Բիզնես 

Մենք այնքան պաշարներ չունենք, որ կարողանանք բավարարել ցորենի ներքին պահանջները. Տնտեսագետ

Օրերս Ռուսաստանի հացահատիկի արտահանմամբ զբաղվող ընկերությունները դադարեցրեցին արտահանման նպատակով հացահատիկի գնումները: Հայաստանը միշտ էլ եղել է ռուսական ցորենի հիմնական գնորդներից մեկը, քանի որ մինչև արգելանքի կիրառումը հայաստանյան ներկրողները ցորենի մեծ մասը բերում էին Ռուսաստանից։ Ի՞նչ է լինելու այսուհետև: Ի՞նչ խնդիրների առջև կկանգնի Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանի կողմից տարվող նման քաղաքականության դեպքում: Կկարողանա՞ ն ինքնուրույն բավարարել հացահատիկի ներքին պահանջները: Ունի՞ արդյոք ցորենի անհրաժեշտ պաշարներ: Գնային ի՞նչ փոփոխության, ի վերջո, կենթարկվի հացահատիկի վաճառքի գինը:

 

Analitik.am-ը վերոնշյալ հարցերի շուրջ զրուցեց ոլորտին առնչվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

 

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ հացահատիկի հետ կապված ոլորտը խնդիրներ չի ունենա, մեր ներքին պաշարները բավարար են սեփական պահանջները բավարարելու համար. «Հանագիստ եղեք: Առաջիկա տասը տարիների ընթացքում մենք հացի խնդիր չենք ունենալու, դա բացառվում է… Մենք հաց մթերող ենք լինելու: Բացի այդ, եկեք չմոռանանք, որ հացահատիկից բացի, ավելի թանկարժեք մթերքներ ունենք` խաղող, կարտոֆիլ, բանջարեղեն, ծիրան, որոնք ավելի շահութաբեր են: Համենայնդեպս, կարծում եմ, որ այդ սահմնափակումը ազդեցություն չի ունենալու մեզ վրա, հատկապես, որ հունվարի 1-ից դաշինքի մեջ ենք լինելու»,-հույս հայտնեց պարոն Բերբերյանը: Նա նշեց, որ չպետք է հույսը միայն Ռուսաստանի վրա դնել, կա նաև Ղազախստանը, Ուկրաինան: «Եթե գյուղացին մշակի իր հողը` գյուղմթերքներից ավելի մեծ շահույթ կարող է ստանալ: Այդ դեպքում ոչ մի բանի խնդիր չի ունենա»,-հավաստիացրեց նա :

 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հարցի առնչությամբ ժամանակավրեպ գնահատականներ չուզեցավ տալ. «Կարծում եմ, հացի խնդիր առայժմ չենք ունենա, իսկ հետո` կերևա: Այս պահին չեմ կարող հստակ պատասխանել, իսկ կանխատեսումները մեր գործը չէ»:

 

Գյուղատնտեսության ոլորտում հացահատիկի սահմանափակումը, ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, կթողնի իր զգալի բացասական հետևանքները: «Մենք անպայման պրոբլեմ կունենանք, քանի որ մեր գյուղատնտեսությունը չունի այնքան պաշարներ, որ կարողանա բավարարել իր ներքին պահանջները: Մենք հացահատիկի ինքնաբավ, մեծ պաշարներ ունեցել ենք միայն 1957-58թթ., բայց էլի այնքան չի եղել, որքան անհրաժեշտ էր, ուր մնաց այսօր: Նաև կբարձրանա ցորենի գինը: Թեև 2015-ի հունվարի 1-ից անդամակցելու ենք ԵՏՄ-ին, սակայն, այս մասով խնդիրներ, կարծում եմ, կունենանք»,-նկատեց տնտեսագետը:

 

Analitik.am-ը խնդրի առնչությամբ պարզաբանում ստացավ նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից: Ռուսաստանը սահմանափակումներ չի մտցրել, Ռուսաստանը հացահատիկի արտահանման մաքսատուրքեր է մտցրել, որը չի անդրադառնում ԵՏՄ-ին անդամակցող երկրների, այդ թվում Հայաստանի վրա: Մենք առանց մաքսավճարի ենք ներկրելու հացահատիկը»,-պատասխանեց գյուղնախարարը` հավելելով, որ Հայաստանն ամեն տարի Ռուսաստանից ներկրում է 300-330 հազար տոննա ցորեն:

 

Հ.Գ. Թեև Սերգո Կարապետյանը վստահեցնում է, թե Ռուսաստանի կողմից սահմանափակումներ չկան և խնդիրը մաքսատուրքերի հետ է կապված, սակայն, հիշեցնենք, որ օրերս «Ռուսական երկաթուղիներ»-ը դադարեցրել է հացահատիկի տեղափոխումը բոլոր ուղղություններով: Այդ մասին նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությունում: Հիմա ո՞ւմ հավատանք:

 

 

Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից