Հայաստան Քաղաքական գլխավոր 

Կարող ենք պնդել, որ պետության պետական պարտքը գտնվում է կառավարելի մակարդակում. Գ․ Խաչատրյան

2014թ բյուջեի կատարողականի հաշվետվությանը ամփոփիչ ելույթ ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նա նշեց, թե տնտեսության բացասական միտումները  հիմնականում պայմանավորված են արտաքին գործոններով, սակայն կան խնդիրներ՝ պայմանավորված ներքին հարցերով:

«Այս քննարկումների ժամանակ պատգամավորների կողմից բարձրացված խնդիրները միջոցառումների ծրագրերում հետագայում անպայմանորեն հաշվի կառնվեն»,-ասաց նա:

Գագիկ Խաչատրյանը թվարկեց, թե որոնք են այն հիմնական գործոնները, որոնք տնտեսական զարգացման տեմպին խոչընդոտել են՝ արտաքին աճի զարգացման տեմպերի դանդաղում, փոխարժեքի արժեզրկում, ընդհանուր առմամբ և մասնավոր տրանսֆերտների, դրամական փոխանցումների կրճատում: Նախարարը նշեց, թե տրամաբանական հարց է առաջանում, թե այս փոփոխությունները միայն 2014 թ-ի վրա՞ դեր կունենան, թե հետագա տարիների համար ևս:

«Սա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք պլանավորել հետագա բոլոր ճյուղերի ազդեցությունները»,-ասաց նա:

Նախարարը տեղեկացրեց, որ տարեվերջին պատրաստ կլինի հարկային միասնական օրենսգիրքը, որը կայուն միջավայր կստեղծի երկար տարիների համար:

Նախարարը նշեց, որ երբ վերլուծություն են կատարում ՀՆԱ-հարկեր հարաբերակցության մասով՝ անջատելով ՀՆԱ-ի մեջ ոչ արտոնյալ ճյուղերը, ապա պարզ է դառնում, որ ՀՀ-ն մոտենում է Բելառուսի ցուցանիշին, մոտավորապես՝ 30%:

«Ամենակարևոր ցուցանիշը, որ ձեռք բերեցինք. Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ գործարար միջավայրը բարելավեցինք 70 կետով, արդեն վարչարարության գծով ամրապնդեցինք 41-րդ հորիզոնականը, որը տնտեսության աշխուժացման կարևոր ցուցանիշներից մեկն է»,-ասաց նա:

Ֆինանսների նախարարը նշեց, թե շատ են հարց տալիս, թե տնտեսական նվազող ցուցանիշների պարագայում բյուջետային մուտքերի ավելացումն ինչով է պայմանավորված:

«Շատ հաճախ խոսքը գնում է այսպես կոչված հարկային  բեռի մասին: Ես պետք է մեր գործընկերներին հիշատակեմ և հանգստացնեմ, որ մենք չունենք գերավճարների աճ, մեր գերավճարները միայն աճում են այնտեղ, որտեղ սահմանված են, և դրանք մեզ չեն անհանգստացնում: Բյուջետային մուտքերի ավելացման հետ կապված, խոսքը գնում է մեր կառավարության որդեգրված քաղաքականությանը, որ տնտեսության  ցուցանիշների աշխուժացմանը զուգահեռ՝ օրինականորեն պետք է բարձրացնենք հարկային կարգապահությունը»,-ասաց նա:

Գագիկ Խաչատրյանի խոսքով՝ հնարավոր է եղել հաշվետու տարում նախատեսված ծախսերն իրականացնել պարտքեր չգոյացնելով:

«Կարող ենք պնդել, որ պետության պետական պարտքը գտնվում է կառավարելի մակարդակում»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ պետական բյուջեի կատարման արդյունավետությունը բարձրացնելու համար միջոցներ են ձեռնարկվում և թվեց դրանք. «Առաջինը՝ հարկային  եկամուտների ծրագրերի կատարման միջոցով, երկրորդ՝ ծրագրային  բյուջետավորման միջոցով, աշխարհի լավագույն փորձի ներդրման, արդյունքում միայն ֆինանսական  ցուցանիշներից արդյունքային ցուցանիշներին անցում կատարելու, երրորդ՝ ծախսային  ծրագրերի արդյունավետության բարձրացման, չորրորդ՝ պակասորդի ֆինանսավորման նպատակով օգտագործվող  ֆինանսական գործիքների բազմազանեցմամբ և ինչպես նաև  բյուջետային ծախսի թափանցիկության բարձրացմամբ»:

Նախարարը նշեց, որ թեև բոլոր գերտեսչություների ջանքերի շնորհիվ հաջողվեց իրենց հիմնականում արտաքին գործներից ստեղծված վիճակը մեղմել, սակայն հավելեց, որ պետք է գնահատել, որ դա հնարավորությունն էր՝ հետևություն անելու և գնահատելու, որ մեր երկրի տնտեսությունն անընդունելի կախվածության մեջ է արտաքին գործոններից:

«Բնականաբար, ամենևին չնսեմացնելով ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների բազմազանեցման դերը, պետք է գիտակցել, որ գործընկերոջ  հետ հարաբերություներն ավելի սերտ կարող են լինել, բայց պետք է ջանքեր գործադրել՝ տնտեսությունը բոլոր իմաստներով դիվերսիֆիկացնելու, ինչը հնարավորություն կստեղծի արտաքին գործոնների նկատմամբ տնտեսության զգայնության աստիճանը նվազեցնել»,-ասաց նա:

Նա նաև հավելեց, թե ուղղակի ներդրումների չափը ՀՀ-ում դեռ մտահոգիչ է: «Ուստի պետք է բարելավվել բիզնես  միջավայրը, ինչը ենթադրում է ուղղակի ներդումներ հրավիրելու կարևորագույն նախապայմաններից մեկը»,-ասաց նա և հավելեց, որ արտահանման չափը ևս պետք է լինի ուշադրության կենտրոնում։

«Հավաստացինում եմ, որ այս խնդիրները գտնվում են կառավարութան ուշադրության կենտրոնում»,-նշեց նախարարը:

 

Նույն շարքից