Հայաստան Քաղաքական Տնտեսություն 

Լավաշի գինը հնարավոր է բարձրանա, քանի որ այն թխվում է էլեկտրական սալիկների վրա․ սոցիոլոգ

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման թեմայով, մասնավորապես, թե այդ թանկացումն ինչ ազդեցություն կունենա գյուղացիական տնտեսության վրա, ասաց, թե անասնապահությունը էլեկրաէներգիայի մեծ պահանջ չի զգում. գյուղաբնակն էլեկտրաէներգիայի շատ կարիք չունի:

«Անասունը տուն է գալիս երեկոյան, առավոտյան գնում արոտավայր: Նույնը վերաբերում է նաև ոչխարաբուծությանը: Այլ բան է, որ հավաբուծության համար անհրաժեշտ է հոսանք»,-ասաց սոցիոլոգը՝ նշելով, որ կրճատվել են գյուղացիական տնտեսությունների քանակը. եթե 1994 թվականին 400 հազար ընտանիք հողատարածք են ստացել և զբաղվել հողագործությամբ, ապա այսօր  հողագործությամբ են զբաղվում մոտ 200 հազար ընտանիք:

Ըստ սոցիոլոգի՝ դրամական միջոցը գյուղի ամենաարժեքավոր բաներից մեկն է:  «Այն գյուղացին, որը սպառման ապրանք չունի, նա ունի սնվելու մի բան, բայց գումար չունի հոսանքի վճարներն անելու համար»,- ասաց բանախոսը: Հետևաբար, ըստ նրա, էլեկտրաէներգիայի թանկացմամբ ամենաուժեղ հարվածը կընկնի վերամշակող ընկերությունների վրա:

«Պետք է նկատենք, որ վերամշակող որոշ ընկերությունները աղմուկ են բարձրացնում նրա համար, որ մեր հաշվին հավելյալ եկամուտ ստանան: Գյուղական մթերքը պետք է մնա նույն գնին, քանի որ հոսանքի թանկացումն ուղիղ ազդեցություն չի ունենում գյուղմթերքի վրա: Վերամշակված ապրանքների գնի վրա տատանումներ կլինեն, բայց ոչ էական: Լավաշի գինն օրինակ, հնարավոր է բարձրանա, քանի որ այն թխվում է էլեկտրական սալիկների վրա»,- ասաց նա:

Ադիբեկյանի խոսքով՝ մեր խնդիրն այն է, որ մարդիկ արդարացի բարձրացնեն ապրանքների գինը, դրանից  խաբեբաները չօգտվեն և գերշահույթ ապահովեն:

Այդուհանդերձ, ըստ նրա, քանի որ սպառողների թվաքանակն իջնում է, սպառման ծավալները փոքրանում են, միակ բանը, որ մնում  է գյուղացուն, այն է, որ նա պետք է բարձրացնի իր մթերքի գինը:

Նույն շարքից