, ապա ու՞մ են տրամադրվել:

Նույն շարքից