Բիզնես 

Հաջորդ տարվա բյուջեում հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշն անփոփոխ կմնա

Հայաստանի` 2015 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսված է, որ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճն ընթացիկ տարվա համեմատ կկազմի 4,1 տոկոս, դեֆլյատորի մեծությունը` 3.3 տոկոս: Այս մասին նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը` Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2015 թվականի պետբյուջի նախագծի ներկայացման ժամանակ: «ՀՀ կառավարությունը քննարկման է ներկայացրել 2015 թվականի պետական բյուջեի նախագիծը: 2015-ի պետական բյուջեի նախագծի հիմքում դրվել են Ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագիրը, 2014-2025 կառավարության երկարարաժամկետ ռազմավարությունը, ինչպես նաև 2015-2017 միջնաժամկետ ծախսային ծրագրի հիմնադրույթները»,-ասաց փոխնախարարը` ներկայացնելով մակրոտնտեսական ցուցանիշները:


«Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2015 թվականի վերջի դրությամբ կանխատեսվել է 4 միլիարդ 953 մլիոն դոլարի չափով, որի 83.4 տոկոսը բաժին է ընկնում արտաքին պարտքին, իսկ մնացած 15 տոկոսը` ներքին պարտքին: Մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա ձևավորվել են պետբյուջեի եկամուտները: 2015-ին նախագծվել է 1 տրիլիոն 184 միլիարդ դրամի չափով, որի 95.5 տոկոսը կազմելու են հակային եկամուտներն ու տուրքերը: Պետական բյուջեի եկամուտների մեջ հաշվարկված են նաև դրամաշնորհները, որոնք կազմում են ամբողջ եկամուտների 2.2 տոսոս, 2.3 տոկոսն էլ այլ եկամուտներն են»,- նշեց Պավել Սաֆարյանը` հավելելով, որ ՀՀ-ն շարունակելու է ստանալ դրամաշնորհներ: Եվրապական հարևանության շրջանակներում պետբյուջե է մտնելու 20 միլիոն եվրոյի չափով գումար, իսկ այլ դոնորներից` 37 միլիոն դոլարի չափով:


«Այս դրամաշնորհները նրանք են, որոնց համար համաձայնագրերը կնքված են կամ էլ կա վստահություն, որ կառավորությունն ստանալու է այդ դրամաշնորհները»,-ասաց նա:


Ֆինանսների փոխնախարարի խոսքով` պետական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը կանխատեսվել է 1 տրիլիոն 298 միլիարդ, իսկ այդ ծախսերի 90-92 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 8 տոկոսը` ոչ ֆինանսական ակտիվի գծով ծախսերին:


Պավել Սաֆարյանը նշեց նաև 2015 թվականի պետբյուջեի առանձնահատկությունները: «Առաջին առանձնահատկությունը բյուջեի նախագծում այն է, որ հարկեր, տուրքեր հարաբերակցությունը ՀՆԱ-ի հետ կազմում է 23. 4 տոկոս, ինչպես 2014-ին էր, այսինքն` հարաբերակցությունն անփոփոխ է: Պետբյուջեի երկրորդ առանձնահատկությունն էլ այն է, որ մեր բյուջեի մեջ ընթացիկ ծախսերն են գերակշռում: Ծախսերի մակարդակը ձևավորվել է` ելնելով այն գերակայություններից, որոնք արտացոլված են կառավարության ծրագրում, մակրոտնետեսական ցուցանիշներում: Ամենակարևոր խնդիրներից մեկն էլ այն է, որ թույլ չտրվի պետբյուջեի կատարման ընթացքում պարտքերի կուտակում, որը ֆինանսական կառավարման տեսանկյունից  ամենաբացասական գործողությունը կարող է դիտարկվել»,-նկատեց Պավել Սաֆարյանը:


Փոխնախարարը վերահաստատեց, որ այս տարվա բյուջեն իր բնույթով սոցիալական ուղղվածության է, քանի որ հիմնական գերակայությունը սոցիալական ոլորտի առանձին ճյուղերի զարգացումն է, որն էլ արտացոլված է պետբյուջեի ծախսային մասում:

Նույն շարքից