Հոգեբանի անկյուն 

Մարդկանց ղեկավարելը ձեզ գրավո՞ւմ է, իսկ գիտե՞ք դրա բացասական կողմերի մասին

Իսկ դուք գիտե՞ք, որ մարդկանց ղեկավարելը ունի  իր բացասական հետևանքները: Հետազոտությունները ցույց են տվել, որ ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք հակված են որոշակի հոգեմարմնական հիվանդություններով տառապելու վտանգին՝ այսինքն, ելնելով նրանց աշխատանքային գործունեության բնույթից և հոգեբանական առանձնահատկություններից, ղեկավար անձանց մոտ կարող են  առաջանալ որոշակի հոգեմարմնական հիվանդություններ, որոնցից խուսափելու համար ղեկավարը պետք է ժամանակ տրամադրի իր հանգստին և անընդհատ ինքնազարգացմամբ զբաղվի:


Սրտի կորոնար /իշեմիկ/ հիվանդություն -Հետազոտությունների տվյալներով արյունատար համակարգի հիվանդությունները ղեկավարների մոտ  20 տոկոսով ավելի հաճախ են հանդիպում, քան ամբողջ բնակչության շրջանում: Նրանցից կեսի մոտ զարգանում է սրտի իշեմիկ հիվանդություն, որը մեծամասամբ հանգեցնում է ինֆարկտի:


Սիրտ-անոթային հիվանդությունները ղեկավարների անարդյունավետության  հիմնական պատճառն են: Նրանց մոտ նախկինում ախտորոշվում էր զարկերակային բարձր ճնշում: Ինֆարկտը և հիպերտոնիկ հիվանդությունը 40-50 տարեկան ղեկավարի համար նույնպես հազվադեպ երևույթ չէ: Ընդ որում՝ ոչ միայն տղամարդ ղեկավարների , այլև կանանց: Երկարատև հոգեհուզական լարվածությունը, տեղեկատվական ծանրաբեռնվածությունը, սթրեսային իրավիճակները ղեկավարների մոտ սիրտ-անոթային խանգարումների առաջացման հիմնական պատճառներն  են:


Զարկերակային բարձր ճնշում (հիպերտոնիա)- Սրտի իշեմիկ հիվանդության  հետ սերտորեն կապված է նաև հիպերտոնիան, որը տղամարդ ղեկավարների մոտ ախտորոշվում է արդեն 40 տարեկանում: Ընդ որում՝ հիմնականում ինֆարկտից կամ հիպերտոնիկ ճգնաժամից հետո է դրսևորվում: Հիպերտոնիայի առաջացման մեջ առաջատար դեր ունի կենտրոնական նյարդային համակարգը: Այն կարելի է անվանել ղեկավարների հիվանդություն, որն առաջանում է նույն այն պատճառնրով, ինչ սրտի իշեմիկ հիվանդությունը:


Խրոնիկ հոգնածություն (’’մենեջերի համախտանիշ’’) - Չկանոնակարգված աշխատանքային օրը, մեծ պատասխանատվություն, բազմաթիվ խնդիրներ լուծելու անհրաժեշտություն, զուգահեռ առաջադրանքներ, լիարժեք հանգստի բացակայություն, անկանոն սնունդը և նստակյաց ապրելակերպը հանգեցնում են խրոնիկ հոգնածության կամ մենեջերի համախտանիշի: Մենեջերի համախտանիշի ցուցանիշներ են հանդիսանում հյուծվածությունը, աշխատունակության անկումը, ուշադրության կենտրոնացման և հիշողության վատացումը, մշտական հոգնածությունը, անտարբրությունը, քնկոտությունը օրվա ընթացքում և անքնություն գիշերը, անհիմն նյարդայնությունը, տագնապայնությունը, անհանգստությունը: Նշված ախտանիշները համարյա թե ամբողջովին համապատասխանում են մասնագիտական այրման համախտանիշի դրսևորումներին, ինչը թույլ է տալիս ասել, որ դրանք լրիվ կամ մասնակիորն նման են իրար կամ նույն երևույթն են բնութագրում , ուղղակի տարբեր անուններով: Եթե ոչինչ չձեռնարկվի, ապա դրանց կարող են ավելանալ իմունիտետի թուլացումը, նեվրոզները, հոգեսոմատիկ խանգարումները :


Գլխացավ- Ղեկավարների համար բնորոշ է այսպես կոչված լարվածության գլխացավը: Այն առաջանում է ի պատասխան հոգեսոցիալական սթրեսի, կարող է ուղեկցել դեպրեսիային, տագնապին: Այն կարող է նաև առաջանալ երկարատև մկանային լարվածության հետևանքով` վզի, ուսերի և աչքերի մկանների: Մկանների լարվածությունը առաջանում է երկար անշարժ դիրքից, կամ էլ որպես պաշտպանական ռեակցիա՝ հուզական լարվածությանը:

 


Հովսեփյան Սյուզաննա

Նույն շարքից