Հայաստան Քաղաքական գլխավոր 

Եվ Ադրբեջանը հուսով է, որ օգուտներ կքաղի այդ անհամապատասխանությունից․ ՄԽ նախկին համանախագահ

Շատ արդարացիորեն Հայաստանը ԼՂ հակամարտության գործընթացում պնդում է լիարժեք համապատասխանությանը այնպիսի միջազգային սկզբունքների, ինչպիսիք են ուժի գործոնի բացառումը, ժողովուրդների ինքնորոշումը և տարածքային ամբողջականությունը: Իսկ Ադրբեջանն ավելի շատ կենտրոնացած է միջազգային իրավունքի մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա:

Այս մասին ՆԱՏՕ-ի ԽՎ-ի՝ Երևանում անցկացվող 89-րդ Ռոուզ-Ռոթ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում թեմայով» սեմինարին հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը՝ հավելելով. «Բաքուն կենտրոնանում է միայն այդ մեկ սկզբունքի վրա»:

Ֆրանսիացի դիվանագետը հավելեց, որ 2014-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների հանդիպման ժամանակ կողմերն ընդունել են, որ Ադրբեջանին այս չկարգավորված կարգավիճակը ձեռնտու է, քանի որ, մեջբերում ենք՝ «Ադրբեջանի համար ժամանակի գործոնը նշանակում է, որ նրանք հուսով են, որ օգուտներ կքաղեն տարածաշրջանում ժողովրդագրական անհամապատասխանություններից»:

Ժակ Ֆորը մանրամասնեց. «Հայտնի է, որ Ադրբեջանը 9 միլիոն է, Հայաստանը 3 միլիոն, և այդ ժողովրդագրական անհամապատասխանությունն ավելի է աճում: Եվ Ադրբեջանը հուսով է, որ օգուտներ կքաղի այդ անհամապատասխանությունից»:

Ինչպես նաև, ըստ ֆրանսիացի նախկին համանախագահի, այդ երկիրը ցանկանում է օգուտ քաղել նավթային էներգետիկ ծրագրերի եկամուտներից, որոնք այս բոլոր տարիներին ուղղվում են սպառազինությունների ձեռք բերմանը:
 

Հակամարտության չկարգավորված լինելը արտակարգ և լիազոր դեսպանը բացատրում է մի շարք գործոններով, որոնցից մեկը կողմերի միջև վստահության պակասն է, մյուսը՝ երկրների ղեկավարների մոտ փոխզիջումների գնալու քաղաքական կամքի բացակայությունը:

Պատճառներից առաջինին մասին խոսելով՝ ֆրանսիացի նախկին համանախագահն ասաց.«Կողմերից յուրաքանչյուրը նշում է պայմանավորվածություններ, որոնք չեն պահպանվել, խոսում է թշնամական վերաբերմունքի մասին՝ մյուս կողմի կողմից,  չնայած նրան, որ միջնորդական գործընթացի հիմնական խնդիրներից մեկը դրանցից խուսափելն է: Եվ սա օգտագործվում է կողմի կողմից որպես արդարացում, թե ինչպես կարող եմ վստահել կողմին, եթե նրանք այսպիսի բան են անում կամ՝ ասում»:

Ժակ Ֆորը հայտարարեց, որ ակնհայտ է, որ ինչ-որ որոշակի պահի երկու կողմերն էլ պետք է ընդունեն գաղափարը, որ ինչ-որ որոշակի պահի պետք է հրաժարվեն ինչ-որ այլ բան ստանալու դիմաց:

Ըստ նրա՝ այս փոխզիջումների մթնոլորտը, ցավալիորեն, բացակայում է երկու կողմերի մոտ ու սեփական նկատառումները ներկայացրեց, թե ինչո՞ւ է այդպես. «Քաղաքական կամքի այս բացակայությունը երկու կողմերի համար, հիմնականում, ներքին քաղաքական գործընթացներն են, երկու պետությունների ղեկավարներն էլ վախենում են քննադատությունից, եթե բանակցությունների ընթացքում ինչ-որ քայլ ձեռնարկենք, որը կարող է երկրի ներսում դիտարկվել որպես անընդունելի զիջում։ Ահա,սա է նրանց հետ պահում»:

Նույն շարքից