Հասարակություն 

Ինչո՞ւ է Հայաստանում ինքնասպանությունների թիվն ավելացել

Բազմիցս փորձել եմ հասկանալ, թե ինչն է դրդում մարդկանց ինքնասպանության: Հաշվի առնելով այն, որ մարդ տեսակն ի տարբերություն այլ կենդանիների պետք է ավելի քաղաքակիրթ լիներ, ստեղծեր իր գոյություն համար պայմաններ, որոնք կբարելավեին իր վիճակը, մի տեսակ անհեթեթ է թվում ինքնասպանություն երևույթը: Սակայն, փաստերը վկայում են, որ անգամ ժողովրդավարական և տնտեսապես զարգացած երկրներում էլ մարդիկ ինքնասպան են լինում, քանզի ինչքան էլ փորձ արվի համոզելու, որ «ջունգլիների օրենքները» չեն գործում մարդ տեսակի համար, միևնույն է չի ստացվի: «Ջունգլիների օրենքները» այնքան ժամանակ են գործելու մարդային հասարակության մեջ, քանի դեռ մարդ տեսակը չի բավարարել իր չբավարարվող ախորժակը: Ժողովրդավարական երկրներում այս հարցը մասամբ լուծվել է օրենքի ուժով՝ արգելելով «գիշատիչ» մարդկանց վերջնականապես ոչնչացնել այսպես ասած «բուսակեր և կաթնասուն» տեսակի մարդկանց, քանզի վերջիններս մեղավոր չեն, որ չեն կարողանում ապրել «ջունգլիների օրենքներով» և փաստացի մարդկային ավելի բարձր արժեքների կրողներ են: Այս մարդիկ չեն ուզում գողանալ, սպանել, թալանել, ոչնչացնել հանուն թղթադրամի, ինչի պատճառով էլ թալանվում են, սպանվում և ոչնչացվում: Ժողովրդավարական երկրներում հասկացել են, որ եթե «գիշատիչ» մարդիկ միայն խրախուսվեն, ապա անխուսափելի է այն օրը, երբ այդ «գիշատիչները» կսկսեն միմյանց ոչնչացնել՝ արարելու փոխարեն ապականելով ամեն ինչ: Հարցին այլ կերպ են մոտենում ժողովրդավարությանն անցում կատարող երկրներում, որտեղ խրախուսվում են բացառապես «գիշատիչները»: Նրանք հասնում են իշխանության, քանդում, սպանում, ավերում, այնուհետև սկսում են միմյանց հոշոտել, ինչի արդյունքում էլ այդ «շքախմբի» մեջ չմտնող անձիք հայտնվում են ինքնասպանություն գործելու շեմին, քանզի նրանք զրկված են անգամ բարեկեցիկ կյանք ունենալու մասին երազանքներ փայփայելուց: Ինչպե՞ս նա հույսեր փայփայի վախի, թալանի, անօրինության, բռնության և ստորության մթնոլորտում, երբ տեսնում է, որ իր երեխան, ով իր տարիների ընթացքում կոպեկ-կոպեկ հավաքած փողի շնորհիվ գերազանցությամբ ավարտում է բուհը փաստորեն պիտանի է միայն բանվորության համար, որ իր հարևանը, ով տարիներ շարունակ քրտնաջան աշխատել է և հազիվ կարողացել է մի կրպակ բացել՝ իր ընտանիքը պահելու համար, մեկ օրում դուրս է շպրտվում շուկայական դաշտից, քանի որ չի համաձայնվել «խաղալ գիշատիչների օրենքներով»: 

Մարդն ինչքան էլ ուժեղ լինի, մի օր նյարդերը տեղի են տալիս՝ առավել ևս, որ վերլուծում է իր ճղճիմ գոյությունը՝ վարկեր, պարտքեր, անորոշ ապագայով երեխաներ, անհասկանալի օրենքներ, օրենքներ խախտող օրենք ընդունողներ, բացառապես սեփական գործերով զբաղված իշխանության անդամներ, պարտքերի մեջ թաղված և անորոշ ճակատագիր ունեցող պետություն... 

Այսքանից հետո իմաստ ունի՞ մտածել, թե ինչու են Հայաստանում վերջին շրջանում ավելացել ինքնասպանության դեպքերը: Իրավիճակը շտկելու համար նախ պետք է փոխվի «մեծամասնության» մտածելակերպը և մոտեցումները, քանզի բացառապես «գիշատիչ» տեսակի քարոզը և քաջալերումը կարող է հանգեցնել վերջնական կործանման:

 

Անի Հովհաննիսյան

 

Նույն շարքից