Ժամանակակից պայմաններում աշխատանքային գործունեության մեջ կարևորվում են այդ գործունեությունն իրականացնող անձանց անհատական-հոգեբանական հատկանիշները: Ավելի խիստ պահանջներ են ներկայացվում կառավարչական գործունեություն իրականացնող անձանց: Կառավարչական գործունեությունը ենթադրում է մի շարք գործառույթների իրականացում` պլանավորում, կազմակերպում, մոտիվացիա, վերահսկողություն: Այս գործառույթների իրականացման ընթացքում ղեկավարը պետք է կայացնի ռացիոնալ կառավարչական որոշումներ, կազմակերպի ենթակաների գործունեությունը, կառավարի սեփական ժամանակը, առաջացած կոնֆլիկտները, հաղթահարի առաջացած սթրեսը: Կառավաչական գործունեությունը հանդիսանում է սթրեսային, քանի որ իրականացվում է սթրեսածին մի շարք գործոնների ազդեցությամբ.
- Ø տեղեկատվական ծանրաբեռնվածություն,
- Ø տեղեկատվական անորոշություն,
- Ø ժամանակի սղություն,
- Ø միջանձնային կոնֆլիկտներ,
- Ø աշխատանքային չնորմավորված օր,
- Ø ենթակաների և ղեկավարության կողմից մշտական ճնշում,
- Ø ռիսկի դիմելու անհրաժեշտություն,
- Ø մի քանի տարբեր մակարդակների խնդիրների միաժամանակյա լուծման անհրաժեշտություն:
Կապված այն հանգամանքի հետ, որ ղեկավարի գործունեությունն իրականացվում է սթրեսածին գործոնների առկայությամբ` ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջների մեջ հատկապես կարևորվում է ինքանկարգավորման հմտություննների առկայությունը:
<<Ինքնակարգավորումը մարդու ակտիվության ձև է, որն իրականացնում է անհատական հնարավորությունների մոբիլիզացում և զարգացում նրան ներկայացվող սոցիալական պահանջների հաջող իրագործման նպատակով:>>
Ինքնակարգավորումը դիտարկվում է նաև որպես սեփական հույզերի, զգացմունքների կառավարում, առանձին հոգեֆիզիոլոգիական գործառույթների, հոգեկան վիճակների նպատակաուղղված փոփոխում:
Գոյություն ունի ինքնակարգավորման հմտությունների զարգացման երկու միջոց: Առաջինը ենթադրում է պարբերաբար իրականացվող վարժություններ և մարզումներ գործողությունների վերաբերյալ հաջորդաբար տրվող ճշգրիտ հրահանգների միջոցով: Որքան շատ է մարդը կրկնում այդ վարժությունները, այնքան ամրապնդված և կատարյալ կլինի նրա հմտությունը: Երկրորդ միջոցը որոշակի վիճակին ինքնուրույն հասնելու ճանապարհը, սեփական տեխնիկան գտնելն է: Գտնելով այդ ճանապարհը և հասկանալով այդ տեխնիկայի գործունեության մեխանիզմը` կարելի է հեշտությամբ կատարելագործել ինքնուրույն մշակած տեխնիկան` հենվելով ներքին զգացումների վրա: Եթե հաջողվում է գտնել սեփական տեխնիկան և ներքին հենքը, ապա այդ հմտությունն ամրապնդվում է:
Ռելաքսացիան իրենից ներկայացնում է տարբեր խմբերի մկանների կամային թուլացման պարբերաբար իրականացվող վարժությունների ամբողջություն: Ռելաքսացիան թուլացնում է մարմնի լարվածությունը, պայքարում այն ֆիզիոլոգիական հետևանքների դեմ, որոնք սթրեսի առաջացման պատճառ են հանդիսանում: Մկանային խորը ռելաքսացիայի միջոցով կարելի է հաղթահարել դեպրեսիան, անհանգստության զգացումը, գլխացավը, մեջքի ցավը, իջեցնել արյան ճնշումը: Մկանային ռելաքսացիան նվազեցնում է սրտային հիվանդությունների առաջացման հավանականությունը և, ինչպես ցույց են տալիս մի շարք հետազոտություններ, դրական ազդեցություն է ունենում մարդու իմունային համակարգի վրա:
Նունե Արամյան